Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ ԱԱՆ-ն ստում է»

Հուլիս 04,2001 00:00

«ՀՀ ԱԱՆ-ն ստում է» «Ամենայն հավանականությամբ, ստախոսությունը վերաճել է մտածելակերպի ոչ միայն ԼՂՀ իշխանավորների մոտ։ Դրանով, պարզվում է, տառապում են նաեւ Հայաստանի պաշտոնյաները»։ Այսպիսի կարծիք հայտնեց լրագրող Վահրամ Աղաջանյանի քույր Սուսաննա Աղաջանյանը՝ մեկնաբանելով ՀՀ ԱԱՆ խոսնակ Արմենակ Մանուկյանի այն հայտարարությունը, թե ՀՀ հատուկ ծառայությունները երբեք որեւէ գործողություն չեն կատարել ու չեն կատարում թղթակցի նկատմամբ։ Լրագրողի քույրը, սակայն, երեկ հրապարակեց փաստեր, որոնք հերքում են ԱԱՆ հերքումը։ «Մորս սպանությունից հետո, որը կազմակերպել են ԼՂՀ ՆԳ նախարար Բակուր Սահակյանը եւ դատավոր Նաիրի Հակոբյանը՝ անձամբ Արկադի Ղուկասյանի հանձնարարությամբ, ընտանիքով որոշեցինք, որ Վահրամը մեկնի Երեւան ու մի քիչ հանգստանա դաժան ցնցումներից հետո։ Երեւանում նա սովորաբար մնում է 2-3 ծանոթների բնակարաններում։ Բառացիորեն մի քանի օր անց, սպասելով, որ Վահրամը դուրս գա տնից, այդ բնակարաններում հայտնվում են Վահան եւ Սամվել անուններով ՀՀ ԱԱՆ երկու աշխատակիցներ, ցույց են տալիս տնեցիներին ՀՀ ԱԱՆ իրենց վկայականներն ու հարցուփորձ անում Վահրամի ու հորս մասին։ Այնուհետեւ թողնում են 57-97- 37 հեռախոսահամարը եւ առաջարկում «անհրաժեշտության դեպքում» կապվել իրենց հետ։ Մենք ստուգել ենք. 57-97-37-ը իրոք ՀՀ ԱԱՆ համարներից է (չեմ բացառում, որ այս հրապարակումից հետո հեռախոսահամարը կտան ինչ-որ քաղաքացու կամ հիմնարկի՝ «ապացուցելու» համար, որ ես «հերյուրանք» եմ տարածում)։ ՀՀ եւ ԼՂՀ ԿԳԲ-ների միջամտությունը եղբորս անձնական կյանքին դրանով չի ավարտվում։ Այդ երկու գերատեսչությունները ես չեմ տարանջատում իրարից, քանի որ ԼՂՀ ԱԱՊՎ-ն միշտ ենթարկվել ու ենթարկվում է ՀՀ ԱԱՆ-ին։ ԼՂՀ ԿԳԲ-ի գործակալ Միքայել Հաջյան կոչվող թափթփուկը, օրինակ, ստահոդ լուրեր է տարածում եղբորս մասին։ Հրապարակավ այդքանը չեն անում։ Վախենում են, գիտեն, թե ինչպիսի հսկայական հարգանք է վայելում Վահրամը ԼՂՀ-ում, Երեւանում եւ Սփյուռքում իր ազնվությամբ, ուստիեւ փորձում են վարկաբեկել նրան՝ ստեր տարածելով ԿԳԲ-ի գործակալական ցանցի միջոցով։ Իսկ որ Հաջյան Միքայելը ԿԳԲ-ի գործակալ է, մենք համոզվեցինք 1997 թվին։ Մի օր նա ու ԼՂՀ ԿԳԲ-ի նախագահի տեղակալ, Ռոբերտ Քոչարյանի քենակալ Վիկտոր Քոչարյանը այցելել են մեր տուն ու փորձել ճնշում գործադրել Վահրամի վրա՝ ձգտելով պարզել, թե ինչո՞ւ է նա ինչ-որ հոդված հրապարակել «Ազգ»-ում։ Նյութը, կարծեմ, ԼՂՀ-ից արտագաղթի մասին էր։ Եղբորս եւ նրանց միջեւ տեղի ունեցած թեժ վեճի ընթացքում վատացել էր այդ պահին ներկա մորս սիրտը։ Վահրամը, կատաղած, դուրս էր հրավիրել նրանց տնից, որից հետո ճնշումները կրկնապատկվել են։ Նման փաստեր կարելի է թվարկել անվերջ։ Օրինակ, մինչ օրս գաղտնալսում են մեր հեռախոսը. դա եղբայրս ստուգեց հատուկ հեռախոսային ապարատի միջոցով։ Եվ այսքանից հետո ՀՀ ԱԱՆ խոսնակը մեղադրում է ինձ հերյուրանք տարածելու մեջ»։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել