Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ չկայացած հայտարարվեց պետական կառավարման մարմինների կարիքների համար բենզինի գնման մրցույթը։

Ապրիլ 21,2001 00:00

ԲԵՆԶԻՆ ՆԵՐԿՐՈՂՆԵՐԸ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՆ ԹԵԼԱԴՐՈՒՄ Երեկ չկայացած հայտարարվեց պետական կառավարման մարմինների կարիքների համար բենզինի գնման մրցույթը։ Պետական գնումների գործակալությունը մրցույթը երկու փուլով էր հայտարարել՝ 1 լիտրի առավելագույն արժեքը սահմանելով 270 դրամ։ Պետբյուջեով 300 դրամ է նախատեսված։ ՊԳԳ պետ Զարեհ Սարգսյանի խոսքերով. «Նպատակ կար խնայված միջոցների հաշվին պետական այլ կարիքներ բավարարել կամ ավելացնել գնվելիք բենզինի քանակը»։ Մրցույթին մասնակցելու համար հայտ էր ներկայացրել երեք ընկերություն՝ «Ֆլեշ», «Կարե» եւ «Թալին»։ Նրանցից ոչ մեկը չէր բավարարել պայմանները, գերազանցելով առավելագույն արժեքը։ Համապատասխանաբար առաջարկել էին 275, 280 եւ 275 դրամ։ Իսկ սա շուկայի գինն է, այն էլ մանրածախ։ Մատակարարին ուղղակի պատվեր տալու դեպքում՝ պետությունն ավելի էժան գնով կարող է ձեռք բերել։ Զարեհ Սարգսյանի խոսքերով՝ տվյալ պարագայում անհասկանալի է դառնում նրանց մասնակցությունը, որովհետեւ նախօրոք տեղյակ էին, որ սահմանված գինը գերազանցելու դեպքում մրցույթը չկայացած է համարվելու։ Պրն Սարգսյանը մի առիթով «Առավոտին» տված հարցազրույցում հայտնել էր, որ շատ ապրանքների, ծառայությունների մատակարար ընկերությունները հայաստանյան շուկայում այնքան քիչ են, որ «համերաշխություն» դրսեւորելու պարագայում անգամ կարող է մրցույթ տեղի չունենալ։ Այս անգամ այդպես էլ եղավ։ Տվյալ պարագայում «համերաշխություն» դրսեւորելն այնքան էլ դժվար չէր, որովհետեւ մեր ունեցած տեղեկությունների համաձայն, նշված առաջին երկու ընկերությունների եւ «Միկա Արմենիայի» փաստացի տերերը միեւնույն մարդիկ են։ Իսկ «Թալինն» այնքան փոքր ընկերություն է, որ մրցակցություն չի ներկայացնում։ Պատահական չէ «Միկա Արմենիայի» չմասնակցելը։ Իրոք, Հայաստանում բենզին ներկրողների քանակն այնքան փոքր է, շուկան ու տնտեսությունը չկայացած, որ համագործակցությունը իրենից բարդ խնդիր չի ներկայացնում, անգամ պետությանը պայմաններ թելադրելու համար։ Պայմաններ թելադրելը տնտեսվարողի իրավունքն է, սակայն, եթե դա օրինական ճանապարհով է տեղի ունենում։ Հայտնի է, որ «Միկա Արմենիայի», հետեւաբար, նշված երկու ընկերությունների «կռիշան» Սերժ Սարգսյանն է (պատգամավորներից եմ իմացել, նրանք այս մասին քչփչալուց բացի, արդեն բազմիցս հրապարակավ հայտարարել են այդ մասին, ու ի գիտություն եմ ընդունել, քանի դեռ հերքում չկա- Ա. Ֆ.)։ Նրա նման հզոր «կռիշա» ունենալու պայմաններում դժվար չէ անգամ պետությանը պայմաններ թելադրելը։ Նոր ներկրողի, նույնիսկ արտասահմանյան, վտանգն իրական չէ՝ դարձյալ նկատի ունենալով «կռիշայի» եւ այն հանգամանքը, որ արտասահմանյան ներկրողի համար հարմար չեն առաջարկվող պայմանները, որովհետեւ նա պետք է ողջ տարվա ընթացքում՝ օրական 4-ական լիտր բենզին մատակարարի ողջ հանրապետության տարածքում բոլոր պետական կառավարման մարմիններին։ Լիազոր մարմնի՝ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ, մրցութային հանձնաժողովի նախագահ Գեւորգ Հարությունյանը համաձայն չէ «Առավոտի» այս պնդման հետ. «Ես կասեի, պետությունն է պայմաններ թելադրել, իսկ տնտեսվարողները չեն համաձայնել»։ Նրա հայտնած տվյալներով, երկրորդ եռամսյակի կարիքները բավարարելու համար հայտարարվելիք մրցույթի ժամանակ պայմանները կփոխվեն։ Ենթադրաբար՝ առավելագույն գինը ավելի բարձր կսահմանվի։ Թույլ տանք կանխատեսել, որ չի բացառվում երկրորդ մրցույթի չկայացումը նույնպես։ Եվ այսպես, մի քանի կիսամյակ շարունակ։ Ճիշտ այդքան ժամանակ չինովնիկը կիրականացնի այդ գնումը՝ ամեն անգամ գրպանում մի կլորիկ գումար դնելով։ Ստացվում է, որ պետական լծակներն օգտագործվում են ընդդեմ պետության։ Ա. Ֆ . Հ. Գ. Մրցույթի չկայացմանը նպաստել են նաեւ պետական գերատեսչությունները՝ հայտերի չներկայացմամբ, ուշ ներկայացմամբ եւ ժամանակին տարբեր ապրանքների համար մատակարար ընկերություններին ապրանքների եւ ծառայությունների դիմաց պարտքերի կուտակմամբ եւ մինչ այժմ չվճարմամբ։ Այս խնդրի կապակցությամբ մտադիր ենք լսել նաեւ հիշյալ ընկերությունների տեսակետը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել