Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հունիս 22,2000 00:00

Թափանցիկությունը Արցախում ՀՀ ԱԺ պատգամավորների առաքելական խումբը Արցախում ներկա էր խորհրդարանական ընտրություններին։ Առաքելական խմբի կարծիքով, ընտրություններն անցել են նորմալ։ Խմբի կազմում չեն եղել «Իրավունք եւ միաբանություն» պատգամավորական խմբի անդամներից։ Թեպետ մեկ օր առաջ այս խմբի անդամ Համլետ Հարությունյանը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում իրենց չմասնակցության համար խիստ անմեղ բացատրություն էր տվել (զբաղված էին, ժամանակի խնդիր էր), բայց բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ Սամվել Բաբայանին աջակցող եւ համակիր այս խմբակցությանը պարզապես «խորհուրդ» են տվել չմեկնել Արցախ։ Իսկ Սամվել Բաբայանի ազգականները, ընտանիքի անդամները մասնակցե՞լ են ընտրություններին։ Սրան Հայաստանի խորհրդարանի առաքելական խմբի անդամները ուշադրություն չեն դարձրել։ Այս մասին «Առավոտի» հարցին ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Ես, ճիշտն ասած, հատուկ այդպիսի ուշադրություն չէի դարձրել։ Դուք նկատի ունեք ընտանի՞քը, թե՞ հարազատներին։ Կոնկրետ ընտանիքի մասին չեմ կարող ասել, չգիտեմ. մասնակցե՞լ են, թե՞ ոչ։ Դա, ի վերջո, կարելի է ճշտել»։ Իսկ ԼՂՀ բանակը ինչպե՞ս մասնակցեց ընտրություններին։ «Առավոտի» հաջորդ հարցին պրն Ռուստամյանը պատասխանեց. «Բանակը ընտրություններին մասնակցել է նորմալ, իրենց ընտրական օրենսգրքին համապատասխան»։ «Միասնություն» խմբակցության անդամ Գրիգոր Հարությունյանն ասաց, որ ընտրություններն Արցախում հաջող անցան. «Բազմաթիվ ընտրատարածքներում, կոնկրետ ես ականատես եմ եղել, մարդիկ ծաղկեփնջերով էին գալիս ընտրություններին»։ Գրիգոր Հարությունյանն ասաց, որ իրենք առաջին հերթին աշխատել են վստահված անձանց հետ, քանի որ հենց նրանց կարծիքներն էին տարբեր։ «Արցախի բոլոր 33 ընտրատարածքներում ընտրությունները կայացան, ընտրությունները քաղաքականացված չէին», եւ Գրիգոր Հարությունյանի կարծիքով, ԼՂՀ ե՛ւ իշխանությունները, ե՛ւ ժողովուրդը հասկանում են, որ միայն նորմալ բարոյահոգեբանական պայմաններում կարելի է զարգացնել երկիրը։ Արմեն Ռուստամյանի ասելով. «Միջազգային չափանիշներով անցկացված ընտրությունները ամենակարեւոր հաղթաթուղթն է դիվանագիտական հարաբերություններում մեր դիրքերն ամրապնդելու առումով»։ Իսկ ԼՂՀ-ում, ըստ ՀՀ դիտորդական առաքելության, հենց այդպիսի ընտրություններ էլ անցկացվել են։ Մ. Ե. Հ. Գ. Հայաստանցի դիտորդների ասելով, ընտրություններին բանտախցերում մասնակցել են նաեւ մարտի 22-ի գործով ձերբակալվածները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել