Լրահոս
Օրվա լրահոսը

Գովազդային հայտնի այս արտահայտությունն, ըստ երեւույթին, պետական գույքի կառավարման փոխնախարար Վանյա Մ

Հուլիս 07,2001 00:00

Երբեմն ավելի լավ է ծամել, քան՝ խոսել Գովազդային հայտնի այս արտահայտությունն, ըստ երեւույթին, պետական գույքի կառավարման փոխնախարար Վանյա Մխիթարյանի սրտովը չէ, քանզի նա, չկամենալով օգտվել իր նախարար Դ. Վարդանյանի «ճոխ սուփրայից», բողոքի ակցիա է սկսել պետական ունեցվածքի բոլոր ուտողների դեմ։ Իսկ որպես առաջին թիրախ, պետական ունեցվածքի հաշվառման եւ կառավարման խնդիրները համակարգող փոխնախարարը դեռ 2 ամիս առաջ ընտրել էր բնապահպանության ոլորտը։ Մայիսի 19-ին տված ասուլիսում նա հայտարարեց, որ բնական ռեսուրսների թալանի շրջանառու թիվը տարեկան կազմում է շուրջ 40 մլն դոլար, իսկ երեկվա ասուլիսում պարզվեց, որ նա մեղմացրել է թալանչիների ախորժակը՝ այն կազմում է 50 մլն դոլարից ավելի։ Այդ մերկացումն էժան չի նստել փոխնախարարի վրա՝ մի քանի օր առաջ նախարարի աշխատակազմի ղեկավարը հասկացրել է նրան, որ ազատման դիմում գրի։ «Ու քանի որ մեր երկրում փոխնախարար նշանակվում եւ ազատվում է վարչապետի կամոք, ուրեմն, այս ամենին տեղյակ է Ա. Մարգարյանը» տրամաբանությամբ, Վ. Մխիթարյանը հակահարված տվեց. – Ես առանձնապես մեծ կարծիք չունեմ մեր վարչապետի իրավաբանական գիտելիքների մասին։ Շատերին թվում է, թե պաշտոն ունենալով ամեն ինչ կարող են անել, մոռանալով, որ օրենք էլ կա։ Հիշեք Վանոյին, նա էլ էր ամենակարող, իսկ հիմա ուր է՞… Իսկ որ օրենքը Վ. Մխիթարյանի կողմն է, դրանում ինքը չի կասկածում, քանի որ իր ասած տվյալներից ավելի «փիս բաներ» գրել են լրագրողները եւ ոչ մեկը չի հերքվել կամ դատի տրվել։ Իսկ բնապահպանության փոխնախարար Հրայր Թովմասյանի ներկայացրած հերքում-փաստարկներն առնվազն անհեթեթ ու ծիծաղելի են։ Նույնիսկ փոխնախարարի ընկեր «հիդրո, ջրային տեխնիկ, վոպշեմ, ջրի լավ մասնագետ» Հրայր Թոքմաջյանն է ապացուցել, որ Սեւանի մակարդակն անցյալ տարի իջել է ոչ թե 6 (ինչպես Հ. Թովմասյանն է ներկայացրել), այլ՝ 60 սմ-ով։ Պրն Մխիթարյանի հայտնի ասուլիսից հետո կառավարությունը սկսել է որոշ քայլեր ձեռնարկել, օրինակ, ապօրինի հանքարդյունաբերողների դեմ։ – Դուք միամիտ չեք ու գիտեք, որ նույնիսկ փողոցում կաթ-մածուն վաճառողներից ՆԳ մարմինները նալոգ են հավաքում,- ասում է փոխնախարարը,- իսկ այդքան ապօրինի հանքեր հնարավո՞ր է աշխատեին առանց բնապահպանական տեսչության, հարկայինի եւ ՆԳ-ի թողտվության։ Իր եւ իր նախարարի հակասությունները Վ. Մխիթարյանը չի որակում «քաղաքական», «քանի որ աթոռի տեր դառնալուց հետո Դավիթ Վարդանյանը դադարել է քաղաքական գործիչ լինելուց, մոռանալով մինչ այդ ասված հակաթայֆայական ու հակակոռուպցիոն ճառերը»։ Իսկ որ կոմունիստ փոխնախարարը չի հանդուրժում համակարգի թերությունները՝ բնական է, «քանի որ կոմունիստներն են ստեղծել ողջ այս ունեցվածքը, որը հիմա թալանում ու փչացնում են նորահայտ կառավարողները»։ – Վանյա Մխիթարյանը չի գրելու ազատման դիմում եւ պայքարելու է հանուն օրինականության,- մեր օրերի համար աբսուրդ այս հայտարարությամբ ամփոփվեց ասուլիսը։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել