Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 08,2000 00:00

«ԵՍ ՎԱԶԳԵՆԻՆ 12 ՕՐ ԱՌԱՋ ԷԻ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ» Ստորեւ առաջին անգամ տպագրում ենք մայիսի 10-ին հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատների նախաձեռնությամբ՝ նախագահ Քոչարյանի հետ կայացած նրանց հանդիպման որոշ մանրամասներ։ Դրանք խնդրել ենք ներկայացնել Յուրի Բախշյանի տիկնոջը՝ Անահիտ Բախշյանին։ Մինչ նրան դիմելը որոշեցինք զրուցել նաեւ Կարեն Դեմիրճյանի տիկնոջ հետ, սակայն տիկին Ռիմա Դեմիրճյանը հրաժարվեց որեւէ բան ասելուց, նշելով միայն, որ սպասում է դատավարությանը։ Անահիտ Բախշյանից նախ փորձեցի ճշտել, թե ինչու էին հանդիպումից հետո զոհերի հարազատները որոշել չհրապարակել հանդիպման արդյունքները կամ իրենց տպավորությունները։ – Նախագահի հետ մայիսի 10-ին մեր հանդիպման մանրամասները չհրապարակեցինք, որովհետեւ նախ՝ չուզեցինք ասել, որ նախագահը ո՛չ հոգեբանորեն, ո՛չ փաստարկներով պատրաստ չէր այդ հանդիպմանը։ Եվ անգամ ծանոթ չէր մամուլում հրապարակած մեր բաց նամակին՝ ուղղված իրեն։ Երկրորդ՝ միամտորեն կարծեցինք, թե զրույցի ժամանակ հոկտեմբերի 27-ին դեռեւս Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանի մասին մեր արտահայտած բացասական կարծիքները հաշվի կառնվեն։ Մեր տեսակետի հիմքում ընկած էր այն միտքը, որ պետության մեջ այդ մասշտաբի ահաբեկչությունը չկանխելու համար պատասխանատու են ազգային անվտանգության մարմինները։ Սերժ Սարգսյանին տալով մեր ազգային անվտանգության մյուս ոլորտը՝ բանակը, նախագահը մարտահրավեր նետեց մեր կարծիքին։ Ըստ տիկին Բախշյանի՝ նախագահի հետ իրենց հանդիպման ժամանակ վերջինիս միակ «մխիթարանքի» խոսքերն այն էին, որ նման ահաբեկչություններ այլ երկրներում էլ են լինում։ Զոհերի հարազատները ներկայացրել են իրենց տեսակետները, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը քաղաքական սպանություն էր, որի նպատակն էր վերացնել ժողովրդի վստահությունը վայելող դաշինքի լիդերներին, որոնք շատ հստակ տեսակետ ունեին Հայաստանի ապագայի, տնտեսության, Ղարաբաղի խնդրի վերաբերյալ։ Ապա իրենց տարակուսանքն են հայտնել, որ սպանության սցենարը գրվել է ազգային անվտանգության մարմինների քթի տակ, նրանց բացահայտ թողտվության պայմաններում։ «Այս մասին վկայում են Նաիրիի հավաքագրման հարցը անվտանգության մարմինների կողմից, Վազգենի դեմ պատրաստվող մահափորձի լուրերը, որոնց մասին տեղյակ է պահվել նույնիսկ Վազգենը։ Հանդիպման ժամանակ այս լուրը հաստատեց նաեւ զինդատախազ Ջհանգիրյանը։ Ենթադրում եմ, որ հանգուցյալ վարչապետը համապատասխան մարմիններին հանձնարարականներ է տվել լուրերը ճշտելու, սակայն դրանք «հավանաբար» անուշադրության են մատնվել»,- պատմում է տ. Բախշյանը։ Հաջորդ փաստը, որ հուզել էր զոհերի հարազատներին, «Առավոտի» ապրիլի 22-ի համարում տպագրված Ջհանգիրյանի վերաքննիչ բողոքն էր՝ ընդդեմ առաջին ատյանի դատարանի վճռի (խոսքն Ալիկ Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին է)։ «Ջհանգիրյանի վերաքննիչ այդ բողոքից իմացանք, որ Ա. Հարությունյանն ու Նաիրին հանդիպել են։ Ենթադրենք Նաիրին Ալիկին շատ մեղմորեն ներկայացրել է իր ծրագիրը, չի ասել ո՛չ սպանությունների, ո՛չ հեղաշրջման մասին, բայց արտահայտել է իր դժգոհությունը դաշինքի նկատմամբ։ Իսկ Ա. Հարությունյանն անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնակատարն էր, Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, այսինքն՝ դաշինքի անդամ։ Ինչո՞ւ նա այդ մասին չտեղեկացրեց ԱԱ նախկին նախարարին ու