Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն մի քանի ամիս է, ինչ ամեն առավոտ նույն տեսարանի դիտորդ ենք դառնում։ Ավտոտեսուչները կանգնեցնում

Հունիս 06,2001 00:00

«Մեր համակարգը սուրբ չէ» Արդեն մի քանի ամիս է, ինչ ամեն առավոտ նույն տեսարանի դիտորդ ենք դառնում։ Ավտոտեսուչները կանգնեցնում են ոչ միայն ավտոմեքենաները, այլ երթուղային տաքսիները՝ իբր թե ինչ-որ փաստաթուղթ ստուգելու նպատակով։ Վարորդ-ավտոտեսուչ առեւտուրը տեւում է 10-30 րոպե՝ կախված ավտոտեսուչի «ախորժակից» եւ վարորդի սոցիալական վիճակից։ Իսկ երթուղային տաքսու ուղեւորները ստիպված նյարդայնացած սպասում են երկխոսության ավարտին՝ մտածելով, որ այս անգամ էլ աշխատանքից ուշանալու համար կստանան նկատողություն։ Քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից տեղեկացանք, որ մինչեւ մայիսի 22-ը իրենք են խնդրել ՆԳՆ վարչությունից անօրինական երթուղային տաքսիների բացահայտմանը աջակցել։ Առաջին հայացքից ամեն ինչ նորմալ էր, եւ որոշեցինք այլեւս չզբաղվել այս խնդրով։ Սակայն մի քանի օր առաջ՝ նույն պատմությունը կրկնվեց։ Զարմանալին միայն այն չէ, որ քաղաքապետարանի եւ ՆԳՆ վարչության պայմանավորվածության ավարտից հետո ավտոտեսուչները դարձյալ կանգնեցնում են երթուղային տաքսիները, այլ այն, որ կանգնեցնում էին հատկապես քաղաքապետարանի կողմից տրված պետական դրոշմանիշերով մեքենաները, որոնք ակնհայտորեն ապացուցում են, որ մեքենան անօրինական չի երթեւեկում։ Քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից տեղեկացանք, որ մրցույթը կասեցնելուց հետո եւ մինչեւ նոր մրցույթ սկսելը բոլոր լիցենզավորված երթուղային տաքսիները, անկախ նրանից, մրցույթն անցել են, թե ոչ՝ ունեն երթեւեկելու իրավունք։ Ակամայից հարց է ծագում, թե ի՞նչ էին ստուգում փողոցներում «ցցված» ավտոտեսուչները եւ ի՞նչ իրավունքով էր դա արվում։ Որեւէ պարզաբանում ստանալու ակնկալիքով զրուցեցինք ՆԳՆ լրատվական վարչության պետ Արտակ Վարդազարյանի հետ։ Մինչ պատշաճ բացատրություն տալը, նա ցանկացավ նշել, որ այս երկրում ոչ ոք սուրբ չէ։ Հետո ավելացրեց, թե հասկանում է երթուղային տաքսու ուղեւորների վիճակը, սակայն դա իրենց աշխատանքն է։ Այն հարցին, թե ինչո՞ւ են կանգնեցնում պետական դրոշմանիշերով երթուղային տաքսիները, երբ դրա կարիքը չկա, պրն Վարդազարյանն ասաց, որ երեւի դրանք կասկածելի են թվացել, «համ էլ ինչ գիտեն, որ պետական դրոշմանիշերը օրինական ճանապարհով են ստացված, կարող է դրանք կեղծ են։ Դոլարն են կեղծում, էդ թուղթը կեղծելը դժվա՞ր ա»,- ասաց Ա. Վարդազարյանը։ Մեր պնդումներին, թե դա պետք է արվեր մինչեւ մայիսի 22-ը, հետո էլ մենք արդեն տեղեկացանք քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից, որ դրանք կեղծ չեն եւ, որ կեղծելը անհնարին է։ Պրն Վարդազարյանն ասաց, որ անհնարին ոչինչ չի տեսնում եւ, որ իրենք միշտ էլ կանգնեցնելու եւ ստուգելու իրավունք ունեն։ Եվ ներողություն հայտնեց ուղեւորներին աշխատանքից ուշացնելու համար, իսկ վերջում ավելացրեց, որ ավտոտեսուչները սխալներ եւ անօրինականություններ թույլ են տալիս, քանի որ իրենց «համակարգը սուրբ չէ»։ Ըստ Վարդազարյանի, դրանք մենք պետք է անուն առ անուն, համար առ համար գրանցենք եւ ներկայացնենք ՆԳ վարչություն «եւ ձեր ներկայությամբ նրանք կպատժվեն»,- խոստացավ նա։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել