Լրահոս
Օրվա լրահոսը

«Antel» պրոդյուսերական կենտրոնի առաջին լուրջ հայտը

Հունիս 27,2001 00:00

«Antel» պրոդյուսերական կենտրոնի առաջին լուրջ հայտը Յոթ օր շարունակ Երեւանում անցկացվեց «ART փառատոնը», որի եզրափակիչ գալա-համերգը կայացավ օրերս, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի դահլիճում։ Փառատոնը, «Antel» պրոդյուսերական կենտրոնի առաջին եւ լուրջ հայտն էր։ Տարիներ անց կենտրոնի տնօրեն, կոնսերվատորիայի ուսանողուհի Իրինա Սերիկովան կհիշի եւ ամեն առիթով կանդրադառնա իր առաջին, ամենապատասխանատու աշխատանքին, կփորձի հաղորդել հուզմունքի չափը, տագնապների խորությունը, պիտի ասի՝ գրեթե առաջին բեմելի չափ հուզված էի։ Այս փառատոնը նրա հիշողության մեջ կապրի որպես հուզմունքի գերագույն, գերմարդկային վիճակ։ Խոսելով փառատոնի մասին, կոնսերվատորիայի ռեկտոր Արմեն Սմբատյանը ընդամենը մեկ նախադասությամբ, չթաքցնելով հիացմունքն իր ուսանողուհու նկատմամբ կեսկատակ-կեսլուրջ ասաց. «Իրինան աշխատացրեց, աշխուժացրեց, բեմ հանեց առանց չափազանցնելու՝ ամբողջ քաղաքի մշակույթային կյանքը»։ Արդեն մի փոքր հանգստացած, երիտասարդ տնօրենը ասաց մեզ հետեւալը. «Փառատոնն անցկացրինք համատեղ՝ պրոդյուսերական կենտրոնը եւ կոնսերվատորիան։ Գլխավոր հովանավորն էր «Յուպիտեր» ընկերությունը։ Աջակցեցին Կենտրոն համայնքի մշակույթի եւ կրթության բաժնի պետ Արամ Մանուկյանը, կրթության եւ գիտության փոխնախարար Ռոբերտ Զարգարյանը, Պետական մնջախաղի թատրոնը։ Փառատոնում ընդգրկված էին արվեստի համարյա բոլոր ձեւերն ու տեսակները։ Իրենց մասնակցությունն էին բերել մշակութային հիմնարկների՝ դպրոցների, ուսումնարանների, բուհերի աշակերտներն ու ուսանողները, թվով՝ 150 հոգի։ Տարիքային տարբերությունը բավականին մեծ էր՝ 5-35։ Մասնակիցներից շատերը վախենում էին մեծ բեմից, եւ 7 օրը քիչ չէր վերջինիս սովորելու եւ դժվարությունները հաղթահարելու համար։ Շատ էինք մտահոգված, թե ինչպես կիրագործվի ունկնդիր-կատարող երկխոսությունը։ Փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող էր, նույնիսկ անսպասելի։ Փառատոնի մասնակիցները, մերժելով շաբլոնը, ձգտում էին գեղարվեստորեն նորովի իմաստավորել այս կամ այն ստեղծագործության մեկնաբանությունը։ Գիտեք, գաղտնիք չէ, որ արվեստն է, որ պահպանում է մեր ինքնատիպությունը, հիշեցնում, որ մենք մեր ժողովրդի զավակներն ենք ու հազար թելերով կապված ենք նրա անբացատրելի էության հետ։ Արվեստը, մասնավորապես կատարողական արվեստը, սահմաններ չի ճանաչում, եւ մենք հավասարի իրավունքով պետք է խոսենք աշխարհի հետ։ Մեր ժառանգած հարստությունն անսպառ է, եւ թող մեր ավագները հանգիստ լինեն, այսօր մենք ունենք նրանց կարիքը։ Ակնկալելով Ձեր հարցը ասեմ, որ «Antel» պրոդյուսերական կենտրոնի առաջիկա պլանները կապված են Հայաստանի մարզերի հետ։ Կարծում եմ, կոնսերվատորիայի ռեկտորատը կօգնի մեզ՝ 3 ամսական կենտրոնին, հաջորդ քայլերը նույնպես վստահ կազմակերպելու, անցկացնելու համար։ Ինձ համար մեծ հաճույք էր յուրաքանչյուր փառատոնային համերգից հետո, մասնակիցների հետ հաղթանակած բեմ դուրս գալը, մանավանդ գալա-համերգից հետո, դիպլոմների ու մրցանակների հանձնման ժամանակ»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել