Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկվա

Ապրիլ 04,2001 00:00

Եվ նորից ԱԺ-ում բանը հասավ ձեռնամարտի Երեկվա հայտարարությունների ժամը նախորդ օրը ԲԷՑ-երի հարցով արտահերթ նիստից կուտակված վիրավորանքների եւ փոխադարձ հաշիվների պարզման պատեհ առիթ դարձավ։ Նախ Արշակ Սադոյանը բողոքեց ՀՀԿ-ից եւ ՀՅԴ-ից. «Ժողովրդի կարեւորագույն հարցերի մասին խոսելը շատ կուսակցություններ՝ առաջին հերթին Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, ներկայացնում են որպես պոպուլիզմ, միտինգ»։ Հաջորդը Հմայակ Հովհաննիսյանն էր, որ «Միասնությունից» դուրս գալուց հետո երբեք չի զրկել իրեն քաղաքական մեծամասնության մասին «քաղցր խոսքեր» ասելու հնարավորությունից։ Եվ, բնականաբար, առիթը չէր փախցնելու արտահերթ նիստում իր նախկին խմբակցության իրարամերժ քվեարկության առիթով հետեւությունները բարձրաձայնելու համար. «Քաղաքական դաշտում դոմինանտ ղեկավարություն ստանձնած «Միասնություն» դաշինքն իրականում ունի՞ երկիրը զարգացման ուղիով առաջնորդելու միասնական ծրագիր։ Եթե ոնի՝ ուրեմն, գոնե այս կարեւորագույն հարցում պետք է միասնական լիներ (…)։ Եթե չունի այդպիսի միասնական ծրագիր, ինչն արտացոլվեց այս կարեւորագույն հարցում երկփեղկվածության մեջ՝ պետք է ազնվություն ունենա հեռանալու քաղաքական թատերաբեմից, ներողամտություն հայցելով խաբված ժողովրդից։ (…) Եթե նույնիսկ մեկ առանձին հարցում եւ 10 ամիսների ընթացքում դաշինքը կազմող ՀՀԿ-ն եւ ՀԺԿ-ն չկարողացան միասնական մոտեցում մշակել՝ ուրեմն, պետք է մտածել ազգը եւ երկիրը այս կազմակերպություններից եւ նրանց այսօրվա առաջնորդների միասնական տկարամտությունից փրկելու մասին»։ Այս հայտարարություններն էլ առիթ դարձան, որ ՀՀԿ-ական երիտասարդ պատգամավոր Վազգեն Խաչիկյանը նախաձեռնի հակահարված հասցնել ե՛ւ Սադոյանին, ե՛ւ Հմայակ Հովհաննիսյանին. «Առաջին հայտարարությունն անողը մի անձ է, որ կուսակցություններ փոխելու առումով երեւի թե ռեկորդակիր դառնա շուտով (այս ակնարկը պրն Հովհաննիսյանը նախ իր հասցեին ընդունեց, սակայն աղմկոտ բողոքը դադարեցրեց՝ լսելով երկրորդ նախադասությունը- Ա. Ի.)։ Եվ ժամանակին լինելով ՀՀՇ վարչության անդամ՝ մի այսպիսի հանրահայտ արտահայտություն արեց, որից հետո սկսվեց կոմունիստական ժամանակաշրջանի կադրերի ջարդը՝ «թող պոլի փետ լինի, բայց միայն ՀՀՇ-ից լինի»։ (…) Եվ հիմա այդ մարդը խոսում է արտադրությունից, երբ որ միտինգներ էր կազմակերպում ժամանակին, որ «Նաիրիտը» թույն է», «այս երկրի համար ատոմակայանը թույն է»։ Ակնհայտ էր, որ Վազգեն Խաչիկյանը Արշակ Սադոյանին շփոթել էր մի դեպքում Վանո Սիրադեղյանի, մյուս դեպքում՝ թերեւս Խաչիկ Ստամբոլցյանի հետ, ինչի առնչությամբ եւ հետո փորձեց իր բողոքն արտահայտել պրն Սադոյանը։ Թե ինչ հետեւեց դրան՝ քիչ հետո։ Իսկ մինչ այդ ներկայացնենք պրն Խաչիկյանի հայտարարությունից Հմայակ Հովհաննիսյանին ձոնված հատվածը. «Պետք է ասեմ, որ կլասիկներ լինում են ոչ միայն գրականության, արվեստի բնագավառում, այլ նաեւ՝ հոգեբուժության բնագավառում, որոնց իսկապես կարելի է միայն ցիտել, բայց ոչ մեկնաբանել»։ Հիշատակված երկու պատգամավորներն էլ բավական բուռն արձագանքեցին։ Հմայակ Հովհաննիսյանին մի կերպ հանդարտեցրեց եւ իր տեղը (որ, իրականում Վանո Սիրադեղյանի կողքին է) նստեցրեց Վիկտոր Դալլաքյանը։ Իսկ այ, Արշակ Սադոյանին «կարգի հրավիրելու» գործառույթը ստանձնեց ոչնչով աչքի չընկած հանրապետական Սուքիաս Ավետիսյանը. «Դե, ձե՛նդ կտրի»։ Հաջորդող բանավեճում ամենաանմեղն արդեն «Հըլը մի հատ վեր ընգի տե՛ղդ» արտահայտությունն էր։ Հակամարտությունը միջնորդների օգնությամբ մի կերպ կարգավորվեց։ Լավ է, որ այս դեպքում դրա համար որեւէ էկզոտիկ կղզի մեկնելու անհրաժեշտություն չզգացվեց։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել