Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ

Հունիս 08,2001 00:00

«ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ԽՈՐԸ ՀԱՎԱՏԱՑՅԱԼ ԱՆՁ Է» ԱՄՆ նախագահի մասին այսպիսի կարծիքի է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ը, որը երեկ լրագրողներին ներկայացրեց ԱՄՆ եւ Կանադա կատարած իր հովվապետական այցի մանրամասներն ու ստացած տպավորությունները։ Ջորջ Բուշի եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիպմանը կարեւորվել է եկեղեցու դերը ներկա հասարակական կյանքում եւ նաեւ ղարաբաղյան հարցի կարգավորման գործում։ Եկեղեցին պետք է «թշնամության ոգին անհատների դուրս բերի, ձեւավորի սիրո, փոխադարձ հարգանքի եւ խաղաղասիրության մթնոլորտ»։ Ըստ ԱՄՆ նախագահի՝ նման մթնոլորտը կնպաստի հարցի լուծմանը։ Ի դեպ, Ամենայն Ռուսիո պատրիարք Ալեքսիյ II-ի նախաձեռնությամբ Գարեգին II-ը Մոսկվայում հանդիպել էր Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի հետ եւ այդ հանդիպումները շարունակելու պատրաստակամություն է հայտնվել՝ երկու հանրապետություններում «դրական մթնոլորտ» ձեւավորելու նպատակով։ Ըստ վեհափառի՝ «տարբեր առիթներով նամակագրական կապը իրարու հետ պահպանվում է եւ անհրաժեշտության պարագային որեւէ վերապահություն չենք ունենա վերստին հանդիպելու Ադրբեջանի հոգեւոր պետին»։ Ջորջ Բուշի հետ Գարեգին II-ի հանդիպման ժամանակ խոսք է գնացել նաեւ Հայոց ցեղասպանության մասին։ Վեհափառը փաստեց, որ իրողությունը ընդունելով, ԱՄՆ նախագահը ձեռնպահ է մնում «ցեղասպանություն» բառը օգտագործելուց։ Ամենայն Հայոց կաթողիկոսին ԱՄՆ-ում եւ Կանադայում մեծ ջերմությամբ ու խանդավառությամբ է ընդունել ոչ միայն հայկական համայնքը։ Տեղական մամուլում լայն արձագանք է գտել այցի ընթացքում տեղի ունեցածը, երբ վեհափառին ողջունելու էին դուրս եկել մեքսիկացի բանվորները։ Հայ գործարարի մոտ աշխատող այդ մեքսիկացիները եւս ցանկացել էին իրենց սիրո եւ հարգանքի տուրքը մատուցել Ամենայն Հայոց կաթողիկոսին։ Վերջինիս տպավորությամբ՝ հայկական համայնքը խանդավառ է հայրենիք այցելել քրիստոնեության 1700- ամյակի առթիվ։ Եվ կարծում է, որ իրենց հաջողվեց իրականացնել այցի նպատակը՝ «մեր ժողովրդին խանդավառել եւ նրանց հայացքը, մտածումները դարձնել դեպի 1700-ամյակը եւ հրավեր ուղղել՝ անդրադառնալու եւ վերարժեւորելու այդ մեծ իրադարձությունը՝ ազգային մեր կյանքում եւ մի նոր առիթ դարձնել հոգենորոգության, քրիստոնեական մեր հավատքի զորացման»։ Գարեգին II-ի գնահատականը 1700-ամյակի միջոցառումներին՝ «բավարար, գոհացուցիչ է»։ Տրված կարճ ժամանակում ավելին ակնկալել դժվար է, սակայն Ամենայն Հայոց կաթողիկոսը գտնում է, որ «1700-ամյակը հնարավոր էր եւ ավելի լավ կազմակերպել, ավելի մեծ շուքով, եւ ոչ թե տոնախմբությունների մի շարք իրականացնել, այլ 1700-ամյակը դարձնել մեր հավատքի նորոգության, եկեղեցու առաքելության զորացման մի գեղեցիկ առիթ»։ Լրագրողի հարցին ի պատասխան, Ամենայն Հայոց կաթողիկոսը չհաստատեց այն կարծիքը, որ Նոր Նախիջեւանի եւ Մոսկվայի հայոց թեմի նախկին առաջնորդ Տիրան արքեպիսկոպոսի հետ կապված կոնֆլիկտը կարող էր չլինել, եթե նրա փոխարինողը Գարեգին II-ի եղբայրը՝ Եզրաս վարդապետը չլիներ։ Վերջինս նշանակվել է այդ պաշտոնում իր ծառայությունների ու կարողությունների, այլ ոչ թե նրա համար, որ կաթողիկոսի եղբայրն է։ Իսկ Տիրան արքեպիսկոպոսը, հիշեցնենք, որ կարգալույծ է արվել հոգեւորականին ոչ պատշաճ պահվածքի համար։ Այսօր Ամենայն Հայոց կաթողիկոսը մեկնում է Անգլիա՝ Սբ. Եղիշե եկեղեցին օծելու նպատակով։ Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել