Լրահոս
Օրվա լրահոսը

ՋՈՒՐ ԵՄ ԾԱԽՈՒՄ ՍԱՌՆՈՐԱԿ

Ապրիլ 05,2001 00:00

ՋՈՒՐ ԵՄ ԾԱԽՈՒՄ ՍԱՌՆՈՐԱԿ Հայաստանում սկսել է զարգանալ բիզնեսի նոր ճյուղ, որը հատուկ է միայն հայաստանյան շուկային։ Դավիթաշենի, Նորքի 4-րդ զանգվածի մի քանի բարձրահարկ շենքերի առաջին հարկի բնակարանների դռների վրա հայտնվել է «դույլ ջուրը՝ 100 դրամ» երկտողը, քանի որ 15 րոպեանոց ջրային դրախտը հասցնում են վայելել միայն 1-ին հարկի բնակիչները։ Իսկ վերին հարկի բնակիչները դույլերով հերթ են կանգնում ներքեւի հարեւանի ծորակի մոտ, եւ «ջրատար» մարդիկ այդ կարեւոր գործընթացի ժամանակ ապականում են առաջին հարկի հարեւանի բնակարանները։ Այցելեցինք վերը նշված թաղամասերը, որպեսզի զրուցենք բնակիչների հետ։ Նրանք գնի նկատմամբ դժգոհություն չունեն: «Ի՞նչ անենք, եթե ամիսներով ջրի երես չենք տեսնում: Ջուրը հազիվ ճլճլոցով գալիս է առաջին հարկում»: «Լավ ա որ թույլ են տալիս բոլորին ջուր վերցնել, երբեմն հենց առաջին հարկի բնակիչներն են մնում առանց ջրի»,- ասացին բնակիչները։ Նրանք օրական մեկ դույլ ջուր գնում են խմելու, մեկ դույլ՝ զուգարանի համար։ Լվացքի համար անհրաժեշտ է 10 դույլ ջուր, այդ իսկ պատճառով բնակիչները լվացքը անում են երկու ամիսը մեկ անգամ։ Լողանում են բաղնիքներում։ Ի դեպ, 10 դույլ գնողի համար դույլը հաշվում են 70 դրամով։ Մտնելով ժողովրդի սոցիալական դրության մեջ, ներքեւի հարկի բնակիչները անապահով խավին անվճար են ջրամատակարարում։ Նաեւ սահմանել են տոնական զեղչեր։ Իսկ ինչպես իրեն հարգող ամեն հայ, «աղպերության» ծարավը «նիսյայով» են հագեցնում։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել