Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 06,2000 00:00

ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ ՆԱԻՐԻ ԲԱԴԱԼՅԱՆԸ Շաբաթ օրը, հունիսի 3-ին, ՆԳՆ Նուբարաշենի թիվ 1 քննչական մեկուսարանից ազատ է արձակվել հոկտեմբերի 27-ի գործով ձերբակալված, «Լոգոս» հետազոտական-վերլուծական կենտրոնի տնօրեն Նաիրի Բադալյանը։ Նշենք, որ ի տարբերություն նույն գործով ձերբակալված Հարություն Հարությունյանի եւ Մուշեղ Մովսիսյանի, որոնց խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ որոշումը կայացվել է նրանց ազատ արձակելուց օրեր առաջ՝ Նաիրի Բադալյանի խափանման միջոցի փոփոխությունը կատարվել է հենց նրան ազատ արձակելու օրը՝ հունիսի 3-ին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործը դեռեւս նախաքննության ընթացքում է, եւ դատարանն է տալու բոլոր հարցերի պատասխանը, ինչպես նաեւ նախաքննության գաղտնիությունը պահպանելու ու նախաքննությանը չխոչընդոտելու նպատակով՝ Նաիրի Բադալյանը ձեռնպահ մնաց քննության հետ կապված մանրամասները հրապարակելուց։ «Պարզապես անձնական կարծիքս հայտնելով ուզում եմ ասել, որ հոկտեմբերի 27-ին կատարվածը համարում եմ հայերի ձեռքով հայության դեմ կատարված ամենամեծ ոճրագործությունը, որը Հայաստան պետության զարգացումը հետ շպրտեց առնվազն 10-15 տարով։ Իսկ սպանված գործիչներից Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանն, ըստ իս, ազգի առջեւ մեծագույն ծառայություններ ունեցող անհատներ էին»,- նշեց Նաիրի Բադալյանը։ Նշենք, որ մեր գործընկեր Նաիրի Բադալյանն այս գործով մեղադրվող միակ մարդն էր, որին եթերաժամեր չհատկացվեցին ու ի պաշտպանություն նրա որեւէ ակցիա տեղի չունեցավ։ Ուրախ ենք, որ այս անգամ արդարության նժարը թեքվեց 4-րդ իշխանության կողմը։ Լ. Մ. ԱՅ, ԱՅ, ԱՅ, ԾԵԾԵԼ ԵՆ ՆԱԽԱՐԱՐԻ կամ հովանավորին «քցեցին» Հավաստի աղբյուրից տեղեկացանք, որ անցած ուրբաթ օրը կրթության եւ գիտության նախարարի ընդունարանում փոքրիկ ձեռնամարտ է տեղի ունեցել նախարար Էդվարդ Ղազարյանի եւ հայտնի գործարար Փայլակ Հայրապետյանի («Հայաստան» տոնավաճառի տնօրեն) միջեւ։ Ինչպես հայտնի է, դպրոցների մեդալակիրներին 1994 թվականից ֆինանսական միջոցների պատճառով մեդալներ չեն տրվել։ Իսկ Փայլակ Հայրապետյանն այս տարի հանդես էր եկել ազգանվեր առաքելությամբ՝ իր վրա վերցնելով այս 6 տարիների մեդալների թողարկման ծախսերը։ Փայլակ Հայրապետյանին բարկացրել է այն հանգամանքը, որ 8 հազար ամերիկյան դոլարի չափով հովանավորություն կատարելուց հետո, այս տարվա մեդալի թեկնածու իր թոռնիկին (թե՞ տղային) «5» չեն նշանակել։ Ընդ որում, նույն աղբյուրի պնդմամբ, նախարար Էդվարդ Ղազարյանը Ստեփան Դեմիրճյանի կնոջը հավաստիացրել է, որ Փայլակի թոռան (թե՞ տղայի) եւ ցուցակում ներկայացված մյուս մեդալի թեկնածուների «5»-երը ապահովված են։ ՄԱՀԱՊԱՏԻԺԸ՝ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՕՋԱԽՆԵՐՈՒՄ «Մեկ կալանավոր, եթե սպանում էր երեք կալանավորի, այդ անձնավորությանը չէին տալիս մահապատիժ։ Տալիս էին 3-5 տարի ազատազրկում։ Իսկ եթե նույն արարքը կատարվեր այսպես. կալանավորը սպաներ մեկ հսկիչի կամ նույնիսկ նրան մարմնական վնասվածք հասցներ, ապա պարտադիր նրան մահապատժի էին ենթարկում կամ սպանում նախքան դատարան հասնելը»։ «ԷՅՐԲԱՍ Ա-310»-Ը ԲՈՒԺՎԵԼ Է Ինչպես հայտնի է, փետրվարի 23-ից «Էյրբաս Ա-310» ինքնաթիռի շարժիչը խափանվել էր եւ ուղարկվել Բրյուսել՝ «բուժման»։ Հայկական ավիաուղիների տեղեկատվական կենտրոնից տեղեկացանք, որ մայիսի 26-ին կատարված ստուգարքային թռիչքից հետո «Էյրբաս Ա-310»-ով կատարվում են ըստ չվացուցակի «իրեն վերապահված» չվերթերը։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել