ՀՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՏՅՈՄ ՍՈՒՋՅԱՆԻՆ
Պատճենը՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Արամ Վարդևանյանին, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանին
Դիմող՝ Անահիտ Սաֆարյան՝ քաղաքացի Վարյա Սաֆարյանի դուստր և լիազորված ներկայացուցիչ
Հասցե՝ Երևան, Ֆիրդուսի 33 թաղամաս, Հանրապետության նրբանցք 8ա
ՊԱՏԱՍԽԱՆ ԳՐՈՒԹՅՈՒՆ
Կարդացեք նաև
25.09.2026թ. թիվ /64.5/33015-2026 գրության վերաբերյալ
Հարգելի՛ պարոն Սուջյան, ուսումնասիրել եմ Ձեր 25.09.2026թ. գրությունը, որը ներկայացվել է ի պատասխան ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանին հասցեագրված իմ 14.09.2026թ. դիմումի։ Որպես քաղաքացի Վարյա Սաֆարյանի դուստր և լիազորված ներկայացուցիչ՝ 2007 թվականից զբաղվում եմ մորս գույքային իրավունքների պաշտպանության հարցերով։ Շնորհակալություն եմ հայտնում Ձեր ներկայացրած պարզաբանումների համար։ Միաժամանակ հարկ եմ համարում անդրադառնալ մի շարք էական հանգամանքների, որոնք, իմ գնահատմամբ, դեռևս չեն ստացել պատշաճ իրավական պարզաբանում։
- ՄԻԵԴ–ի վճիռը եւ դրա կատարման հարցը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 21.01.2016թ. «Սաֆարյանն ընդդեմ Հայաստանի» գործով հաստատել է քաղաքացի Վարյա Սաֆարյանի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի խախտումը։ Խախտումը կապված էր սեփականատիրոջ՝ իր գույքը բաժանելու և չորս երեխաներին նվիրաբերելու իրավունքի սահմանափակման հետ։ Ձեր գրության համաձայն՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն 2017 թվականին ավարտել է ՄԻԵԴ-ի վճռի կատարման վերահսկողությունը։ Հասկանում եմ, որ Նախարարների կոմիտեի կողմից վերահսկողության ավարտը համապատասխան միջազգային ընթացակարգի արդյունք է։ Սակայն վերահսկողության ավարտը չի վերացնում ՄԻԵԴ-ի վճռի պարտադիր իրավական ուժը և դրանով հաստատված խախտման փաստը։ Միաժամանակ, մինչ օրս չի լուծվել Հանրապետության նրբանցք 8ա հասցեի չգրանցված տարածքների նկատմամբ գույքային իրավունքների հարցը, որը, մեր ներկայացմամբ, խոչընդոտում է գույքի բաժանման և երեխաներին նվիրաբերելու իրավունքի իրականացմանը։
Ուստի խնդրում եմ պարզաբանել՝ ՄԻԵԴ-ի վճռից հետո պետությունն ի՞նչ կոնկրետ անհատական միջոցներ է ձեռնարկել Վարյա Սաֆարյանի՝ գույքը բաժանելու և երեխաներին նվիրաբերելու իրավունքի խախտման հետևանքները վերացնելու համար։ Խնդրում եմ նաև նշել, թե ինչ փաստաթղթերով են հաստատվում այդ միջոցառումները։
- 1928թ. Գույքաթերթը եւ չգրանցված տարածքները
Հանրապետության նրբանցք 8ա հասցեի տունը, համաձայն կադաստրային գործի փաստաթղթերի, կառուցվել է 1894 թվականին։
Հասցեի սեփականատերերի կողմից անընդմեջ օգտագործվել են նաև երկու ցանկապատված տարածքներ՝ 78,8 քմ և 244,44 քմ։
78,8 քմ տարածքը ծառայել է որպես Հանրապետության նրբանցքից դեպի տուն ելումուտի միակ ճանապարհ։ 244,44 քմ տարածքը, մեր ներկայացրած իրավահաստատող փաստաթղթերի համաձայն, հանդիսանում է 1928թ. Գույքաթերթով նկարագրված հողամասի մաս, սակայն դուրս է մնացել հետագայում կազմված հողամասի հատակագծից։
Հասցեի կադաստրային գործի հիմքը 1928թ. Գույքաթերթն է, որի հետ կապված է նաև 1967թ. տան առուվաճառքի պայմանագիրը։
Սակայն 2007 թվականից պետական մարմինների կողմից չգրանցված տարածքների վերաբերյալ ներկայացված պահանջների մերժման գրություններում վկայակոչվում է «1954թ. Գույքաթերթ»։ Մինչդեռ, մեր ուսումնասիրած կադաստրային գործի փաստաթղթերի համաձայն, այդպիսի Գույքաթերթ գոյություն չունի։ Կադաստրային գործում առկա 1928թ. Գույքաթերթի իրավական նշանակությունը, մեր գնահատմամբ, պատշաճ չի ուսումնասիրվել։ Հետևաբար, առաջանում է սկզբունքային հարց. ինչպե՞ս է հնարավոր գույքային իրավունքների վերաբերյալ պահանջները մերժել՝ վկայակոչելով «1954թ. Գույքաթերթ», որի առկայությունը չի հաստատվում, և միաժամանակ չտալ պատշաճ գնահատական կադաստրային գործում առկա 1928թ. Գույքաթերթին։
