Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմն են ճանաչման դափնիները

Մարտ 02,2001 00:00
Vardan oskanyan

Երբ Վարդան Օսկանյանն իր հեռուստահարցազրույցում միայն սեւ ու ապարդյուն որակեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար մինչ այժմ կատարված աշխատանքը եւ պնդեց, թե առանձին պետությունների կողմից այդ փաստի ճանաչումն առավելապես Հայաստանի ներկա իշխանությունների ձեռքբերումն է՝ նրան քննադատեց ՀՅԴ Բյուրոյի պաշտոնաթերթ «Դրօշակը»՝ գրելով. «Նախարարը շատ լավ գիտի, որ դա չէ ճշմարտությունը, առնվազն՝ ողջ ճշմարտությունը։ ՀՀ իշխանություններն իրենց օրակարգում չունեին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար գործելու առաջադրանքը, երբ առանձին երկրների խորհրդարաններ՝ Ուրուգվայից մինչեւ Ռուսաստանի Դաշնություն եւ Հունաստան, Հայ Դատի հանձնախմբերի ծավալուն աշխատանքի շնորհիվ ընդունեցին հայ ժողովրդի դեմ գործադրված ցեղասպանությունը դատապարտող բանաձեւեր»։

Մեր խնդրանքով մեկնաբանելով այս հրապարակման մեջ արտաքին քաղաքական գերատեսչությանը վերաբերող պնդումը՝ ԱԳՆ խոսնակ Ձյունիկ Աղաջանյանն ասաց. «Հոդվածագրի հաստատումը որոշակի թյուրըմբռնում է պարունակում, որովհետեւ նշված տարիներին (նկատի ուներ այն տարիները, երբ «Դրօշակի» թվարկած որոշ երկրներ, ասենք՝ Ուրուգվայը, ճանաչեցին Ցեղասպանությունը.- Ա. Ի.) ՀՀ իշխանությունների մասին խոսելն անհնարին էր, քանի որ գտնվում էինք խորհրդային իշխանության ենթակայության ներքո եւ ինքնուրույն գործելու հնարավորություն, բնականաբար, չունեինք։ Անկախության շրջանի այն (այս դեպքում էլ խոսքը թերեւս ՌԴ Պետդումայի բանաձեւի ընդունման շրջանի մասին է.- Ա. Ի.) երեք տարիներին, որոնց մասին խոսվում է, ՀՀ իշխանությունների օրակարգում առավելապես գոյատեւման խնդիրն էր։ Ինչ վերաբերում է Հայ Դատի հանձնախմբերի ծավալած աշխատանքին, չթերագնահատելով դրանք, կուզենայինք շեշտել, որ դրանց հաջողություններն անհնարին կլինեին, եթե չունենային ողջ սփյուռքահայության աջակցությունը»։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031