Նոյեմբերի 6-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդունել է Խոշտանգումների կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի ենթահանձնաժողովի փոխնախագահ Էլինա Շտայներտենի գլխավորած պատվիրակությանը։
Արմեն Ղազարյանը ներկայացրել է ՆԳՆ համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ անդրադառնալով Ոստիկանության չորս հենասյունային ուղղություններում իրականացված փոփոխություններին, գրանցված արդյունքներին և զարգացման հեռանկարներին։
Մասնավորապես, փոխնախարարը ներկայացրել է Ոստիկանության գվարդիայի գործունեության իրավական կարգավորումների փոփոխությունները, ինչպես նաև Համայնքային ոստիկանության, Քրեական ոստիկանության և Պարեկային ծառայության գործունեության արդյունավետության բարձրացմանն ու զարգացմանն ուղղված միջոցառումները։
Պատվիրակության անդամները հետաքրքրվել են Հայաստանում խոշտանգումների կանխարգելման և պայքարի ուղղություններով իրականացվող աշխատանքներով, ինչպես նաև դրանց շրջանակում արձանագրվող զարգացումներով։
Կարդացեք նաև
Քննարկվել են ՆԳՆ ոստիկանության գործունեության ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդմանն ուղղված քայլերը, ընդգծվել այս ոլորտի վրա ՆԳՆ համակարգում ընթացող բարեփոխումների ազդեցությունը։
Կողմերը կարևորել են խոշտանգումների կանխարգելման ուղղությամբ միջազգային համագործակցության շարունակական զարգացումը, ՆԳՆ ոստիկանության ծառայողների մասնագիտական պատրաստվածության բարձրացումն ու մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդումը։
ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ



















































