Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 06,2000 00:00

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԷԼԻՏԱՆ ԼՌՈՒՄ Է Անցած 6-7 ամիսների ընթացքում հոկտեմբերի 27-ի ֆոնի վրա խորանում էր ներիշխանական ճգնաժամն ու ծայրաստիճան լարվածություն ստեղծվում իշխանության երկու՝ նախագահական եւ վարչապետական, թեւերի միջեւ։ Ըստ գործը վարող նախաքննական մարմնի՝ ստացվում էր, որ 27-ի ահաբեկչության թելերն անուղղակիորեն հասնում էին մինչեւ նախագահական նստավայր։ Այս էին ապացուցում Ալեքսան Հարությունյանի կալանավորումն ու Սերժ Սարգսյանի հասցեին հնչող մեղադրանքները։ Բանը հասավ այնտեղ, որ իշխանության հակադիր կողմերը միմյանց բացահայտ մեղադրեցին 27-ի նախաքննությունը մի կողմից նպատակաուղղելու, մյուս կողմից՝ գործի բացահայտմանը խոչընդոտելու մեջ։ Սակայն իշխանության նախագահական թեւի ջախջախիչ հաղթանակից հետո չափազանց կարճ ժամանակ պահանջվեց նախաքննական մարմնի մի քանի ամիսների աշխատանքը հողին հավասարեցնելու համար։ Մեկը մյուսի հետեւից մեկուսարաններից ազատ արձակվեցին 27-ի գործով մեղադրյալներ Ալ. Հարությունյանը, Հարություն Հարությունյանը, Մուշեղ Մովսիսյանը եւ, անցյալ շաբաթ օրը, նաեւ, Նաիրի Բադալյանը։ Վերջին երեքի խափանման միջոցը փոխվեց, սակայն ամենեւին էլ անսպասելի չի լինի, եթե նրանց մասով գործը կարճվի այնպես, ինչպես դա եղավ Ալ. Հարությունյանի դեպքում՝ հանցակազմի բացակայություն։ Ներքաղաքական իրավիճակի փոփոխության պայմաններում որեւէ քաղաքական ուժ թերեւս ժամանակավրեպ համարեց անդրադառնալ այս փաստին։ Ոչ ոք զինդատախազ Գ. Ջհանգիրյանից պատասխան չպահանջեց։ «Կներեք, հա, կներեք»,- այս էր նրա արձագանքը պարզաբանումներ տալու մեր խնդրանքին։ Մոռացվեց նաեւ, որ ժամանակին մի տեսաժապավեն կար, որտեղ 27-ի գործով մինչեւ վերջերս մեղադրվող Ալ. Հարությունյանն իբր հարբած վիճակում հայտնվել էր ՊՆ-ում եւ ինչ-ինչ անուններ էր տվել, որոնք իբր առնչվել են 27-ի ահաբեկչության հետ։ Հիշյալ տեսաժապավենի գոյության մասին անգամ մամուլը գրեց, եւ ոչ ոք չհերքեց այդ տեղեկությունը։ Երբ փորձեցինք հիշել տեսաժապավենի մասին, այդ գիշեր ՊՆ-ում եղած մի գործիչ փաստեց, թե ժապավենը տեսել են ընդամենը մի քանի հոգի, այդ թվում՝ գեներալ Մանվելը եւ Վահան Շիրխանյանը։ Բայց տեսաժապավենը, ասում են, ի վերջո, ի պահ է տրվել զինդատախազ Գ. Ջհանգիրյանին։ Ասել է թե, տեսաժապավենն այլեւս ջրի երես դուրս չի գա ոչ նախաքննության, ոչ էլ, առավել եւս, դատաքննության ընթացքում։ Իսկ թե Ալ. Հարությունյանն այնտեղ ում անունն է տվել եւ ինչեր է ասել, որից այդքան ցնցված էր ԶՈՒ հրամկազմը՝ անհայտ է մնում։ Փոխարենը կարելի է պնդել, որ հոկտեմբերի 27-ի գործը փակուղի է մտել։ Բացառությամբ մեկ-երկու ոստիկանների, մյուս բոլոր մեղադրյալների ազատ արձակումից հետո կատարվածի համար ռեալ մեղադրվում են կոնկրետ 5 հոգի։ Իսկ թե ովքեր են կանգնած եղել վերջիններիս թիկունքին՝ քննչական խումբը դեռ պետք է պարզի եւ սկսի 0-ից, եթե նման հրահանգ, իհարկե, լինի։ Պարզ է, որ սա էլ հերթական կոնյունկտուրային լուծում կլինի։ Փոխարենը՝ տարակուսանքի մեջ է հայտնվել ողջ ժողովուրդը, վստահ ենք նաեւ՝ 27-ի զոհերի հարազատները։ Իսկ քաղաքական էլիտան լռում է։ Ստացվում է, որ Գ. Ջհանգիրյանի գլխավորած նախաքննական մարմինն ամիսներ շարունակ աչքակապությամբ ու քաղաքական հետապնդումներով էր զբաղված։ Կամ խումբը հիմա է հարմարվում կոնյունկտուրային եւ անում է այն, ինչ հարմար է Ռ. Քոչարյանի քիմքին։ Ի վերջո, Ջհանգիրյանը պետք է պատասխան տա. կամ նա հասարակությանն ու զոհերի հարազատներին ապակողմնորոշել է մի քանի ամիս առաջ, կամ՝ հիմա։ Եթե, օրինակ, Ալ. Հարությունյանը մեղավոր չէր, ուրեմն ո՞վ է հատուցելու նրա կրած բարոյական եւ նյութական վնասները կալանքում եղած 5 ամիսների համար։ Գուցե Ջհանգիրյանն ի՞նքը կամ գուցե 27-ի զոհը դարձածների հարազատնե՞րը։ Ամեն դեպքում, նախաքննական մարմնի նկատմամբ վստահության լիմիտն այլեւս սպառվել է։ Զինդատախազին մնում է միայն հրաժարական տալ գործը տապալելու կամ նվազագույնը՝ պատիվը փրկելու համար: Նա պարտավոր է ազատել եւ պատասխանատվության ենթարկել քննչական խմբի անդամների զգալի մասին։ Առայժմ սակայն պրն Ջհանգիրյանը չի շտապում որեւէ հայտարարություն անել եւ, առավել եւս, ներողություն խնդրել ժողովրդից։ Թե չէ այսօրվա վիճակով կարող է տպավորություն ստեղծվել, որ Գ. Ջհանգիրյանն է պատասխանատու ներքաղաքական մթնոլորտի շիկացման համար։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել