Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդունել

Ապրիլ 10,2001 00:00

ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ «Ընդունել է ծնունդ՝ մեկ ձեռքի ձեռնոց հագած» Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակչուհի Անգին Գեւորգյանը 2000թ. մայիսի 29-ին գտնվելով 39-40 շաբաթական հղիության մեջ, դիմում է Բաղրամյանի ծննդատուն։ Բժիշկ Լեւ Ավետիսյանը, որն ընդունել էր հղի կնոջը, տեսնելով, որ նրա վիճակը վատանում է, հաջորդ օրը, ժամը 15.40-ին նրան ուղարկում է Արմավիրի ծննդատուն։ Հերթապահ բժիշկն էր Արմեն Վարդանյանը։ Անգինը ծննդաբերում է աղջիկ, իսկ այդ ընթացքում սկսվում է արնահոսություն։ Արմավիրի մարզի դատախազության քննիչ Հ. Մելիք-Սարգսյանը իր 26 հունվարի 2001թ. քրեական գործ հարուցելու եւ այն վարույթ ընդունելու մասին որոշման մեջ արձանագրում է. «Ա. Վարդանյանը նրան կատարելով ձեռքային եւ գործիքային միջամտություններ», հրավիրում է այլ բժիշկների, որոնք Ա. Գեւորգյանին վիրահատում են, որից նրա վիճակը կտրուկ վատանում է եւ «բժիշկների կողմից նրան ցուցաբերած ոչ լիարժեք բուժօգնության հետեւանքով 1.06.00թ. գիշերը, ժամը 1.30-ին Անգին Գեւորգյանը մահացել է»։ Որոշվում է հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրօր 103 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով։ Իհարկե, մի անգամ քրգործ հարուցելը մերժվում է, կատարվում է մինչ այդ Ա. Գեւորգյանի դիակի արտաշիրիմում։ Հետո՝ 16.10.2000թ. քրգործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացվում է։ Ո՞րն էր բժիշկների մեղքը։ Ըստ քննիչ Հ. Մելիք-Սարգսյանի, բժիշկ Ա. Վարդանյանը բժիշկներ Մ. Դանիելբեկին, Ն. Գեւորգյանին եւ Ն. Անաստասյանին ծննդատուն է կանչել Անգինի ծննդաբերությունից 1 ժամ հետո, երբ նա կորցրել էր արդեն 3 լիտր արյուն։ Նրանք էլ վիրահատություն են կատարել իրենց գալուց 2 ժամ հետո։ Ամենասարսափելին՝ «վիրահատության ժամանակ հիվանդին արյուն չի ներարկվել, երբ դա պարտադիր էր 3,5 լիտր արյուն կորցրած վիրահատվողի համար»։ Մասնագետներն ավելորդ են համարել բժիշկ Ա. Վարդանյանի կողմից «ձեռքային եւ գործիքային միջամտությունները», որոնց մասին նշեցի վերեւում։ 21-ամյա կնոջ դիակը «բացելու» ժամանակ պարզվել է, որ կապված են եղել ինչպես արգանդը սնուցող անոթները, այնպես էլ… միզածորանները։ Ինչն էլ պատճառ է հանդիսացել երիկամային սուր անբավարարության։ Նախաքննության մարմնին Բաղրամյանի ծննդատան մանկաբարձուհիների տված ցուցմունքների համաձայն, «Բժշկի ցուցումով Արմավիրի ծննդատան մանկաբարձուհին մի քանի անգամ սեղմել է հիվանդի որովայնը, որից հետո բժիշկ Վարդանյանը ընդունել է ծնունդը՝ միայն մեկ ձեռքի ձեռնոց հագած»։ Ի դեպ, շատ դաժան է նկարագրված հիվանդի՝ Բաղրամյանի ծննդատնից Արմավիրի ծննդատուն ընդունելը. «Իրենք բժիշկ Ա. Վարդանյանին հանձնելով ուղեգիրը, ասել են՝ հիվանդը արյուն է կորցնում, սակայն բժիշկ Վարդանյանը… հիվանդին կանգնեցրել է ոտքի եւ տեսնելով պատգարակի վրայի արյունը, ասել է, որ արյան արտադրությունը շատ քիչ է, հիվանդին ուղարկել է ծնարան, պառկեցրել… ծննդաբերական աթոռի վրա»։ Ձեռքային եւ գործիքային միջամտությունների ժամանակ չեն ներարկվել ցավազրկող դեղեր։ Անգինի ամուսինը՝ Միսակը ասաց, որ կնոջ հիվանդության պատմության նկարագրում, չեն եղել նրան ներարկված ցավազրկող դեղերի անվանումները, հետագայում այլ գույնի գրիչով տողերի արանքում ավելացվել է… Ծնվել է աղջիկ երեխա։ Մի դեպքում ասվում է, որ 1 պտույտ պորտալարը վզին փաթաթված էր, մյուս դեպքում, օրինակ, հիվանդի պատմության մեջ նշված էլ չէր, որ պորտալարը փաթաթված է եղել երեխայի վզին։ Բժիշկները մեղադրվում են նաեւ ոչ ժամանակին բուժօգնություն ցույց տալու համար։ Ըստ քննիչ Հ. Մելիք-Սարգսյանի, գործի վերանայման արձանագրության «Արմավիրի ծննդատան անեսթեզիոլոգ Ն. Անաստասյանի բացատրության համաձայն, վիրահատության ժամանակ Ա. Գեւորգյանին ներարկվել է դոնորական արյուն, սակայն նյութերի նախապատրաստման ժամանակ պարզվել է, որ վիրահատության ընթացքում եւ մինչեւ դրա ավարտը Ա. Գեւորգյանին դոնորական արյուն չի ներարկվել»։ Արյունը տեղ է հասել վիրահատությունից 2 ժամ հետո։ Իսկ վիրահատության ժամանակ հիվանդը կորցրել էր 400-450 մլ արյուն։ Կարծում եք այսքանով ավարտվո՞ւմ է 21-ամյա կնոջ ողբերգական պատմությունը. նրա մահվան մասին տեղյակ չի պահվում անգամ Արմավիրի ՆԳ բաժնին, դիակն էլ չի ուղարկվում դիահերձման։ Կնոջ ներքին օրգանները, հարազատների կամոք, թաղվում են տան այգում, որը անցյալ սեպտեմբերին ամուսնու՝ Միսակ Մաղաքյանի նախաձեռնությամբ հողի տակից հանվում է, տեղադրվում ֆորմալինե ամանների մեջ։ Ապագայում այն ուղարկվում է փորձագիտական քննության։ Երբ զրուցում էի Միսակ Մաղաքյանի հետ, նա ասաց, որ ինքը վրեժխնդրությամբ չի առաջնորդվում, պարզապես ուզում է առողջապահության նախարարի ուշադրությունը հրավիրել կատարվածի վրա։ Բժիշկներն էլի ծնունդ են ընդունում, աշխատում են։ Իսկ 10 ամսական Անգինը առաջին թոթովանքներն է անում, բայց ոչ «մամա»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել