Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ ՀՀ նախագահին եւ ՀՀ Ազգային ժողովին

Հունիս 29,2001 00:00

Հերոսի հոր դիմումը Բաց նամակ ՀՀ նախագահին եւ ՀՀ Ազգային ժողովին Իմ որդիների՝ Սամվել Բաբայանի եւ Կարեն Բաբայանի, իմ դուստրերի, ինչպես նաեւ իմ ընտանիքի մյուս անդամների ու հարազատների նկատմամբ ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից համառորեն ու աննահանջ շարունակվում են ապօրինի գործողությունները: Վերջերս էլ Մարտունու շրջդատարանը անհիմն որոշում կայացրեց այդ շրջանի Մսմնա գյուղում գտնվող իմ հայրական տան վերաբերյալ: Առանց հիմնավոր փաստարկների, պարզապես քմահաճորեն, բռնագրավում են իմ հոր՝ Մադաթ Արշակի Բաբայանի տունը, որը զոհվել է 1941 թվականին Մեծ հայրենականում՝ թողնելով 5 որբուկ: Ես նրա մինուճար տղան եմ եւ գյուղի այդ տունը ինձ վրա է գրանցված: 1990-ին որդիներիս՝ Սամվել եւ Կարեն Բաբայանների նախաձեռնությամբ եւ օգնությամբ տունը ենթարկվել է վերանորոգման, որին կցվել է օժանդակ շինություն: Բացի այդ, Մսմնա գյուղում, որդուս՝ Սամվելի նախաձեռնությամբ կառուցվել է 8 բնակելի տուն՝ վերաբնակների համար: Մարտի 22-ի դեպքից հետո, որը վերագրեցին իմ որդուն, կալանքի տակ դրեցին նաեւ իմ պապական օջախը: Օրերս մեզ կանչեցին Մարտունու շրջանային դատարան, որտեղ սույն հարցով ժամը 10172ին դատական նիստ էր նշանակված: Դատախազ Հ. Այվազյանը բարեհաճեց դատարան ներկայանալ ժամը 12-ին, եւ հետո, ի պատասխան ներկաների զարմանքի, արհամարհանքով շպրտեց՝ «Կարող էի չգալ նաեւ, իմ գլխի տերը ես եմ»: Դատաքննության արդյունքում, երբ բացարձակ անօրեն որոշում կայացվեց, աղջիկս՝ Անուշ Բաբայանը, այլայլված բացականչեց՝ Սամվել Բաբայանը գերված հողերն ազատագրել է, որ իր պապական տունը ապօրինի բռնագրավե՞ք, որին էլ հետեւեց դատավոր Այվազյանի լկտի պատասխանը. «Շատ ղալաթ ա արել, որ ազատագրել է»: Դատավարությանը ներկա են եղել Մսմնա գյուղի գյուղապետը, գյուղապետարանի քարտուղարուհին, մի խումբ համագյուղացի վկաներ, որոնք վկայություն են տվել այն մասին, որ գյուղի նշված տունը պատկանում է ոչ թե Անդրանիկ Բաբայանին, այլ՝ Սամվել Բաբայանին, որ իբր այնտեղ Ս. Բաբայանն է ապրելիս եղել: Ու նման կարգի այլ կեղծիքներ: Այնինչ, իրականում այդ տունը գրանցված է ինձ վրա, եւ բացի այդ, որդիս չի ապրել այդտեղ (նա ծնվել ու մեծացել է Ստեփանակերտում): Ես անպայման կդիմեմ նաեւ ԼՂՀ Գերագույն դատարան, իսկ մինչ այդ, խնդրում եմ Ձեզ, պարոն Քոչարյան, հարգարժան պատգամավորներ, օգտագործել Ձեր հեղինակությունն ու լծակները՝ հնարավորության չափ ազդելու ԼՂՀ իրավապահ մարմինների վրա՝ չընդհատվող անօրինություններին վերջ տալու նպատակով: Ինչո՞ւ են բռնագրավում իմ հայրական օջախը, ինչո՞ւ են ձերբակալել իմ որդիներին՝ Սամվել եւ Կարեն Բաբայաններին, ինչո՞ւ Արցախի զորապետին, որն Ազգային հերոսի բարձր կոչում ունի, թույլատրելի չէ իր հայրենի քաղաքում առանձնատուն ունենալ, ինչո՞ւ քաղաքական խաղերի ու կենցաղային ասեկոսությունների թիրախ դարձրին իմ որդիներին, որոնց ես դաստիարակել եմ հայրենասիրության, մարդասիրության ու տղամարդկային ազնիվ ոգով: Խնդրում եմ հարգեք իմ որդիների վաստակն ու իմ տարիքը, անեք հնարավորը, որպեսզի արդարացի վարվեն մեր ընտանիքի հանդեպ: Հարգանքներով եւ հավատով ՝ԱՆԴՐԱՆԻԿ ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել