Լրահոս
Օրվա լրահոսը

«Մշո ճառընտիրի» փրկությունն ու կանանց աննկուն հերոսությունը․ «Զանգակ» գրատանը ներկայացվեց Անտոնիա Արսլանի «Մշոյ գիրքը» վեպի արևմտահայերեն թարգմանությունը

Հոկտեմբեր 13,2026 20:44 Share
Աջակցեք aravot.am-ին

Հոկտեմբերի 13-ին «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ իտալահայ անվանի գրող, «Արտույտների ագարակը» վեպի հեղինակ Անտոնիա Արսլանի «Մշոյ գիրքը» վեպի արևմտահայերեն թարգմանության շնորհանդեսն ու հեղինակի հետ հանդիպումը։

«Մշոյ գիրքը» Հայոց ցեղասպանության թեմային նվիրված Արսլանի երրորդ վեպն է, որը պատմում է հայկական ամենամեծ ձեռագիր մատյանի՝ «Մշո ճառընտիրի» փրկության հերոսական ու ողբերգական պատմությունը։ Գիրքը իտալերենից արևմտահայերեն է թարգմանել Վարդան Մատթէոսեանը։ Այն լույս է տեսել «Սիս» հրատարակչության կողմից՝ ՀԱԵ Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդարանի աջակցությամբ։

Շնորհանդեսի ընթացքում Անտոնիա Արսլանը մանրամասն ներկայացրեց վեպի ստեղծման ակունքները, պատմական փաստերն ու գեղարվեստական լուծումները։ Հեղինակը շեշտեց, որ չի ցանկացել սոսկ պատմական գիրք գրել, այլ ձգտել է արձանագրել իրական եղելությունը․

«Պատմությունն իրականում այնքան գեղեցիկ և զարմանալի է, որ ես չէի ուզում իմ գրքով իբրև պատմություն դարձնել պատմական գիրք․ ես պարզապես գրանցել և արձանագրել եմ այս եղելությունը։ Այստեղ կանայք, որոնք գտնում են Ճառընտիրը, գտնում են նաև մի երեխա, որը փրկվել էր թուրքերից․․․ որոշեցի, որ կերպարներին ավելացնեմ նաև երկու հույն, քանի որ հույները հայերի բարեկամներն էին»,- նշեց հեղինակը։
Անդրադառնալով հույների ներկայությանը վեպում՝ Արսլանը հիշեցրեց պատմական կարևոր մի փաստ․
«Չպետք է մոռանանք, որ Զմյուռնիայի ավերումից հետո Փոքր Հունաստանն ընդունել է տասնյակ հազարավոր հայեր, պանդուխտների․․․ Կոտորածից հետո հույները փրկել են հարյուրավոր հայեր, բացի իրենց հայրենակիցներից»։

Գրողի խոսքով՝ այսօր շատ է խոսվում կանացի հերոսության մասին, և այս պատմությունն հենց դրա վառ ապացույցն է․

«Կանանցից մեկը կորցնում է իր ամուսնուն և երեխաներին, մյուսը կորցնում է իր նշանածին, բայց մտածում են փրկել հայկական մշակույթի մեծ վկայությունը։ Սա է գրքի իմաստը»։

Միջոցառման ընթացքում հնչեցին ընթերցումներ վեպի 4-րդ գլխից, որտեղ ներկայացվում են Առաքելոց վանքի հրդեհն ու փախստական կանանց՝ Անուշի և Կոհարի ծանր ապրումները․

«․․․Վանքը կայրի, զինվորները հասած են մինչև հոն, Առաքելոց վանքը կայրի։ Աստված մեզ ողորմի․․․ Կոհար, որ նույնպես կշոյե փոքրիկ մարմինը, հանկարծ Անուշի ձեռքեն կվերցնե, կետին կդնե և խաչի նշան կնե անոր վրա․․․ ու ծածուկ ձայնով կսե․ «Հիմա կրնաս լալ, լաց, բայց առանց ձայն հանելու, զավակդ մեռած է։ Պետք է մտածենք վերապրելու և մյուսները գտնելու մասին»․․․ Դարավոր լուծը և ստրկությունը սորվեցուցած են, որ հայ մայրերը միշտ պետք է չոր աչքերով դիմակրավեն իրենց զավակների մահը»։

«Առավոտի» հետ զրույցում Անտոնիա Արսլանը, անդրադառնալով Երևանում իր գիրքը ներկայացնելու խորհրդին և արևմտահայերեն թարգմանության նշանակությանը, նշեց․

«Ես միշտ շատ երջանիկ եմ իմ գիրքը հայերեն ներկայացնելու համար: Այս անգամ այն արևմտահայերեն էր, բայց նույն գիրքը 10 տարի առաջ ներկայացվել էր նաև արևելահայերենով: Այնպես որ, ամենակարևորն այն է, որ մարդկանց հետ կիսվենք այն էմոցիաներով ու ուժով, որ պարունակում է այս գիրքը»։

Խոսելով այն մասին, թե ինչ է «Մշոյ գիրքը» փոխանցում այսօրվա ընթերցողին՝ հեղինակն ասաց․

«Առաջինը հայ կանանց արիությունն ու ուժն է, որովհետև սա իրական պատմություն է, և այդ երկու տիկնայք իրոք եղել են: Երկրորդը, ընդհանուր առմամբ, մշակույթի, գրավոր մշակույթի կարևորությունն է: Գրքերը՝ որպես մշակույթի կենսունակության և տոկունության վկաներ»։
Միջոցառումն իրականացվել է Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի, «Save Armenia» կազմակերպության և «Զանգակ» գրատան համագործակցությամբ։

 

Արգինա Փահլևանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031