Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունում կադրային փոփոխությունների հերթական կարուսելն է պտտվում։ Գրեթե մանկական, բայց ոչ եր

Հուլիս 07,2001 00:00

ԳՈՒՄԱՐԵԼԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ Կառավարությունում կադրային փոփոխությունների հերթական կարուսելն է պտտվում։ Գրեթե մանկական, բայց ոչ երբեք՝ նույնքան անմեղ տրամաբանությամբ նախարարներին ձիուց իջեցնում՝ ավանակին են նստեցնում, ինքնաթիռից տեղափոխում են հեծանիվին, եւ կարուսելը շարունակում է իր հերթական, չարդարացված պտույտը։ Որեւէ տրամաբանություն երբեք հարկավոր չէ փնտրել երկրի գործադիր մարմնի հերթական վերադասավորման մեջ։ Տարվա կեսին, բյուջեի խիստ անմխիթար վիճակում նախարարները դեսից դեն են գնում։ Անշուշտ, պատճառը ո՛չ տնտեսական է, ո՛չ էլ երկրի վիճակի մասին անհանգստությունն է հիմք տալիս նման փոփոխությունների։ Կարող է լինել երկու պատճառ, եւ որքան էլ տխուր է՝ երկուսն էլ հավասարաչափ ազդեցիկ են։ Նախ՝ չի բացառվում, որ գործադիրում փոփոխություններ կատարելով երկրի նախագահը մտադիր է էլ ավելի ուժեղացնել իր դիրքերը եւ այդպես ուժեղացված դիրքերից նախապատրաստվել առաջիկա ընտրություններին։ Հաջորդ պատճառը կարող է խիստ սուբյեկտիվ լինել՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը չի ուզում էսինչ-էսինչյանին, որովհետեւ վերջինս մեկ տեր է ուզում ճանաչել՝ հանձին նախագահի, եւ վարչապետին չի ուզում որպես «շեֆ» ընկալել։ Ո՞ր վարչապետը նման բան կհանդուրժի։ Ու սկսվում է կուբիկ-ռուբիկի անիմաստ չխկչխկոցը։ Եթե նույնիսկ նախագահը որեւէ նախարարի ավելի է հավանում, քան վարչապետին, դա ոչինչ չի նշանակում այս պահի համար, քանի որ վարչապետ փոխելու ամենահարմար պահը հիմա չէ։ Ուրեմն, մնում է հին, փորձված մեթոդը՝ գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում։ Կառավարությունում կադրային եւ կառուցվածքային փոփոխությունները կանցկացվեն երկու փուլով։ Առաջինը կանցկացվի այսօր (նաեւ՝ երեկ), երկրորդ փուլը տեղի կունենա վարչապետի՝ Փարիզից վերադառնալուց հետո։ Միակ աղմկահարույց փոփոխությունը Անդրանիկ Մանուկյանի անվան հետ էր կապված։ Օրեր շարունակ թվում էր՝ այ-այ, պաշտոնանկության հրամանը պատրաստ է, բայց այդ բանը տեղի չէր ունենում։ Ակնհայտորեն, ետնաբեմում լուրջ ընդհարումներ են տեղի ունենում, նախագահը ուզում է պահպանել Անդրանիկ Մանուկյանին, վարչապետը՝ ոչ։ Տեղի ունեցածը արծաթե միջինի պես մի բան է։ Պետեկամուտների նախարարությունը տրվում է Երվանդ Զախարյանին, իսկ կապի եւ տրանսպորտի նախարարությունը՝ Անդրանիկ Մանուկյանին։ Պետեկամուտներից առանձնանում է մաքսային կոմիտեն եւ դառնում է կառավարությանը կից՝ գրեթե նախարարության կարգավիճակով, եւ ղեկավար է նշանակվում Արմեն Ավետիսյանը: Դավիթ Հարությունյանը կրկին շարունակում է մնալ արդարադատության նախարար։ «Առավոտի» բոլոր հարցերին նախարարը չափազանց ուրախ էր պատասխանում. «Տղերք, էլ ներվ չկա, դատավոր չեմ ուզում աշխատել, չեմ դառնալու, ինձանից դատավոր չի ստացվի»։ Իրեն Եվրոդատարան տանելու մասին Դավիթ Հարությունյանն ասաց. «Եվրոպայում կլիման խոնավ է, չեմ գնա։ Չեմ ուզում աշխատել դատավոր, մանկուց չեմ ուզել աշխատել դատավոր, որ առաջարկեն, չեմ համաձայնելու»։ Իսկ եթե հայրենիքը շատ խնդրի՞. «Եթե հայրենիքը խնդրի, կառաջարկեմ իմ ծառայություններն այլ ոլորտում»։ Կառավարության բոլոր անդամները հնարավոր կադրային փոփոխությունների մասին հարցերին պատասխանելիս, ավելի ճիշտ՝ չպատասխանելիս, ասում էին, թե իրենք ամեն ինչ մամուլից են իմանում։ Իսկ ի՞նչ պատճառով են տեղի ունենում փոփոխությունները։ Ըստ Դավիթ Հարությունյանի՝ դա քաղաքական հարց է, եւ հարցը պետք է ուղղվի այն անձանց, ովքեր նման որոշումներ են կայացնում։ Գյուղատնտեսության նախարար Զավեն Գեւորգյանի անունը պաշտոնանկ արվողների ցուցակում համեմատաբար ավելի հաստատ էր նշվում, սակայն երեկ Զավեն Գեւորգյանն այնքան վստահ հերքեց այդ լուրերը, որ պարզ էր՝ մարդը հարցերը կարողացել է լուծել։ Իրենց առավել վստահ էին զգում նախարարներ Դավիթ Լոքյանը եւ Ռոլանդ Շառոյանը, Դավիթ Վարդանյանը եւ Կարեն Գալուստյանը։ Հասկանալի պատճառներով, ուժային նախարարները առանձնապես չուզեցին երեւալ լրագրողների աչքին։ Կառավարության փոփոխությունների երկրորդ փուլում, սակայն, փոփոխությունների ալիքը կհասնի նաեւ որոշ ուժայինների՝ Կառլոս Պետրոսյանը կդառնա ՆԳ նախարար, Հայկ Հարությունյանը, ըստ ամենայնի, արդարադատության փոխնախարար կդառնա, իսկ ԱԱ նախարար կդառնա նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը։ Կադրային փոփոխությունների առաջին փուլից առայժմ սահուն պլստաց բնապահպանության նախարար Մուրադ Մուրադյանը, որը իր պաշտոնանկության լուրն առնելով, արձակուրդ վերցրեց։ Ըստ օրենքի, մինչեւ աշխատողը չվերադառնա արձակուրդից, նրան որեւէ վտանգ չի սպառնում։ Վարդան Այվազյանը երեւի երկար ժամանակ երազում նախարարական պորտֆել կտեսնի։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել