Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտբոլը նախ եւ առաջ գեղեցկություն է ու հաճույք։ Եվ այս զգացումներն ամբողջանում են բազմաթիվ բաղադրիչ

Հունիս 06,2001 00:00

ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ ԴԵՌ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԱՍ ՏԱԼ Ֆուտբոլը նախ եւ առաջ գեղեցկություն է ու հաճույք։ Եվ այս զգացումներն ամբողջանում են բազմաթիվ բաղադրիչներով, երբ հանդիսականը չի զղջում կորցրած ժամանակի կամ վատնած դրամի համար։ Այդպես եղավ երեկ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում, որտեղ ընկերական հանդիպում անցկացրին Հայաստանի եւ Լեհաստանի վետերանների հավաքականները։ Վետերան բառն ինքնըստինքյան խորհրդանշում է անցյալը, անցած-գնացած մի բան, բարի հիշողություն։ Եվ հենց այդ հիշողությունն էր, որ հազարավոր ֆուտբոլասերների, որոնց մեջ, ի դեպ, մեծ թիվ էին կազմում երիտասարդներն ու պատանիները, առաջնորդել էր դեպի ստադիոն։ Ավագ տարիքի ֆուտբոլասերները, անշուշտ, կարոտել էին հարազատ դարձած անուններին, եկել էին լրացնելու այսօրվա ֆուտբոլում խոր արմատներ գցած բացերը, անցյալով հագուրդ տալու իրենց ներկայիս երազանքներին, իսկ երիտասարդները, հավանաբար, այսօրվա դժգույն ֆուտբոլի ֆոնի վրա, լսելով իրենց հայրերի հեքիաթային պատմությունները լեգենդ դարձած անհատականությունների մասին, ցանկացել էին անձամբ տեսնել եվրոպական ու համաշխարհային մասշտաբների աստղեր Ալյոշա Աբրահամյանին ու Զբիգնեւ Բոնեկին, Ալեքսանդր Կովալենկոյին ու Յան Դոմարսկուն, Ալբերտ Սարգսյանին, Նորայր Մեսրոպյանին, Դարիուշ Չեկանովսկուն, Յանուշ Կուբցեւիչին, Հովհաննես Զանազանյանին, Գժեգոժ Լյատոյին, Սերգեյ Պողոսյանին, Ալեքսանդր Քերոբյանին, Էդուարդ Մարգարովին, Նիկոլայ Ղազարյանին, Պողոս Գալստյանին, Վլոձիմեժ Լյուբանսկուն, Ստեֆան Մաեւսկուն, Անտոնի Շիմանովսկուն, Յան Տոմաշեւսկուն, Վլադիսլավ Ժմուդային եւ լեգենդ դարձած այլ ֆուտբոլիստների։ Սրանք անուններ են, որոնք անջնջելի հետք են թողել եվրոպական եւ համաշխարհային ֆուտբոլի զարգացման պատմության մեջ։ Ճիշտ է, հիմա երբեմնի աստղերն արդեն չունեն նախկին ուժն ու եռանդը եւ երեկ կայացած խաղում էլ անհաշտ պայքար չէին մղում դաշտի յուրաքանչյուր սանտիմետրի համար, սակայն բոլորին «կաշառեցին» նրանց՝ գնդակին տիրապետելու նուրբ տեխնիկան, կոլեկտիվ խաղը, թիմակցին զգալու ունակությունը։ Խոսել դաշտում ծավալված անհաշտ պայքարի մասին՝ լուրջ չի լինի, սակայն գրանցված 4։4 հաշիվը վկայում է, որ վետերանները դեռ չեն կորցրել իրենց գոլ խփելու, հետաքրքիր եւ ներկայումս գործող ֆուտբոլիստների համար ուսանելի որակները՝ սկսած գնդակն ընդունելու եւ վարելու նուրբ տեխնիկայից, հեռու եւ մոտ տարածությունների վրա ճշգրիտ փոխանցումներից, ստանդարտ դիրքերն արդյունավետ օգտագործելուց մինչեւ կոմբինացիոն խաղն իր բոլոր նրբերանգներով։ Նշենք միայն, որ գոլերի (այն էլ որքա՜ն գեղեցիկ) հեղինակներ դարձան Հովհաննես Զանազանյանը, Զբիգնեւ Բոնեկը, Վլոձիմեժ Լյուբանսկին, Պողոս Գալստյանը, Էդուարդ Հարությունյանը, Ալբերտ Սարգսյանը եւ երկու անգամ՝ Դարիուշ Չեկանովսկին։ Հայաստանի վետերաններին խաղադաշտ դուրս բերեց լեգենդար ֆուտբոլիստ եւ մարզիչ, օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանը, որի 75-ամյակը լրանում է այս տարի։ «Արարատ-73»-ի գլխավոր մարզչին ողջույնի խոսք ասաց ու պարգեւ հանձնեց Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը, իսկ հանդիպման լավագույն խաղացողներ ճանաչված Հովհաննես Զանազանյանին ու Գժեգոժ Լյատոյին հատուկ մրցանակներ հանձնեց «Եվրաֆուտբոլը»։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930