Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԺԵՔՆԵՐԻ ՏԵՂԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբեր 28,2000 00:00
Arzan

Կոլեկտիվ արվեստներում ներգրավված մարդկանց շատ բնորոշ է ստրկամտությունը։ Հանրապետության գրեթե բոլոր թատրոններում, ուր գերակշիռ թիվ են կազմում միջակությունները (աշխատանքը կորցնելու վախով) կարող են հայհոյել մեկին, ապա մի քանի րոպե անց նույնի ձեռքը համբուրել, ստորացվել այսպես կոչված ղեկավարի կողմից, բայց լռելյայն դա ընդունել եւ ավելին՝ շողոքորթել։

Վերջերս Հայաստանի թատերական գործիչների միության 10-րդ համագումարն էր։ Նույն այդ միության գործիչների 80%-ը, որոնց մի մասը՝ ի արդարացում իրենց եւ թատրոնի լճացված վիճակի, մյուս մասը՝ իրոք ցավով հիշատակում էր միության նախագահ, Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանի անունը, կրկին նրան են «ընտրում» նախագահ։ Ու այդ թատերական գործիչները, որ առանձին զրույցներում զարմանք են հայտնում, թե ուր են գնում Թատերական գործիչների միության շենքից առանձին սենյակների վարձակալության վճարները, կամ վերոնշյալ թատրոնի վաճառված տոմսերի գումարները, այսօր երկու ձեռքով նույն Ղազանչյանին «ընտրում» են, ասելով՝ «Բա որ թատրոնից հանի՞, ո՞ւր գնանք…»։ Նույն այդ թատրոնի դերասանները, որ բողոքում են, թե Երաժշտական կոմեդիայի թատրոնից միայն անունն է մնացել, որ ամբողջ թատրոնը լցրել է Պատանի հանդիսատեսի թատրոնի (որի գեղարվեստական ղեկավարը Ղազանչյանի որդի Հ. Ղազանչյանն է) միջինից ցածր մակարդակի դերասաններով, այսօր երկու ձեռքով կողմ են Ե. Ղազանչյանի՞ն։ Եվ համաձայնում են Ե. Ղազանչյանի հետ, թե «Հայ դերասանն իր պատվավոր տեղն է գրավում Գինեսի գրքում եւ պիտի սերունդներին ապացուցի, թե ինչպես կարելի է ապրել իր այդ անամոթ աշխատավարձով։ Ոչ մի իրեն հարգող երկրում ժողովրդական դերասանը չի կարող հյուրանոցի պահակից պակաս վարձատրվել։ Մոռացված ու ստորացված աշխատում է թատրոնի մարդը։ Վիճակն անմխիթար է, անհեռանկար, անհույս»։ Ո՞վ է դրանում մեղավոր, արդյո՞ք միայն պետությունը կամ իշխանությունները։ Եվ բնականաբար, արդեն Ե. Ղազանչյանը ոչ մի խոստում չպետք է տար իր կոլեգաներին։ Խոստումները՝ բառերի տեսքով սպառվել են. ո՞րն է դրանցից իրականություն դարձրել կամ հո չի՞ կրկնվի։ Կամ որ տա, բա որ հիշեցնե՞ն ու պահանջեն կատարե՞լ։ Արդ, մինչեւ մյուս համագումար թատերական գործիչները եւս մի «կյանք» կձգեն, ֆիզիկական ու հոգեւոր սովի մասին կցկտուր-վախվորած բողոքներով կամ էլ դրանցում մեղադրելով միայն իշխանություններին եւ պետությանը։

Կոմֆորմիզմ

Եվ հարմարվողական ու ճահիճին (գոնե ենթագիտակցորեն) ձգտող այս գործիչները հանդես են եկել ի պաշտպանություն Օպերային թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Տիգրան Լեւոնյանի։ Բաց նամակ են հղել ՀՀ նախագահ պրն Ռ. Քոչարյանին։ Իր ճռճռան ու փուչ արտահայտությունն էր. «…Թատրոնից ազատվեց վերջին տասը ծանրագույն տարիներին օպերային արվեստում միջազգային մակարդակի փայլուն էջեր գրած, մեծ արվեստագետ եւ օպերային անվանի ռեժիսոր, թատրոնի գեղարվեստական ղեկավար Տիգրան Լեւոնյանը։ Նրան փոխարինեց հայտնի երգիչ Գեղամ Գրիգորյանը։ Հիանալի երգիչը, սակայն, շատ շուտով ապացուցեց, որ ինքն օպերան գեղարվեստապես ղեկավարելու բնավ ունակ չէ եւ մղոններով հեռու է ռեժիսոր-բեմադրողի բարդագույն մասնագիտությունից։ Այսօր արդեն փաստ է, որ քմահաճորեն խաղացանկից հանել է մեր եւ արտերկրի հանդիսատեսի հիացմունքին արժանացած հիանալի բեմադրությունները՝ դրանք փոխարինելով ինքնագործունեության մակարդակի բեմադրություններով»։

Ինչ շուտ մոռացան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում տարիներ շարունակ տիրող միանձնյա բռնապետության, ոչ պրոֆեսիոնալ, ցածր մակարդակի ներկայացումների, թեկուզ ԱՄՆ-ում հրապարակավ խայտառակության մասին։ Թե՞ Լեւոնյանը ռեժիսորական կրթություն ուներ կամ գլուխ էր հանում «ռեժիսոր-բեմադրողի բարդագույն մասնագիտությունից»։ Մոռանում ենք նաեւ, որ կոնսերվատորիայի պատմության մեջ առաջին դեպքն էր, որ գիտխորհուրդը միաձայն դեմ էր նրան պրոֆեսորի կոչում տալուն։ Մոռացվե՞ց՝ ում շնորհիվ նա հասավ այդ պաշտոններին ու անվանը։

Թատերական գործիչների միությունից ՀՀ նախագահին գրել են. «Թատրոնը (օպերայի եւ բալետի- Ս. Ս.) այժմ մատնվել է գաղափարազրկության եւ հուսալքության»։ Դե իհարկե, թատերական գործիչների մտքի բառային թռիչքին հասնել հնարավոր չէ, առավել եւս՝ մեկնաբանել, թե Լեւոնյանի օրոք ի՞նչ կամ ո՞ր «շռնդալից» գաղափարներով էր առլեցուն թատրոնը։ Այդ ո՞ր մի բեմադրությունը կամ իր կատարումն էր «պրոֆեսիոնալ եւ հիանալի»։

Օ. Դուրյան. «Այո՛, ես քննադատում եմ անորակ երգչին»

Լեւոնյանի՝ հետ վերադառնալու մոլի ցանկությունը ճղճիմ քայլերով է զուգորդվում։ Բնականաբար, օպերային թատրոնի ներկայիս գեղարվեստական ղեկավար, աշխարհահռչակ երգիչ Գեղամ Գրիգորյանի դեմ դուրս գալու պատեհ առիթն ու ձեւը գտավ։ Հաշվի առնելով Գ. Գրիգորյանի եւ թատրոնի երաժշտական ղեկավար, տաղանդավոր դիրիժոր Օհան Դուրյանի միջեւ ծագած սրված հարաբերությունները, Լեւոնյանը հանկարծ սկսեց գովաբանել թատրոնի երաժշտական առաջընթացը, որպեսզի Օ. Դուրյանի միջոցով Գ. Գրիգորյանին հեռացնի թատրոնից ու ինքը վերադառնա։ Նույն խաղը որդեգրեց նաեւ Թատերական գործիչների միությունը՝ պաշտպանելով «օպերային արվեստի անզուգական վարպետին» (իրենց թեւավոր խոսքերն են), ասելով. «Մաեստրո Օհան Դուրյանի ջանքերով երաժշտական առաջընթաց ապրող օպերային հիանալի թատերախումբը բեմականորեն վերածվել է երեւանյան տոնավաճառում եղած գնչուական թատրոնի»։ Մի օր չլսեցինք ու չտեսանք, որ Թատերական գործիչների միությունն՝ ի դեմս Ե. Ղազանչյանի, մեծ մաեստրո Օ. Դուրյանին պաշտպաներ, երբ Լեւոնյանը վերջինիս մասին ասում էր. «…Օհան Դուրյանը օպերային դիրիժոր չէ, այլ ֆիլհարմոնիկ դիրիժոր է։ … Նա, ավելի լավ է, ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ աշխատի, թեեւ դա էլ իր մոտ չի ստացվում, որովհետեւ նա շատ անհանդուրժող մարդ է։ Եվ, մանավանդ, ինքն ահավոր թշնամանում է, եթե տեսնում է, որ որեւէ մեկն աչքի է ընկնում իր մակարդակով։ Նա հատկապես հակամարտության մեջ է ընկնում երեւացող արտիստների հետ…»։

Եվ բացի այս, երբ ՀՀ մշակույթի նախկին նախարար Ա. Սմբատյանը Օ. Դուրյանին նշանակեց օպերային թատրոնի երաժշտական ղեկավար, Լեւոնյանը ասաց. «Այդ հրամանը մեզ համար գրոշի արժեք չունի…»։ Եվ դեռ 1994թ. սկսած Լեւոնյանը իր սցենարին հավատարիմ՝ թատրոնի կոլեկտիվին Դուրյանի դեմ դուրս բերեց, բողոքի ժողով արեց, նկարահանեց, եւ ասում են, որ տեսաժապավենն ուղարկել էր ՀՀ նախագահին՝ նույն Ռ. Քոչարյանին։ Թատերական գործիչների հիշողությունը կարճ է կամ՝ ինչ, երբ ուզում՝ դա էլ հիշում են։ Եվ հիշում ենք նաեւ, թե Օ. Դուրյանը Տ. Լեւոնյանի վերոնշյալ արտահայտությունների մասին ինչ էր ասել. «…Ամենուր եւ բոլորին ասում է, որ Օհան Դուրյանը շատ շուտ բռնկվում է, շատ շուտ ջղայնանում է, մարդկանց վիրավորում եւ… չգիտեմ ինչեր։ Այո՛, ճիշտ է, ես քննադատում եմ անորակ երաժշտին, ռեժիսորին, արվեստագետին, դիրիժորին։ …Արդեն երկրորդ անգամ նա կոլեկտիվից ստորագրություններ է հավաքում, ժողովներ է կազմակերպում, իբրեւ թե կոլեկտիվը չի ուզում։ Դա ճշմարտություն չէ, զրպարտություն է։ …Այսքան տարի օպերան գոյատեւում է 3-4 ներկայացումով եւ դրանք էլ երգում է Տիգրան Լեւոնյանը։ Բոլոր լավ երգիչները հեռացան Հայաստանից կամ դուրս եկան թատրոնից. ինքն իր համար օպերա է սարքել եւ ինքը «թագավորն» է, ամենամեծ երգիչն է աշխարհի։ …Փաստն այն է, որ մարդկանց հավաքել է, ստիպել է, որ ստորագրեն՝ սպառնալով, որ չստորագրելու դեպքում կզրկվեն մի քանի բաներից…»։ Սա ասում էր Օ. Դուրյանը։ Եվ Լեւոնյանը, որ միշտ մոռանում է անցյալի իր արտահայտությունները, հույսեր ունի, որ Օ. Դուրյանի միջոցով կհասնի իր նախկին պաշտոնին։ Եվ եթե դա հանկարծ իրականանա, ապա նա արդեն որերորդ անգամ կփորձի ազատվել նույն Օ. Դուրյանից։

Աբսուրդ թվեր

«Հայկական ժամանակ» օրաթերթում Թատերական գործիչների միության համագումարի մասին հրապարակման մեջ ցուցադրված է մի աղյուսակ՝ օպերային թատրոնի 1996-99թթ. բեմադրված ներկայացումների ու հանդիսատեսի քանակի մասին։ Աբսուրդ թվեր. օրինակ, այդ աղյուսակից հայտնաբերում ենք, որ օպերային թատրոնի բեմադրած ներկայացումների քանակը 1996թ. 1463 է, հանդիսատեսի քանակը՝ 415.500, 1997-ին, իբր 1457 ներկայացում է բեմադրվել, 1998-ին՝ 1474, 1999-ին՝ 1485։ Նախ, մեր որեւէ թատրոն չի կարող երբեք տարվա մեջ 1463 (եւ այլն) ներկայացում բեմադրել եւ նույնպես չի կարող մեկ տարվա մեջ 1463 (եւ այլն) անգամ այդ բեմադրությունները խաղալ։ Տարին ունի 365 օր եւ 1463 (եւ այլն) թվի դեպքում ստացվում է, որ օպերային թատրոնը օրական 4 եւ ավելի բեմադրություն է ներկայացրել կամ բեմադրել։ Ինչը հնարավոր չէ։ Օպերայի եւ բալետի թատրոնը իր կոլեկտիվով 96 թվին 42 ներկայացում է խաղացել, 99-ին՝ 38։ Եվ 99 թվին բեմադրել է ընդամենը մեկ ներկայացում։ Եթե անգամ համարենք, որ աղյուսակում բերված թվերը վերաբերում են Հայաստանի բոլոր թատրոններին, դարձյալ այլ է պատկերը ստացվում, քանի որ միայն մշակույթի նախարարության ենթակայության տակ եղած թատրոնները (կրկեսն էլ՝ հետը) 96-ին խաղացել են 1405 ներկայացում (օպերային թատրոն՝ 42, Սունդուկյանի անվան թատրոն՝ 28, Ստանիսլավսկու անվան Ռուսական թատրոն՝ 116, Հ. Պարոնյանի անվան Երաժշտական կոմեդիայի թատրոն՝ 247, Տիկնիկային թատրոն՝ 455, Գյումրիի թատրոն՝ 90, Վանաձորի թատրոն՝ 82, Պետական կամերային թատրոն՝ 48, Երիտասարդական թատրոն՝ 93, Խամաճիկների թատրոն՝ 74, Մնջախաղի թատրոն՝ 3, Պետկրկես՝ 127)։ Բոլոր այս թատրոններում 99թ. բեմադրված նոր ներկայացումների քանակը 34 է։

Առերեսում

Այժմ էլ Լեւոնյանը հայտարարում է իր մտքի նոր թռիչքի՝ «Առերեսում» գրքի մասին, որը 500 օրինակով է տպագրել։ Ինչո՞ւ այդ գրքում թեմա չի դարձնում, թե քանի տաղանդավոր երգիչ-երգչուհիների, արվեստագետների վտարեց Հայաստանի միակ օպերային թատրոնից, քանիսը այդ հոգեկան ապրումներով հեռացան կյանքից։ Քանիսը նրանցից հեռացան օտար երկրներ ու զարդարեցին այլ բեմեր։ 1995թ. էլ 1500 տպաքանակով նա մշակույթի նույն գործիչներին մակագրություններով բաժանելու համար հրատարակեց «Իմ Անուշը» գիրքը, որի շապիկի վերջին էջում իր մասին գրել էր, թե կոնսերվատորիայի պրոֆեսոր է ու շարադրել իր «շռնդալից» մտքերի շարանը։

Ցավալի է, որ մեր մշակույթի գործիչները կարճ հիշողություն ունեն ու ամեն մեկն ապրում է միայն իր անձի բարեկեցության համար։ Ընդ որում, մշակույթի այդ գործիչներն ավելի մեծ վնասներ հասցրին ժողովրդին ու առանձին մարդկանց, քան որեւէ քաղաքական գործիչ։ Կար ժամանակ, երբ մարդիկ հավատում էին արվեստագետի խոսքին ու դրա արժեքին։ Եկավ մի ժամանակ, երբ ազատ մամուլի պայմաններում հնարավոր դարձավ բացել մշակույթի գործիչներից շատերի վարած գործունեության խոհանոցը ու վարագուրված հատվածները։ Եվ մարդիկ տեսան այլ պատկեր։ Ու եկավ նաեւ մի ժամանակ, որ այդ մշակույթի գործիչներից մեդալների ու դափնիներ-կոչումների արտաքին փայլով ապրող մեծամասնությունը իրենց խոսքը ճոխացնելու համար անտեղի ու զուտ իրենց անձի վրա ուշադրություն հրավիրելու նպատակով գործածեցին բառեր ու արտահայտություններ (օրինակ, «հանուն ազգի», «հանուն մշակույթի ու արվեստի», «տաղանդավոր», «շնորհալի», «հայրենի արվեստ» եւ այլն), որոնց բուն արժեքն ու իմաստը կորսվեց։ Ու քաղաքական գործիչները իրենց հերթին մշակույթի գործիչների ճոռոմ խոսքից դա յուրացրին եւ շարունակեցին էլ ավելի կեղտոտել այդ բառերի իմաստները։ Եվ որքան մարդկային, բարոյական, հասարակական, մշակութային արժեքներ, հարաբերություններ այդպես, մշակույթի այդ գործիչների շնորհիվ վարկաբեկվեցին։ Ի՞նչ ասել է «օպերային արվեստի անզուգական վարպետ». Բագրատունի՞ն, Գոհար Գասպարյա՞նը, Նար Հովհաննիսյա՞նը, Վարդան Աճեմյա՞նը, Արմեն Գուլակյա՞նը, Տաթեւիկ Սազանդարյա՞նը, Օհան Դուրյա՞նը, Գեղամ Գրիգորյա՞նը (եւ էլի շատերը) էին եւ են օպերային արվեստի անզուգական վարպետներ, թե՞ Լեւոնյանը… Բառերը պետք է ճիշտ օգտագործել թեկուզ այն պարզ պատճառով, որ «Ի սկզբանէ Բանն էր։ Եվ Բանն Աստուած էր»։

Այսպես են գործել ու վարվել, որ ողջ հասարակությունը հեղեղված է աթոռատենչ ու անսկզբունք միջակություններով։ Հեշտ է ամեն ինչում մեղադրել ուրիշին՝ լինի դա պետություն, իշխանություն, անհատ, իրերի դասավորություն…։ Ու այս վիճակի արդյունքը դառնում է այն (ինչը եւ կա), որ ինչ-որ մի գրականագետ մեծ գրողին մեղադրում է իր մեքենայի անվադողերը թուլացնելու մեջ, մյուսը՝ Գինեսի գրքում է տեղավորում «անամոթ աշխատավարձով», նաեւ իր մեղքով՝ այդպես ապրող դերասանին, մեկ ուրիշը մեծ դիրիժորին ու երգչին է հեշտությամբ վարկաբեկում կամ սրտաճմլիկ տեքստեր գրում դեռ 92 թվից (ապա գրքում տպագրում), թե. «Սրտանց կուզեի, որ այր մի պետական զանգահարեր Ալեքսանդր Հարությունյանին՝ տուն եւ հարցներ՝ ինչպե՞ս եք, մաեստրո, որեւէ բանի կարիք ունե՞ք, ինչո՞վ կարող եմ ձեզ օգտակար լինել։ Հետո զանգահարեր Համո Սահյանին, Վահագն Դավթյանին, Գոհար Գասպարյանին, Վիկտոր Համբարձումյանին…» (Տ. Լեւոնյան)։ Սա մեղայական էլ չէ, այլ կենցաղային դերասանություն, որովհետեւ նման խոսքեր շարելուց առաջ պետք է հիշել՝ որքան ստեղծագործ մարդկանց հետ ինքն ինչպես է վարվել ու, չի էլ մտածել այդ հարցերը տալ՝ երբ կարող էր։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031