Լրահոս
Օրվա լրահոսը

Կիսատ-պռատ օր

Հունիս 12,2001 00:00

«Հոկտեմբերի 27» քրգործի դատավարությունը երեկ սկսվեց ամբաստանյալ Կարեն Հունանյանի պաշտպան Համլետ Ստեփանյանի՝ իր պաշտպանյալից հրաժարվելով։

Դատավոր Ս. Ուզունյանը փաստաբանին հիշեցրեց կարգը. այն է՝ ամբաստանյալը պիտի հրաժարվի եւ ոչ թե՝ պաշտպանը։ Ամբաստանյալը հրաժարվեց եւ գտնում էր, որ ինքնուրույն կարող է պաշտպանվել։ Նա ասաց, որ «Փաստաբանները ենթակա են զինդատախազության ճնշումներին», իսկ երբ փաստաբանները, մասնավորապես իր պաշտպան Հ. Ստեփանյանը պահանջեց հիմքեր «զինդատախազության ենթարկվելու» առումով, նա չնշեց։

Չգիտես ինչու, Կարեն Հունանյանն այդ ընթացքում հիշեց, որ դիմել է Ռոբերտ Քոչարյանին, հրաժարվել է քաղաքացիությունից եւ բերանից էլ թռցրեց, թե «շարունակվում է այս ընթացքում ճնշումները»։

Սակայն չավարտեց միտքը, եւ այն մնաց կիսատ։ Խորհրդակցական սենյակից դուրս գալով, դատավորը հայտնեց, որ չի ընդունվում ամբաստանյալի հրաժարականը։

Հավանաբար համոզիչ էր թվացել Վ. Սարգսյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Մարինա Ջանոյանի այն առարկությունը, որով փաստաբանը հիշեցրեց, որ նախադեպ ենք ունեցել, երբ ամբաստանյալ Նաիրի Հունանյանը նույն կերպ հրաժարվել էր իր պաշտպանից, հետո նորից պաշտպան ուզել, եւ, փաստորեն, ժամանակի կորուստ էր եղել։ Հարցաքննությունը շարունակվեց եւ հարցեր տալու հերթն էլ ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանի պաշտպան, փաստաբան Կարապետ Աղաջանյանինն էր։ Նա Նաիրի Հունանյանին տվեց 9 հարց, որից 5-ը հանվեց տեղին։

Պետք է նկատել, որ ամբաստանյալների պաշտպանները բավականին վատ էին նախապատրաստվել հարցաքննությանը, հաճախ հարցնում էին բաներ, որոնց մի մասին ամբաստանյալը տվել էր պատասխաններ իր դատաքննական ցուցմունքներում։

Փաստաբան Համլետ Ստեփանյանը (ճակատագրի հեգնանքով նույն անուն-ազգանունով ամբաստանյալ ունենք այս գործով) ճշտեց, թե Կարենի վրա ինչ ազդեցություն են թողել, օրինակ, «թիկնապահների կրակոցները», որին ամբաստանյալ եղբայրը պատասխանեց. «Առաջին կրակոցները, իմ հիշելով, խթան են դարձել հոգեկան հավասարակշռության լրացուցիչ կորստի»։

Մենք՝ մեր հերթին, հոգեկան հավասարակշռության լրացուցիչ կորուստներ ունեցանք, երբ ցուցադրվեց (դատական նիստերի դահլիճում, Եռագույն դրոշի կողքին) Թուրքիա հայ «լրագրողների» այցելությունը պատկերող տեսաժապավենը, երբ հայ «լրագրողները» այցելեցին Աթաթուրքի գերեզմանին։ Իսկ երբ սեղմեցին թուրք նախարարի ձեռքը, նա ասաց. «Երբ ձեռքդ մեկնում ես պարզելու, դա նշանակում է, որ զենք չունես ձեռքումդ պահած»։

Քանի-քանիսն էին ամբաստանյալների ձեռքերը սեղմել հոկտեմբերի 27-ից առաջ։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ հեղինակի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930