Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Սարգսյանն Իտալիայում հանդիպումներ է ունեցել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Մոլդովայի նախարարների հետ 

Հոկտեմբեր 27,2026 16:23 Share
Աջակցեք aravot.am-ին

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Իտալիայում անցկացված Թմրամիջոցների դեմ պայքարի եվրոպական կոալիցիայի (ECAD) միջազգային գագաթնաժողովի շրջանակում մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել։ Հանդիպումներին մասնակցել է նաև Իտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը։

Ֆրանսիայի ներքին գործերի պատվիրակ նախարար Մարի-Պիեռ Վեդրենի հետ զրույցում կողմերն անդրադարձել են համագործակցության ընդլայնման հնարավորություններին, մասնավորապես՝ Ոստիկանության գվարդիայի կարողությունների զարգացմանն ու փորձի փոխանակմանը։ Կարևորվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման և դրա դեմ պայքարի ուղղությամբ համագործակցությունը, այդ թվում՝ իրավապահ աշխատանքի և կախվածությունների բուժման ոլորտներում փորձի փոխանակումը։

Միացյալ Թագավորության առողջապահության և սոցիալական ապահովության պետական նախարար Դայանա Ջոնսոնի հետ հանդիպման առանցքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ անչափահասների ներգրավման կանխարգելման և նրանց պաշտպանությանն ուղղված միջոցառումներն էին։ Անդրադարձ է եղել բրիտանական կողմի մշակած արձանագրությամբ նախատեսված ընթացակարգերին, և պայմանավորվածություն է ձեռք բերվել փորձի փոխանակման վերաբերյալ։

Մոլդովայի ներքին գործերի նախարար Դանիելլա Միսաիլ-Նիչիտինիի հետ հանդիպմանը կողմերը դիտարկել են կազմակերպված հանցավորության, հիբրիդային սպառնալիքների և կիբեռհանցագործությունների դեմ պայքարում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները։ Հատուկ ուշադրություն է դարձվել կրիպտոարժույթների օգտագործմամբ կատարվող հանցագործությունները բացահայտելու կարողությունների զարգացմանը։

Նախարարներն անդրադարձել են նաև երկու երկրների ներքին գործերի նախարարությունների կրթական հաստատությունների համագործակցությանը։

ՀՀ ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել