Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 01,2000 00:00

«ԻՆՉՊԵ՞Ս ԵՔ ՔՆՈՒՄ ՊՐՆ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ Թեեւ շատ ինտելիգենտ ու բարետես եք» Պատգամավորներ-կառավարություն երեկվա հարցուպատասխանի ժամանակ Ռուբեն Հայրապետյանի կրքոտությամբ եւ բառապաշարով իր հարցը ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանին այսպես ուղղեց պատգամավոր Մանուկ Գասպարյանը. «Շնորհավորում եմ պրն վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նշանակման համար։ Վերջացավ 2000 թ.-ի մայիս ամիսը, մեր ֆինանսների նախարարությունը դեռ աշխատում է 99 թ.-ի հոկտեմբեր ամսում։ Հոկտեմբերի տեսքով բյուջետային հիմնարկները, թոշակառուները աշխատավարձ եւ կենսաթոշակային նպաստ չեն ստացել։ Յուրաքանչյուր հարցուպատասխանի օր պրն Բարխուդարյանն ազգաբնակչությանը կերակրում է խոստումներով, ամեն անգամ ամբիոն բարձրանալիս՝ ասում է՝ առաջիկա ամսում մեկ ամսվա պարտքը կմարեմ, եւ զբաղվում է ինքնախաբեությամբ։ (…) Պրն Բարխուդարյանը պարտք է բոլորին»։ Պրն Բարխուդարյանը մի քանի ցուցումներ ստանալով վարչապետ Անդրանիկ Մարգարյանից, ամբիոն բարձրացավ. «Պրն Գասպարյան, պրն Բարխուդարյանը ոչ մեկին անձնապես ոչ մի գումար պարտք չէ։ Խոսքը գնում է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության մասին»։ Այսպես սկսեց թվարկել, թե որ ոլորտի աշխատակիցները երբ են վերջին անգամ աշխատավարձ ստացել։ Սակայն Մանուկ Գասպարյանը ոչ մի պարագայում խաղաղվել չէր ցանկանում. «Ոնց տեսնում եմ, շատ ինտելիգենտ եւ բարետես անձնավորություն եք։ Ձեր անձի նկատմամբ ոչինչ չունեմ։ Դուք ձեր աշխատանքի ոճից ինքներդ գո՞հ եք արդյոք եւ գիշերները հանգիստ ե՞ք քնում՝ բազմամիլիարդ պարտքերը ձեր վրա հավաքած։ Կառավարություններից յոթում դուք աշխատել եք։ Չեք հոգնե՞լ։ Արիություն ունեցեք՝ դիմումով հեռացեք։ Ինչ-որ վարչապետներն ու նախագահը ձեզ չեն կարողանում ազատել, մենք գիտենք՝ ինչ պատճառներով, որովհետեւ տրանշներ չեն ստանա։ Այսքանը»։ Պրն Բարխուդարյանը «չկամեցավ իջնել այդ մակարդակին»։ «Ուզում եմ հստակ ասել, որ երբեք իմ պաշտոնից չեմ կառչել եւ արիություն ունեմ դիմումով դուրս գալու»։ Երեկ ԱԺ-ում իշխում էր միմյանց վարկաբեկելու եւ անդուր խոսքեր ասելու մթնոլորտը։ Լ. Ա. «ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ» ՏԱՐԱՆՋԱՏՎՈՒՄ Է «Միասնություն» դաշինքը վերջնականապես անորոշության մատնելու, խորհրդարանի վերջնական դիրքորոշումը պարզելու եւ իրեն հայտնի այլ նպատակներին երեկ որոշ պատգամավորներ վերագրեցին այն, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վետո է դրել եւ ԱԺ վերադարձրել ոչ թե բաշխիչ ցանցերը սեփականաշնորհման ցուցակից հանելու օրենքի նախագիծը, այլ սոցիալապես անապահով կոնկրետ խավերին էլեկտրատրանսպորտից անվճար օգտվելու իրավունք տալու օրենքի նախագիծը։ Ի դեպ, այս նախագծի հեղինակը ՀԺԿ անդամ, ԱԺ սոցիալական հանձնաժողովի փոխնախագահ Արամայիս Բարսեղյանն է։ Ըստ նույն հանձնաժողովի նախագահ, Հայկոմկուսի անդամ Գագիկ Թադեւոսյանի՝ «Լոբբինգը շատ խիստ գնաց էս երկու օրը։ Հասկանալի է։ Շա՜տ խիստ գնաց։ Եվ ես զարմանում եմ, որ ՀԺԿ-ի անդամներն են շատ հակասական ելույթներ ունենում։ Էնպես որ, շատ լավ էսօր պարզվեց բոլորի դիմակը»։ Քվեարկությանը հինգ րոպե էր մնացել, եւ, ինչպես սպասվում էր, այն տեղի չունեցավ. ժամանակը չներեց։ Կմերժի՞ նախագահի վետոն խորհրդարանը, թե՞ ոչ, կպարզվի քվեարկությունից։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել