Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 02,2000 00:00

«Վարկերը կերել են բառիս բուն իմաստով» Վերահսկիչ պալատը ստուգում է բոլորին, բացի ուժայիններից «Հակաստվեր» հասարակական կազմակերպության երեկվա հյուրն էր ՀՀ ԱԺ վերահսկիչ պալատի նախագահ Աշոտ Թավադյանը։ Վերջինս անդրադարձավ 1999-2000թթ. պետբյուջեի կատարման ընթացքին, մասնավորապես, միջազգային ֆինանսական կազմակերպություններից եւ օտարերկրյա պետություններից ՀՀ կառավարությանը եւ Կենտրոնական բանկին տրամադրված վարկերին։ «Ո՞ւր գնացին վարկերը» հարցին պրն Թավադյանը պատասխանեց, որ մեր արտաքին պարտքը (պայմանագրով ամրագրված է 1,2 միլիարդ դոլար) կազմում է 900 միլիոն դոլար։ Դրանից 200 միլիոնը «գնացել» է Կենտրոնական բանկի պահուստային ֆոնդերի լրացմանը, «ամենասիրելի վարկերն» էլ՝ 200 միլիոնը «ընթացիկ ծախսեր կատարելու, աշխատավարձերի, ուսուցիչների ու բարձր պաշտոնյաների համար»։ Գնահատելով վերոնշյալը՝ ասաց. «Իսկապես, կերել են բառիս բուն իմաստով»։ 80 միլիոն մնացյալ վարկը, ըստ պրն Թավադյանի, ստացվել էր ցորենի տեսքով. «Նույնպես վաճառել ենք, մտցրել բյուջե», 40 միլիոնը՝ խորհրդատվություններին, 40 միլիոնն՝ Հրազդան ՊՇԷԿ-ին, մեծածախ շուկայի ծրագրին, ճանապարհներին, ոռոգման ծրագրերի կատարմանը։ Ի վերջո, ընդհանրացումը մեկն էր. «Չարաշահումներ եղել են» եւ փակագծերը այլեւ չբացվեցին։ ԱԺ վերահսկիչ պալատի նախագահին, երբ հարց տրվեց չվերահսկվող ոլորտների, մասնավորապես, ուժային նախարարությունների վրա իրենց պալատի ազդեցության մասին, նա չթաքցրեց էլ, որ պալատը ստուգումներ չի արել, քանի որ ԱԺ-ն նման բան չի ծրագրավորել։ Ընդհանրապես նրա խոսքը համեմված էր խիստ մասնագիտական բնութագրումներով եւ թվաբանական տվյալներով։ Դրանք ընդգրկում էին առանձին ոլորտներ. անցած տարվա եւ այս տարվա 9 ամիսների կտրվածքով։ Օրինակ, նշվեց, որ փախստականներին հատկացումներ կատարվել է 41տոկոսով, երբ պետք է կատարվեր 100 տոկոսով, համայնքներին տրվել են դոտացիաներ 50 տոկոսով, գիտության համար նախատեսված 2,6 մլրդ փոխարեն՝ տրամադրվել է 1,9 միլիարդի։ Առողջապահության բնագավառում պատկերն այսպիսին էր. անցյալ տարի 75 տոկոսով են կատարվել ծախսերը, այս տարի՝ նախատեսված գումարի 25 տոկոսն է տրամադրվել։ Հետեւությունը մեկն էր. ծախսային եւ եկամտային մասով համապատասխան համակարգում չկա։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել