Լրահոս
Օրվա լրահոսը

Դե զարկելը հիմի դու տե՛ս

Հունիս 06,2001 00:00

ՈՆՑ ԹԵ ԴՈՒ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ ԶԱՐԿԵ՞Ս Դե զարկելը հիմի դու տե՛ս Զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի պաշտպանների բավական նոսրացած շարքերը համալրվել են ի դեմս Արդարադատության խորհրդի անդամ Ռոբերտ Ավագյանի։ Սույն եզրակացությանը հանգեցինք՝ ծանոթանալով Երեւանի դատախազի օգնական Մ. Մարտիրոսյանի մայիսի 23-ի որոշմանը՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին։ Խոսքն ԱԺ պատգամավոր Էմմա Խուդաբաշյանի դիմումի մասին է, որը խնդրել էր քրեական գործ հարուցել Ռոբերտ Ավագյանի նկատմամբ զրպարտության եւ այն ծանր հանցագործության՝ կաշառակերության մեջ իրեն մեղադրելու համար։ Եվ ահա թե պրն Ավագյանն ինչպես է արդարացել։ Մեջբերենք այս որոշումից. «Ռոբերտ Ավագյանն իր բացատրությամբ հայտնել է, որ ինքն ուղղակի մեղադրանքներ չի ներկայացրել ԱԺ պատգամավոր Է. Խուդաբաշյանին, այլ հարցադրումներ է արել եւ, որ ինքը դրանով հանդերձ նպատակ չի ունեցել վերջինիս պատիվն ու արժանապատվությունը վիրավորել։ Այդ հարցադրման նպատակը եղել է այն, որպեսզի Է. Խուդաբաշյանին ուղղի իրեն իսկ կողմից ՀՀ զինվորական դատախազ Գ. Ջհանգիրյանին 2000թ. հուլիսի 13-ին «Առավոտ» օրաթերթով ուղղված հարցադրումը, որը հնչել է հետեւյալ կերպ. «Ջհանգիրյանին կամ սարսափելի վախեցրել են, կամ նա մեզ խաբել է, կամ էլ կաշառել են»։ Երեւանի դատախազությունն էլ անմիջապես կառչել է այս պատճառաբանությունից եւ մերժել Արդարադատության խորհրդի անդամի դեմ գործ հարուցել այն հիմնավորմամբ, թե նա «նպատակ չի ունեցել մեղադրել Է. Խուդաբաշյանին»։ Ըստ այդմ, կարելի է ինչ-որ մեկի մասին ասել. «Թող ասի, թե ինչքա՞ն է վերցնում իր մարմինը վաճառելու դիմաց» եւ մեր դատախազները սա չեն համարի վիրավորանք, այլ կդիտեն որպես զուտ հարցադրում։ Այսքան ուրախ կյանքը մեր տեսնես ո՞վ է տվել։ Բայց առավել «ուրախալի» է, որ պրն Ավագյանն իր այս զուգահեռ հարցադրումներով փաստորեն համանման մեղադրանքներից պաշտպանության տակ է առել զինդատախազին։ Ազնիվ զբաղմունք է մի մարդու նկատմամբ, որին հարվածում էին բոլոր կողմերից։ Ընդսմին՝ ոչ վաղ անցյալում հարվածողներից մեկն էլ նույն պրն Ավագյանն էր։ Հիմա արդյոք զինդատախազն ունի՞ պաշտպանության կարիքը մի մարդու, որն, ըստ իշխանական վերին օղակների տրամադրվածության՝ մե՛կ լուտանքներ է թափում իր հասցեին, մե՛կ իր թասիբին կանգնում։ Հուսանք, որ պատասխանը բացասական է, քանի որ հենց պրն Ջհանգիրյանն էր պրն Ավագյանի սկզբունքայնության մասին հեգնանքով խոսում Հանրային հեռուստատեսության ամբողջ լսարանի առջեւ։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել