Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի

Հունիս 27,2001 00:00

«Կասկածելի գործելակերպ» Երեւանի թիվ 6 դպրոցի աշխատակազմի հրավերով երեկ մասնակցեցինք այնտեղ կայացած քննարկումներին՝ կապված քաղաքապետարանի կրթության վարչության «կասկածելի գործելակերպի» հետ։ Օրակարգում՝ դպրոցի ներկայիս տնօրենի պաշտոնանկության եւ նրա փոխարեն այլ պաշտոնակատար նշանակելու հարցերն էին։ Դպրոցի աշխատակազմը մտահոգված էր. «Մենք հասկանում ենք, որ մեր տնօրենն արդեն 62 տարեկան է եւ սահմանված ժամկետից 4 տարի էլ ավելի է աշխատել, սակայն անհասկանալի են նրան թոշակի ուղարկելու մեթոդները»։ Նրանց հավաստմամբ, իրենք աշխատում են դպրոցի կառավարման եւ կրթական բարեփոխումների նոր ծրագրով, որի համաձայն դպրոցի գերագույն կառավարման մարմինը դպրոցական խորհուրդն է, որը պետք է գոնե իրազեկված լինի դպրոցում կատարվելիք կադրային փոփոխությունների մասին։ Հունիսի 25-ին իրենք պետք է արձակուրդ գնային, իսկ 27-ին, տնօրենի գլխավորությամբ պիտի հանձնվեին ավարտական ատեստատները։ Սակայն ամսի 24-ին տնօրենին հրավիրում են կրթության վարչություն եւ հայտնում, որ նա աշխատանքից ազատված է։ Անդրադառնալով օրակարգի երկրորդ հարցին, նշենք, որ պաշտոնակատար նշանակելու հարցը էլ ավելի էր մտահոգել դպրոցի կոլեկտիվին, քանզի, ըստ նրանց, տնօրենի թափուր տեղի համար պետք է ժամանակավոր պաշտոնակատար ընտրվեր տնօրենի տեղակալներից մեկը եւ ոչ թե թիվ 62 միջնակարգ դպրոցի նախկին տնօրենը, որն անօրինականությունների համար ազատվել է իր պաշտոնից եւ դատական տարբեր ատյանների միջոցով նորից վերականգնվել։ «Մենք ունենք հաստիքացուցակ՝ երեք տնօրենի տեղակալ եւ նրանցից ցանկացածի վրա տնօրենը կարող էր դնել իր պարտականությունները, քանզի ՀՀ օրենսդրության համաձայն, տնօրենի բացակայության ժամանակ նրա պարտականությունները կատարում է իր տեղակալը՝ տնօրենի հրամանով»,- ասաց ուսմասվարներից մեկը։ Նրանք պատմեցին նաեւ, որ Կրթության վարչությունում իրենց սպառնացել են, թե խորհուրդը կցրեն։ «Սակայն դպրոցական խորհրդի լիազորությունները միայն կնքված պայմանագրի երեք տարվա ժամկետը լրանալուց հետո է դադարեցվում»,- բորբոքված բացատրում էին խորհրդի անդամները։ Խնդրի շուրջ զրուցեցինք նաեւ քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալ Սաշիկ Կուբանյանի հետ։ Ըստ նրա՝ տնօրեն նշանակելու եւ ազատելու իրավասություն ունի միայն քաղաքապետը, եւ կոլեկտիվի նման նախաձեռնությունը գնահատեց որպես միամտություն, քանզի «մենք բացատրել ենք գործի էությունը թե՛ տնօրենին, թե՛ կոլեկտիվին, բայց չի կարելի, չէ՞, ամեն ինչին կասկածել»։ Ի պատասխան մեր այն հարցին, թե տնօրենն ինչ-որ խախտում արե՞լ է, պրն Կուբանյանը նկատեց, որ կենսաթոշակի ուղարկելիս «խախտումները պարտադիր պայման չեն»։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել