Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 06,2000 00:00

ԻՍԿ ՇՄԱՅՍԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ Էրեբունի համայնքի առաջին ատյանի դատարանում երեկ իշխող տրամադրությունն այն էր, որ Շմայսը՝ Առաքել Մովսիսյանը, կարդարացվի եւ ազատ կարձակվի հենց դատարանի դահլիճից։ Վերջին տարիներին, համենայնդեպս, չեմ հիշում մի դահլիճ, որ այդքան բազմամարդ լիներ։ Նախագահող դատավոր Ս. Կոստանյանը վերջին խոսքի իրավունք տվեց Ա. Մովսիսյանին, որն ասաց. «Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում։ Արարքներիս մեջ հանցակազմ չկա, ինչը դատաքննությամբ էլ չի ապացուցվում»։ Շմայսը խնդրեց. կայացնել արդարացման վճիռ։ Ժ. 12.15-17.15-ը դատավոր Ս. Կոստանյանը խորհրդակցական սենյակում էր եւ, երբ դուրս եկավ, ընթերցեց վճիռը. այն տեւեց մոտ 45 րոպե։ Վճռի նախաբանում Ա. Մովսիսյանի «հանցանքները» հաստատված համարվեցին դատաքննության ձեռք բերված ապացույցներով։ Ապացուցված համարվեց «Արագած» ՍՊԸ-ից 45 տոննա ոսպին «տիրանալը» (20 մլն 250 հազար դրամ վնաս հասցնելը), ինչպես նաեւ 0,21 գրամ կոկաին եւ 13 փամփուշտ Շմայսի մոտ հայտնաբերվելը։ Տեղեկացնենք, որ քաղաքացիական հայցվորներին, մասնավորապես՝ Հունիս Թադեւոսյանին հասցված նյութական վնասը հատուցվել էր նախաքննության եւ դատաքննության ժամանակ եւ, փաստորեն, նրանք դատաքննության ժամանակ ասել էին, որ որեւէ պահանջ չունեն։ Հետաքրքիր է, որ զենքի եւ կոկաինի հայտնաբերման առումով հաստատված համարված ապացույցները իրավապահ մարմինների ցուցմունքներն էին, որոնք էլ դատաքննության ժամանակ ժխտել էին Շմայսին ամերիկյան դեսպանատան մոտից բռնությամբ, աչքերը փակելով առեւանգելն ու նրա ավտոմեքենայի նստատեղում զենք եւ թմրամիջոց գցելը։ Դատարանն ապացուցված համարեց կոկաինի դրվագով դատաքիմիական փորձաքննության եզրակացությունը, բերման արձանագրությունը։ Հանուն Հայաստանի Հանրապետության էլ հաշվի առնելով, որ Առաքել Մովսիսյանը պարգեւատրվել է «Մարտական խաչ» եւ «Արիության» մեդալներով, դատարանը «վճռեց»՝ նվազ պատժից մեղմ պատիժ կիրառելով, Ա. Մովսիսյանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամանակով, անձնական գույքի կեսի բռնագրավումով։ Ա. Մովսիսյանի հարազատներին դժվար պահ էր վիճակված. նույն այդ ժամանակ Նուբարաշենի մեկուսարանից ազատվում էր Շմայսի եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել