ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Ֆրանսիայի Լը Պլեսի-Ռոբինսոն քաղաքի փոխքաղաքապետ Կորին Մարե Դյուգեի (Corinne Mare Duguer) և «Իլ-դը-Ֆրանս շրջանի հայկական սփյուռք» (ODARIF) կազմակերպության համահիմնադիր համանախագահներ Հայկ (Օլիվիե) Շահբազյանի (Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս տարածաշրջանում ՀՀ սփյուռքի գործերի հանձնակատար) և Լևոն Ավդալյանի գլխավորած պատվիրակությանը։
Պատվիրակությունների ներկայացուցիչները Հայաստան են ժամանել՝ մասնակցելու COP17 համաժողովին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Ֆրանսիա համագործակցության զարգացմանը, Ֆրանսիայի հայկական համայնքի հետ կապերի ամրապնդմանը և Սփյուռքի ներուժի առավել արդյունավետ ներգրավմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների և հայկական համայնքային կառույցների միջև համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև համայնքային կյանքում հայության ներգրավվածության ընդլայնմանն ուղղված նախաձեռնություններին։
Զարեհ Սինանյանը ներկայացրել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեության հիմնական ուղղությունները՝ կարևորելով Սփյուռքի համայնքների, համայնքային կազմակերպությունների և տեղական գործընկերների հետ շարունակական երկխոսության ու համագործակցության դերը Հայաստան–Սփյուռք կապերի ամրապնդման գործում։
Կարդացեք նաև
Հանդիպման մասնակիցները կարևորել են առկա համագործակցության զարգացումն ու նոր նախաձեռնությունների խթանումն՝ ի նպաստ Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական կապերի խորացման և հայկական համայնքի ներուժի առավել արդյունավետ իրացման։
Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ



















































