Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

ՍԱՌԸ ՑՆՑՈՒՂ

Հունվար 23,2001 00:00
hay adrbejan

Իմանալով նախապատմությունը, կարելի է, իհարկե, հասկանալ հայ ժողովրդի հոգեվիճակը, երբ Ռուսաստանը հավասարության նշան դրեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Բայց դիմադրության ու արժանապատվության ցուցադրման թե բարոյական, թե ֆիզիկական ամբողջ ներուժն արդեն կորսված է։

Սկիզբը՝ թիվ 10-ում: Թեպետ այցի նախօրյակին հայկական պաշտոնական լրատվամիջոցները սկսեցին հիշեցնել իրանական գազի ներմուծման պլանը, ենթատեքստում Ռուսաստանին հասկացնելով, թե ռուսականից բացի գոյություն ունի նաեւ մեկ այլ գազ ստանալու ուղի։ Դա, սակայն, անկարողության պարզ ցուցադրում էր։ Արդեն իսկ Ադրբեջան կատարելիք այցի նախապատրաստման շրջանում երեւում էր, որ այն բխում է ռուսական պետության խոր շահերից։ Այցը նախապատրաստում էին ոչ սովորական արարողակարգով՝ գլխավոր դերը վերապահված էր ռուսական ռազմական գերատեսչությանը։ Ու թեպետ պաշտոնական հաղորդագրությունները խիստ զգուշավոր էին ռազմական համագործակցության մասին տեղեկություններում, ակնհայտ է, որ այդ բնագավառի վերաբերյալ բանակցություններն ու պայմանավորվածությունները չեն սահմանափակվում միայն ռուսական ռադիոլոկացիոն մեկ կայանի պահպանման համաձայնությամբ։ Եվ, ամենայն հավանականությամբ, շուտով Ադրբեջանն իր պատվավոր տեղը կզբաղեցնի միջազգային ռազմաքաղաքական առանցքներից մեկում։

Մյուս խնդիրը, որ խիստ հուզում էր հայ հասարակությանը, Ղարաբաղի հիմնախնդիրն է։ Չէ՞ որ այս տարիներին հայերն աստիճանաբար իրենց հաղթանակները վերագրեցին Ռուսաստանին, որը, փաստորեն, բարոյահոգեբանական հող ստեղծեց խնդրի լուծմանը Ռուսաստանի ակտիվ մասնակցության համար։ Հարցը, իհարկե, քննարկվել է այցի ընթացքում, սակայն, չնայած Պուտինի զգուշավոր վերաբերմունքին, դժվար է կռահել վերջինիս հետագա քայլերն այդ ուղղությամբ։ Ռուսաստանն ուզում է տարածաշրջանում խաղաղություն տեսնել, ինչը կարելի է ենթադրել, որ կլինի միայն Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման պայմաններում։

Թախանձաբար Ռուսաստանի հովանավորությունը հայցող Հայաստանը գնալով ավելի է կորցնում իր իրավունքները էական դեր տանելու խնդրի լուծման մեջ։ Պատմությունը կարող է նորից կրկնվել եւ Հայաստանի ու փաստացի նրա մի մասը կազմող երկրամասի բախտը որոշվի Բաքվում, առանց հայերի ներկայացուցիչների գործուն մասնակցության։ Ռուսաստանն այսօր, փաստորեն, Անդրկովկասում երկու դաշնակից ունի, որոնցից մեկը գրեթե կորցրել է արժանապատվությունը, անընդհատ նետվելով նրա գիրկը, մյուսն արժանապատիվ քաղաքականություն է վարում՝ իրեն դրսեւորելով որպես գործընկեր։ Այցի արդյունքում արձանագրված այս փաստը, ըստ էության, ադրբեջանական ու ռուսական խոր դիվանագիտության հաղթանակն էր, իսկ հայկական ծանծաղ դիվանագիտության բնական ձախողումը։

Վերջինիս համար հիմք էր ծառայել նախկին իշխանությունների օրոք սկիզբ առած ու ներկա իշխանությունների օրոք շարունակվող Ռուսաստանի գերակայությունն ամեն գնով վայելելու քաղաքական դոկտրինան։ Այն իրականացնելու համար, ինչ խոսք, կար հայ հասարակության գրեթե միաձայն թույլտվությունը։ Իսկ իրականացնելը, ելնելով խնդրի մասշտաբայնությունից ու պատասխանատվության բարձր աստիճանից, վեր է արտգործնախարարության իրավասություններից։ Ուստի տվյալ անխուսափելի ձախողումը առաջին հերթին Քոչարյանի պարզամիտ քաղաքական աշխարհընկալման հետեւանքն է։ Իհարկե, հայերի խանդի նոպան երկար չի տեւի։ Ռուսամետության առաջամարտիկները տարածում են այն կարծիքը, թե կատարվածը շա՜տ խորամանկ քայլ էր՝ իրականում Ռուսաստանը մնում է հայերի հավերժ բարեկամն ու հովանավորը։ Ու նորից՝ պատմությունը կկրկնվի…

ԱՐԱՄ ՄԱՅԻԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031