Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 13,2000 00:00

«Ինքն իր վրա սիրահարված տգետի տպավորություն է թողնում» Ասում է Արտաշես Գեղամյանը Խորհրդարանական բոլոր խմբերն ու խմբակցությունները չափազանց օրինապաշտ են։ Օրինաստեղծները կարծես հատուկ պայմանավորվել էին միաձայն փաստել, որ եթե ՍԴ-ն որոշի, որ սեպտեմբերի 26-ին ԱԺ-ում միայն կանոնակարգային անճշտություններ են տեղի ունեցել, ապա իրենք պարտավոր են հարգել օրենքը։ Միայն Արտաշես Գեղամյանն էր պնդում, որ ԱԺ-ն պետք է լուծարվի։ Այս միահամուռ օրինապաշտությունը երկու պատճառ կարող է ունենալ. կամ պատգամավորները վստահ են, որ ՍԴ-ն նման որոշում չի կայացնի եւ Արմեն Խաչատրյանը «ետ ողորմեա» չի լինի, կամ (որն ավելի հավանական է)՝ այն, որ ՍԴ-ն հաստատ կորոշի Արմեն Խաչատրյանին ետ բերել եւ խմբերն ու խմբակցությունները պարզապես ավելորդ անգամ կհավաստեն նախագահ Քոչարյանին իրենց հպատակությունը։ «Իրավունք եւ միաբանություն»- Թեպետ խիստ բազմամարդ էր ներկայացված, բայց խոսեց միայն Արտաշես Գեղամյանը. «Օր առաջ հրաժարական պետք է տա ներկայիս կառավարությունը։ Պետական ղեկավարման խնդիրները դարձրել են «իսկյամբիլ» խաղ՝ 6+1,5-2։ Իսպառ բացակայում է որեւէ հակաճգնաժամային ծրագիր»։ Եթե ոմանք կարծում էին, թե «Իրավունք եւ միաբանություն» խմբակցությունը պառակտվել է, ապա չարաչար սխալվում են. «Դաշինքի մաս կազմող ոչ մի կուսակցություն հայտարարությամբ հանդես չի եկել, որը ի չիք է անում մեր նախընտրական ծրագրերը»։ Իսկ ՍԻՄ-ի հայտնի հայտարարությունը, պարոն Գեղամյանի ասելով, վերաբերում է նրան, որ «ԱՄ» կուսակցության հայտարարության համար վերջիններս պատասխանատվություն չեն կրում։ ՀԿԿ խմբակցություն- Ճեպազրույցը ՀԿԿ Երեւանի քաղկոմի առաջին քարտուղար Յուրա Մանուկյանի առաջին բեմելն էր։ Նա, չգիտես ինչու, վստահ էր, որ լրագրողներին կբավարարի։ Խորհրդարանական ճգնաժամի հետ կապված «կոմկուսի ղեկավարությունը ոչ մի ատյանի հետ հանդիպում չի ունեցել»։ Հիշեցնեմ, որ ընդամենը մեկ օր առաջ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ասել էր, թե բանակցություններ են ընթանում կուսակցությունների հետ։ Քննարկումներին չեն մասնակցել կոմկուսը, «Հայաստան» խումբը եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունը։ Ինչո՞ւ վարչապետը չի ուզում վերջիններիս լսել, գուցե խռովե՞լ է։ ՀՅԴ խմբակցություն- Խմբակցության ղեկավար Դավիթ Լոքյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի՞ վերաբերմունք կունենան կուսակցությունները, եթե ՍԴ-ն վճռի, որ Արմեն Խաչատրյանը պետք է շարունակի պաշտոնավարել, ասաց, որ «ցանկացած պաշտոնյա, ցանկացած մարդ պետք է կարողանա հարգել իր երկրում գործող օրենքները»։ Կուսակցություններ-վարչապետ քննարկումներին մասնակցող կուսակցությունները «սպասում են՝ «Միասնություն» կա՞, թե՞ ոչ, այդ մեծամասնությունը վերցնո՞ւմ է իր վրա պատասխանատվություն այս կառավարության համար»։ Ըստ պարոն Լոքյանի, եթե մեծամասնությունը կարողանում է այս երկու հարցերը լուծել՝ ուրեմն խնդիր չկա։ «Հայաստան» պատգամավորական խումբ- Մյասնիկ Մալխասյանի ասելով, խորհրդարանական նախկին մեծամասնության վերականգնումը միակ ելքն է։ Ձեւը հետեւյալը պետք է լինի՝ միանում են ՀՀԿ-ն, ՀԺԿ-ն, «Հայաստանը» եւ «Կայունությունը»։ «Հայաստանը» եւս կհարգի ՍԴ-ի որոշումը, բայց «ՍԴ-ն պետք է ինքն իրեն հարգի եւ կայացնի իրոք Սահմանադրությունից բխող որոշում»։ Եվ քանի որ խնդիրները քննվում են ԱԺ-ից դուրս, ճգնաժամը ձգձգվում է։ «Կայունություն» խումբ- Կարեն Կարապետյանը ասաց, որ «եթե վերականգնվում է «Միասնություն» դաշինքը, մենք կարող ենք կոնկրետ մոտեցում ցուցաբերել, բայց դա չի լինելու մեր քաղաքական կապիտալի հաշվին»։ «Կայունությունը» փաստորեն կիսել է այս կառավարության պատասխանատվությունը, իսկ ՀԺԿ-ն՝ չի պաշտպանել։ «Միասնություն» խմբակցություն- Այս անգամ Տիգրան Թորոսյանը չներկայացավ ճեպազրույցի։ Խմբակցության քարտուղար, ՀԺԿ անդամ Վարդան Մկրտչյանն ասաց, որ կառավարության համար պատասխանատվություն կրում է կառավարությունը։ Իսկ կառավարության ծրագրին սատար կանգնել են բոլոր կուսակցությունները. «Բնական է, որ ծրագրին պետք է օգնենք, որովհետեւ բոլորս եկել ենք մեր նախընտրական ծրագրերով, որի համար պետք է պատասխան տանք»։ Պատգամավորները սպասում են, որ «Միասնությունը» հայտարարություն անի իր լինելիության մասին. «Միասնության» փլուզման մասին հայտարարություն չի եղել։ Դաշինքի անդամ կուսակցություններն իրենք են որոշում՝ ինչ հայտարարություն անեն եւ երբ»։ Տիգրան Թորոսյանի ասելով՝ դաշինքի անդամ կուսակցությունները կարող են իրենց այլեւս ազատ զգալ. «Ոչ ՀՀԿ-ի, ոչ էլ ՀԺԿ-ի խորհուրդներում այդպիսի որոշում չի եղել, իսկ անհատների կարծիքը, անհատների գնահատականը կուսակցության որոշում չէ»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել