Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 06,2000 00:00

ԱՐԴՅՈՔ ՍԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃՆՇՈՒՄ ՉԷ՞ Հարցազրույց ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի հետ – Պրն Գեւորգյան, վերջին օրերին լուրեր են պտտվում, որ ձեր դեմ մեծածավալ ստուգումներ են սկսվել եւ, որ խուզարկվել է նաեւ ձեր բնակարանը։ – Այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում։ Լուրեր տարածողները պետք է իմանան, որ ես պատգամավոր եմ, իսկ պատգամավորի բնակարանը խուզարկության ենթակա չէ մինչեւ լուրջ փաստեր չլինեն։ Դա անհեթեթություն է, չար լեզուներն են ասում։ Ուրիշ բան, որ ստուգումներ, իրոք, կան, ստուգումներ, իրոք, կատարվում են։ Երեւի որոշ բարձրաստիճան այրեր ուզում են ինձ ինչ-որ գործարքների հետ կապել։ – Դուք ինչո՞վ եք բացատրում այս ամենը, եւ ձեր կարծիքով, ո՞վ է կանգնած դրա ետեւում։ – Սա ճնշում է իմ նկատմամբ։ Աստծուն փառք, իմ մեկ տարվա պատգամավորական գործունեությունը բոլորի աչքի առաջ է։ Գաղտնիք չէ, որ ես ակտիվ պատգամավոր եմ եւ ազնիվ։ Բոլոր այս ճնշումներն ուղղված են ազնվության դեմ, նպատակ ունեն խոչընդոտել ազնվությանը։ – Դուք ասում եք, թե այս ամենի մեջ ճնշում եք տեսնում։ Արդյոք նկատի ունե՞ք ձեր վերջին շրջանի հականախագահական ելույթները եւ այն, որ մի քանի համակիրների հետ առանձնացաք «Միասնություն» դաշինքից եւ ստեղծեցիք առանձին պատգամավորական խումբ։ – Իմ հականախագահական ելույթները երբեւէ Ռոբերտ Քոչարյանի անձին ուղղված չեն եղել։ Բնականաբար, եթե խոսում ենք հոկտեմբերի 27-ի մասին, ես մեղադրել եմ նախագահին։ Սակայն նախագահը մեղադրվում է որպես տվյալ ժամանակի նախագահ եւ տվյալ ժամանակ տեղի ունեցած ոճրագործության համար։ Մենք բոլորս՝ որպես այդ ոճրագործության ժամանակակիցներ, նույնպես պատմության առաջ պատասխան ենք տալու։ Ամենամեծ մեղադրանքը ՀՀ նախագահինն է, որովհետեւ իր օրոք է տեղի ունեցել այս ոճրագործությունը, եւ ո՛չ թե այն իմաստով, թե ինքն է կատարել ոճիրը, ո՛չ։ Բայց ես չեմ խուսափում իմ ասածից եւ չեմ էլ ենթադրում, որ իմ դեմ հալածանքները գալիս են նախագահից։ Բոլորովին։ Նախագահը այդքան մանր մարդ չէ։ Նախագահը եւ նախագահի նման մարդիկ ուժեղ մարդիկ են, եւ անկախ նրանից՝ նրանց ուժը բացասական է ընկալվում, թե դրական, համենայնդեպս, ուժեղությունը երբեք մարդուն թույլ չի տա միջին կարգի հալածանքների դիմել։ Դա, ես ավելի շատ կվերագրեմ վերջին քաղաքական իրադարձություններին։ – Նկատի ունեք կառավարությունում տեղի ունեցած փոփոխություննե՞րը։ – Ինչո՞ւ կառավարության։ Մենք՝ 12 պատգամավորներս, դաշինքից անջատվեցինք։ Ձեզ ի՞նչ է թվում, մեր ստեղծած նոր պատգամավորական խումբը արդյոք բացասական ազդեցություն չի՞ թողնում հենց «Միասնություն» դաշինքի վրա։ Համենայնդեպս, մենք, դաշինքից անջատվելով, ցանկացանք ինքնամաքրվել, որովհետեւ այս 6-7 ամիսների ընթացքում դաշինքը չկարողացավ ինքն իրեն ինչպես հարկն է դրսեւորել, տեր կանգնել հոկտեմբերի 27-ի ոճրագործության ժամանակ ոտնահարված իր արժանապատվությանը։ – Բայց, կարծեք թե, ձեր համախոհ մյուսների նկատմամբ առայժմ նման ճնշումներ չեն իրականացվում, գուցե դրանք պարզապես դեռ չե՞ն սկսվել։ – Ես չէի ասի, որ չեն սկսվել։ Ամեն մեկին էլ մի ձեւով նեղացնում են։ Այսօրվա դրությամբ գործադիր իշխանությունն այնպես է ձեւավորված, որ անհնարին է ուզենալ ու չկարողանալ վրեժխնդիր լինել ում հանդեպ որ մտքներով անցնի։ – Սակայն նման ստուգումներ սկսվեցին նաեւ ուղիղ մեկ տարի առաջ, երբ դուք ԱԺ պատգամավորի թեկնածու էիք։ Այն ժամանակ նույնպես ձեզ ստուգում էին։ – Այո, մեկ տարի առաջ, երբ ես դեռեւս Դավթաշենի համայնքապետն էի եւ ԱԺ պատգամավորության թեկնածու, երեք ամիս շարունակ դատախազության կողմից ենթարկվել եմ ստուգումների։ Եվ ինչպես միշտ հաղթել է մաքրությունը եւ ազնվությունը։ Պարզապես նման ստուգումները խաթարում են իմ մարդկային եւ ընտանեկան մթնոլորտը, խաթարում են պատգամավորական աշխատանքային ռիթմը։ Հարցազրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930