նախագահին»։ Ապա նախագահին են ուղղվել մի քանի հարցեր՝ ինչո՞ւ Նաիրին չի պահվել ԱԱ մարմինների ուշադրության կենտրոնում, ինչո՞ւ այդ օրը նախկին նախարարը քաղաքում չէր, երբ կաթողիկոսական ընտրություններ էին հանրապետությունում, կային մեծ թվով հյուրեր, որոնց հետ կարող էին լինել անվտանգության առումով անցանկալի մարդիկ, եւ նման մի քանի այլ հարցեր։ Նախագահն այս ամենին որեւէ պատասխան չի տվել. «Եթե կարեւոր բան ասած լիներ, կհիշեի»,- ասաց տ. Բախշյանը՝ մեր թերթի միջոցով ՀՀ նախագահին ուղղելով նաեւ հետեւյալ խոսքերը. «Պարոն նախագահ, մեր զրույցի մնացած մանրամասները պահելով՝ այլ առիթներով պատմելու համար, հայտնում եմ, որ Դուք Ձեր քայլերով վերջնականապես տապալեցիք իմ մեջ հոկտեմբերի 27-ի դեպքերի բացահայտման հույսը»։ Ջհանգիրյանի մասին Ինչպես պատմում է Անահիտ Բախշյանը, զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը նախագահի հետ իրենց հանդիպմանը սկզբից ներկա չէր։ Նա հրավիրվեց այն պահին, երբ տ. Բախշյանը նախագահին հայտնել էր, որ անձամբ իրեն է Ջհանգիրյանն ասել, թե նախաքննությանը խանգարում են, խոչընդոտում ընթացքին, որ իր ձեռքերը կապված են, եւ պետք է իրեն օգնել։ Նախագահը կարգադրեց կանչել Ջհանգիրյանին։ «Գագիկ, տիկին Անահիտն ասում է, որ դու այսպիսի բան ես ասել»,- դիմել է նրան նախագահը։ «Ես էդպիսի բան չեմ ասել»,- հրաժարվել է զինդատախազը, բայց քիչ անց վերհիշել է, որ, ամեն դեպքում, նման բան ասել է։ «Դրանից հետո նա մեկ անգամ էլ խոսակցության մեջ մտավ այն ժամանակ, երբ Լեոնարդ Պետրոսյանի կինը նախագահին ասաց, որ իր ամուսինը՝ սպանվելուց մեկ շաբաթ առաջ զգուշացրել է, որ իր հետ կարող է ինչ-որ բան պատահել։ Ջհանգիրյանն անմիջապես արձագանքել է. «Է՜, ես էլ 12 օր առաջ եմ Վազգենին զգուշացրել»։ Վերջին իրադարձություններից հետո, երբ Նաիրի Հունանյանը հրաժարվեց իր ցուցմունքներից, փոխվեց այդ գործով կալանավորվածների խափանման միջոցը, տիկին Բախշյանը հետեւյալ կարծիքն է կազմել Ջհանգիրյանի վերաբերյալ. «Ջհանգիրյանը պատվեր կատարո՛ղ իրավաբան է։ Նախաքննության սկզբում նա կատարում էր մի խմբի պատվերը, դեպքից հետո սկսեց կատարել այլ խմբի պատվերը։ Ապացույց՝ նախաքննության այսօրվա վիճակը, երբ անցած 6 ամսվա աշխատանքի վրա խաչ քաշեցին։ Ամենեւին չենք պնդում, որ առաջին փուլում կալանավորվածները մեղավոր են։ Մեր բողոքը ոչ թե նրա դեմ է, թե ինչու այդ մարդկանց ազատեցին, այլ պարզապես չենք կարողանում ըմբռնել, թե ինչպես է «դավաճանի, հեղաշրջման փորձ անողների» հոդվածն այդ մարդկանց վրա դնելուց հետո Ջհանգիրյանն արդարացնում նրանց։ Այսքանից հետո ինչպե՞ս վստահենք նախաքննության հետագա ընթացքին։ Աշխա՜րհը գիտի, որ նա Վազգենի գերեզմանի մոտ երդվել է, թե կբացահայտի գործը։ Ու ոչ միայն ինքն է երդվել, ի դեպ։ 1000 հոգի»։ Հետաքրքրվեցի, թե նախագահի մոտ մայիսի 10172ի հանդիպման ժամանակ պրն Ջհանգիրյանը գոնե մի հարցում առարկե՞լ է նախագահին, իր անհամաձայնությունը հայտնե՞լ է. «Ո՜չ մի առարկություն, ո՜չ մի համարձակ խոսք։ Միայն ասաց՝ եթե չեք վստահում, ինձ ազատեք»։ Եվ մի հետգրություն Հանդիպմանը բացի զինդատախազից, ներկա էր նաեւ Գլխավոր դատախազ Բորիս Նազարյանը։ Նրանք երեքն էլ զոհվածների հարազատներին միաբերան հավատացրել են, թե հանցագործները զենք բռնել չեն իմացել։ Անգամ այնպիսի տպավորություն են ստացել, թե նրանք առաջին անգամ են զենք բռնում… Մեր զրույցի ավարտին Անահիտ Բախշյանն այն մտավախությունը հայտնեց, թե իր կարծիքով անգամ այդ հինգ հանցագործները չեն պատժվելու։ Պատ.՝ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել