Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔ

Հուլիս 20,2001 00:00

ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔ «Առավոտի» 19.07.01թ. «Թոշա՞կ են տալիս, թե՞ տանջում» հրապարակումից անմիջապես հետո արձագանքեց ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը՝ ի դեմս Ֆինանսաբյուջետային վարչության պետ Ռոբերտ Նադիրյանի։ Հրապարակման մեջ նշվում էր, որ կենսաթոշակառուի ներկայացմամբ, կենսաթոշակների վճարման Դավիթաշենի մասնաճյուղը նրան ամիսներով թոշակ չի վճարել, իսկ վճարման համար թաղամասի բնակիչներին սպասարկողը 900 դրամ է պահանջել։ Իսկությունը պարզելու համար Ռ. Նադիրյանը իր գրասենյակ էր հրավիրել կենսաթոշակների վճարման Դավիթաշենի մասնաճյուղի նախկին եւ ներկա պետերին, ինչպես նաեւ՝ տվյալ թաղամասը սպասարկող աշխատակցին՝ «Նանiկին», որն իրականում Վարդուհի Խաչատրյանն է։ Ըստ Ռ. Մարտիրոսյանի նշած հասցեի հարեւաններից ստացած տվյալների (առկա է արձանագրություն), հիմնադրամի պատաասխանատուները հայտնեցին, որ Ռ. Մարտիրոսյանը 1999թ. վաճառել է Դավիթաշեն համայնքի 16 շենքի բնակարանը եւ այժմ այլ տեղ է բնակվում ու մինչեւ հիմա այդ մասին չի հայտնել հիմնադրամին, որպեսզի վճարումը կատարվի ըստ նոր հասցեի։ Պրն Նադիրյանը նշեց, որ Ռ. Մարտիրոսյանի եւ տարածքը սպասարկող աշխատակցի միջեւ «առերեսում» կկազմակերպի, որի ընթացքում գոնե իր համար կպարզի, թե աշխատակիցն իրո՞ք գումար է պահանջել։ Եվ եթե դա այդպես է, ապա Վարդուհին կհեռացվի աշխատանքից, որովհետեւ անվստահությունը դրա համար հիմք է հանդիսանում։ Եթե 6 ամիսների ընթացքում թոշակառուն չի ստանում իր թոշակը, ապա օրենքի համաձայն նա ցուցակից (որը զետեղված է համակարգչում) դուրս է մնում։ Վերագրանցվելու համար Ռ. Մարտիրոսյանին, ինչպես նաեւ՝ նման իրավիճակում հայտնված ցանկացած մեկին ընդամենը անհրաժեշտ է անձնագրով ներկայանալ տարածքային կենտրոն, որից հետո 10-օրյա ժամկետում կվերականգնվի վճարման ցուցակում եւ վճարման օրերին կստանա 7 ամսվա (կամ չստացած ամիսների) կենսաթոշակը։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել