Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն

Ապրիլ 04,2001 00:00

Գործնական հայրենասիրություն Արդեն չորս տարի է՝ Հայաստանի կամերային նվագախումբը ղեկավարում է Արամ Ղարաբեկյանը։ Նրա գործունեությունը դուրս է գալիս զուտ մասնագիտական խնդիրների լուծման շրջանակներից, որովհետեւ տոգորված է բարձր գաղափարով։ Այդ գաղափարը հայրենասիրությունն է։ Առանց աղմուկի, առանց ավելորդ բառերի, իրական, գործնական հայրենասիրություն։ Ղարաբեկյանի ստեղծագործական կենսագրության մեջ որոշիչ պահ դարձավ այն, որ նա գտավ իր նման հայրենասերների, ի դեմս Վաչե եւ Թամար Մանուկյանների, որոնք հովանավորում են իր նվագախմբի աշխատանքը, հյուրախաղերը, Ղարաբեկյանի ողջ գործունեությունը։ Այսօր Հայաստանի կամերային նվագախումբը ոչ միայն առաջնակարգ երաժշտական կոլեկտիվ է, այլեւ մեր մշակույթի կենդանի մի օջախ, որտեղ ծնվում է նոր երաժշտություն, ի հայտ են գալիս նոր տաղանդներ։ Արամ Ղարաբեկյանը համագործակցության հրավիրեց հայ կոմպոզիտորներին, եւ դա չափազանց կարեւոր փաստ է, քանի որ վերջին տասը տարվա ընթացքում կոմպոզիտորական ստեղծագործությունը զրկված է պետական հովանավորությունից՝ ստեղծագործությունները չեն գնվում, չեն պատվիրվում, դրանց կատարումը հնարավոր է միայն հովանավորների միջոցով։ Կոմպոզիտորները ոգեւորված են Ղարաբեկյանի առաջարկով՝ նրանք նոր գործեր են գրում, իմանալով, որ դրանք հնչելու են։ Արդեն կատարվել են հատուկ նվագախմբի համար գրված Էդվարդ Հայրապետյանի, Վահրամ Բաբայանի, Վարդան Աճեմյանի, Ռուբեն Ալթունյանի ստեղծագործությունները։ Տպավորություն է ստեղծվում, որ կոմպոզիտորների ստեղծագործությունները իրենց վրա կրում են Ղարաբեկյանի ոճի դրոշմը՝ նուրբ, ռոմանտիկ, արդիական։ Սակայն ամեն մի գործ, իհարկե, անհատական է եւ ներկայացնում է տվյալ կոմպոզիտորի ոճը։ Վերջին տարվա ընթացքում կատարվել է Ռուբեն Ալթունյանի երկու նոր ստեղծագործություն՝ սիմֆոնիետա կամերային նվագախմբի համար եւ «Թափուր անդաստանը», որը գրված է կամերային նվագախմբի եւ չորս դուդուկի ու զուռնայի համար։ Մարտի վերջին հնչած այդ գործի մասին ինքը՝ Ռուբեն Ալթունյանը, ասել է շատ կարճ՝ դա մեր օրերն են։ Հաճելի է մտածել, որ այս ստեղծագործությունը կատարվելու է տարբեր երկրներում։ Թող որ այն լի է դառնությամբ՝ դա մեր կյանքն է։ Կարող եմ պատկերացնել այն հաջողությունը, որով Ռուբեն Ալթունյանի գործը հնչելու է մայիսին Լոնդոնում կայանալիք երաժշտության միջազգային փառատոնում, որտեղ կատարվելու են ժողովրդական նվագարաններ ներառող գործեր։ Հոյակապ գաղափար է՝ ժողովուրդները խոսելու են երաժշտության լեզվով եւ, անշուշտ, հասկանալու են միմյանց։ ՄԱՐԳԱՐԻՏ ՌՈՒԽԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30