Խնդրում եմ Ձեր իրավասության շրջանակում անդրադառնալ այս հանգամանքին կամ այն փոխանցել իրավասու պետական մարմնին՝ պատճառաբանված պատասխան ստանալու համար։
- Պետության պարտավորությունները 2007 թվականից
2007 թվականին ՀՀ կառավարության թիվ 108-Ն որոշմամբ Ֆիրդուսի 33 թաղամասի նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ։ Գույքի օտարման գործընթացում պետությունը պարտավոր էր ապահովել սեփականության իրավունքի պաշտպանությունը և պատշաճ գնահատել այդ գործընթացով շոշափվող գույքային իրավունքները։ Մեր համոզմամբ՝ այդ պարտավորության շրջանակում անհրաժեշտ էր ուսումնասիրել նաև Հանրապետության նրբանցք 8ա հասցեի 1928թ. Գույքաթերթը, 1967թ. առուվաճառքի պայմանագիրը և չգրանցված տարածքների նկատմամբ ներկայացված իրավունքների հիմքերը։
Դեռևս 2007 թվականից դիմել ենք իրավասու մարմիններին՝ խնդրելով հասցեում կատարել տեղատեսություն, անհրաժեշտ չափագրումներ և կազմել հողամասի հատակագիծը՝ 1928թ. Գույքաթերթին համապատասխան։ 11.04.2008թ. դատական վարույթի ընթացքում ներկայացվել է նաև համապատասխան միջնորդություն։ 04.06.2008թ. վարչական դատարանի վճռով պահանջը մերժվել է։
Սակայն մեր գնահատմամբ՝ այդ դատական վարույթում պատշաճ քննության չեն արժանացել 1928թ. Գույքաթերթի և ներկայացված միջնորդության նշանակությունը։ Այդուհանդերձ, մենք չենք դադարեցրել իրավասու պետական մարմինների առջև գույքային իրավունքների հարցը բարձրացնելը։ Տարիների ընթացքում ներկայացված դիմումները չեն հանգեցրել նշված երկու տարածքների իրավական կարգավիճակի վերջնական պարզմանը։
- Ներպետական դատական վարույթի վերաբացման վերաբերյալ
Ձեր գրության մեջ նշվում է, որ Վարյա Սաֆարյանը չի օգտվել ներպետական դատական վարույթի վերաբացման հնարավորությունից։
Խնդրում եմ հստակ պարզաբանել՝ ո՞ր դատական գործի վերաբացման մասին է խոսքը, ո՞ր իրավական դրույթով էր նախատեսված այդ հնարավորությունը, և ի՞նչ ժամկետում կարող էր ներկայացվել համապատասխան դիմումը։ Արդյո՞ք վարույթի չվերաբացումը հիմք է հանդիսացել եզրակացնելու, որ ՄԻԵԴ-ի վճռով հաստատված խախտման հետևանքները վերացնելու համար լրացուցիչ անհատական միջոցներ անհրաժեշտ չեն։ Խնդրում եմ ներկայացնել այդ եզրակացության փաստական և իրավական հիմքերը։
- Իմ դիմումով բարձրացված մյուս հարցերը
Հարկ եմ համարում հիշեցնել, որ 14.09.2026թ. դիմումը հասցեագրված էր ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանին։ Այն վերաբերում էր ոչ միայն ՄԻԵԴ-ի վճռի կատարմանը, այլև երկար տարիներ չլուծված գույքային իրավունքների հարցերին։ Ուստի խնդրում եմ պարզաբանել՝ արդյո՞ք իմ դիմումով բարձրացված բոլոր հարցերն են փոխանցվել Ձեր գրասենյակի քննարկմանը, թե միայն ՄԻԵԴ-ի վճռի կատարման վերաբերյալ մասը։ Եթե որոշ հարցեր դուրս են Ձեր իրավասությունից, խնդրում եմ տեղեկացնել՝ արդյոք դրանք փոխանցվել են համապատասխան պետական մարմիններին։
ԽՆԴՐՈՒՄ ԵՄ. Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում եմ ներկայացնել պատճառաբանված պատասխան՝ ՄԻԵԴ-ի 21.01.2016թ. վճռով հաստատված խախտման հետևանքների վերացման ուղղությամբ պետության ձեռնարկած միջոցների վերաբերյալ։ Խնդրում եմ նաև պարզաբանել ներպետական դատական վարույթի վերաբացման վերաբերյալ Ձեր գրության մեջ նշված հանգամանքները։ Միաժամանակ խնդրում եմ իրավասու մարմինների ուշադրությանը ներկայացնել Հանրապետության նրբանցք 8ա հասցեի 1928թ. Գույքաթերթի, 1967թ. առուվաճառքի պայմանագրի և 78,8 քմ ու 244,44 քմ չգրանցված տարածքների նկատմամբ գույքային իրավունքների չլուծված հարցերը։
Իմ նպատակը տարիներ շարունակ ներկայացված դիմումների կրկնությունը չէ։ Իմ նպատակը մորս՝ Վարյա Սաֆարյանի սեփականության իրավունքի արդյունավետ պաշտպանությունն է եւ իրավահաստատող փաստաթղթերի պատշաճ ուսումնասիրության արդյունքում օրինական ու պատճառաբանված որոշման կայացումը։
Անահիտ Սաֆարյան
Վարյա Սաֆարյանի դուստր և լիազորված ներկայացուցիչ
«Առավոտ» օրաթերթ
27.10.2026




















































