Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի

Հունիս 26,2001 00:00

«ԷԼԲԱԿՅԱՆ» ԹԱՏՐՈՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է «Ի վերջո, մարդը երջանկության իրավունք ունի՞։ Եվ ի՞նչ է հարկավոր երջանկության համար. փո՞ղ, դի՞րք, պաշտո՞ն, սե՞ր, լավ երկի՞ր,- այստեղ Աննա Էլբակյանը ժպտում է,- թե՞ ինքդ քեզնից չես փախչի»։ Սա Աննա եւ Արմեն Էլբակյանների «Ուշացած թռչուն» հեղինակային ներկայացման գլխավոր հարցադրումն է, որը չի հավակնում վերջնական ճշմարտություն հռչակել, բայց փորձում է պատասխաններ գտնել, առնվազն՝ մտածելու տեղիք է տալիս դիտողին։ «Ուշացած թռչունը» Հոգեբանական պիես է՝ մեր ժամանակներում, մեր կողքին տեղ գտած սիրո պատմություն ինտելիգենտ տղամարդու եւ գյուղից եկած, բայց այդպես էլ իր տեղը չգտած կնոջ միջեւ։ Տղամարդը ծանր է տանում արժեքների փոփոխությունը, կնոջ հետ մեկ հարկի տակ ապրելն այլեւս անհնարին է դարձել, որդու հետ բախումն անխուսափելի է։ Ըստ Արմեն Էլբակյանի, ներկայացման մեջ «հայրեր եւ որդիներ» հավերժական պայքարի հիմքում ընկած է «էսօրվա երիտասարդի փուչ պատկերացումը ճշմարտության մասին, բակի ազդեցությունը. նաեւ՝ էսօրվա ընտանիքի փխրուն վիճակը, որն անդրադառնում է երեխայի վրա, բայց, ի վերջո, սերը հաղթում է»։ «Երեխային էլ է հաղթո՞ւմ» հարցին Արմեն Էլբակյանը պատասխանեց. «Չէ, որովհետեւ երեխան իր պրոբլեմն ունի, նա ինքն իրեն պիտի գտնի, իր ճանապարհով պիտի գնա»։ Դեռ այն ժամանակ, երբ Էլբակյան զույգը մտահղացել էր ներկայացումը, որոշվել էր, որ Գոռի (որդու) դերը խաղալու էր նրանց որդին՝ Էդգար Էլբակյան-կրտսերը… Վերջապես, երեք տարի հետո, երբ Էլբակյան զույգը վերջնականապես միասին է եւ ընտանիքում, եւ թատրոնում, «Ուշացած թռչունը» բեմադրվեց, բայց, ցավոք, արդեն առանց Էդգարի։ Գոռի դերում երիտասարդ դերասան Վահագն Գալստյանն է։ Հիմնադրվում է ազատ թատրոն Մի փոքր էլ, բառացիորեն հաշված ժամեր, եւ «Էդգար Էլբակյան» թատրոնը «Ուշացած թռչուն» տրագիկոմեդիայով կվերադառնա երեւանյան հանդիսատեսին։ Սրանով այն վերածվում է «անջաժամենթ» թատրոնի, որը չունի բեմ, մշտական կազմ, այլ որեւէ պրոդյուսերի հրավերով ներկայացում է բեմադրում որեւէ բեմում։ «Ուշացած թռչունի» պրեմիերան տեղի է ունեցել Լոս Անջելեսի «Սթարզ» հեղինակավոր համերգասրահում (նկարիչ Արթուր Հարությունյանը բեմի խիստ սալոնային տեսքը հմտորեն վերածել էր հետխորհրդային «խրուշչովկայի»)։ Իհարկե, հեշտ չի եղել կոտրել տեղի հանդիսատեսի դժկամությունը՝ մինչեւ կոկորդը «գոհ» են Հայաստանից գնացած ներկայացումներից, առավել եւս՝ քաղաքային ֆոլկլորով համեմվածներից։ Իմ տպավորությամբ, Էլբակյանները կոտրել էին այնտեղի հայերի պատկերացումը Հայաստանի մասին՝ «ավետյաց երկիրը» փառաբանելու փոխարեն առաջարկելով ճշմարտությունը։ Նրանց հաջողության վկայությունը ներկայացումից մի քանի օր առաջ վաճառված տոմսերն էին եւ անշլագը 700 տեղանոց դահլիճում։ Այդ օրերին Նյու Յորքում գտնվող Յուրի Ամիրյանին նույնպես հասել էր Էլբակյանի հաջողության լուրը, որի մասին իրենք՝ Էլբակյանները ձգտում են Երեւանում չխոսել, այլ ցույց տալ հունիսի 26-ին եւ 27-ին՝ Սունդուկյանի թատրոնի բեմում։ «Էդգար Էլբակյան» թատրոնին ԱՄՆ էր հրավիրել Գլենդելի «Մհեր Մկրտչյան» թատրոնը եւ տրագիկոմիկ հին խաղընկերները տարիներ անց, արդեն թատրոն դարձած, հանդիպել էին իրար։ «Մհեր Մկրտչյան» թատրոնը նույնպես բեմ չունի, հիմնադրել է Երեւանից ԱՄՆ մեկնած ռեժիսոր եւ դերասան Ռաֆայել Գրիգորյանը։ Հրավերի ծախսերը հոգացած «Գյումրի» մշակութային հիմնադրամը «Էդգար Էլբակյան» թատրոնին հրավիրել է նոր ներկայացմամբ ձմռանը կրկին հյուրընկալվել Գլենդելում։ Եվս մեկ ներկայացում «Էլբակյան» թատրոնը մտադիր է պատրաստել այնտեղի հայ դերասանների հետ համատեղ։ «Այո՛, երկիր տեսնել, ընկերներին տեսնել եւ փող վաստակել. այդ երեք նպատակն էլ ունեինք,- ասում է Աննա Էլբակյանը,- բայց կարեւոր էր ինչ-որ բան տանել, ինչ-որ ձեւով ծառայել մարդկանց»։ Երբ զրույցի գործնական մասն ավարտվել էր, հանկարծ Աննա Էլբակյանը մարմինը ճկելով եւ ձեռքերը տարածելով, երանությամբ ասաց. «Հենց էս ներկայացումը խաղում եմ, սիրահարվում եմ Արմենին։ Վե՛րջ. հանում ենք բոլոր ներկայացումները, գնում ենք մեղրամիսի…»։ Հետո որոշվեց փոխատեղում անել. մեղրամիսը հետաձգել ներկայացումից հետո։ ԾՈՎԻՆԱՐ ՆԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել