Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԺԿ

Հուլիս 25,2001 00:00

Ապացուցի՛ր, որ ուղտ չես ՀԺԿ քարտուղար Ստեփան Զաքարյանին ուղղակի կամ անուղղակի շատ մեղադրեցին, որ նա ՀՀՇ-ի դրածոն է կուսակցության մեջ։ Եվ մեղադրողներն էլ մարդիկ են, ովքեր սատարում են ՀՀՇ վարչության նախկին անդամ Ռոբերտ Քոչարյանի ծրագրերին։ Ստեփան Զաքարյանը նախ չէր ցանկանում այդ մասին լուրջ խոսել եւ պատասխանեց պամֆլետային ոճով. «Դա նույնն է, եթե նման պնդումների հեղինակին ասեմ՝ դու մահմեդական չինացի ես եւ պատճառաբանեմ՝ քանի որ միջնակարգ դպրոց ես գնացել, Խորենացի ես կարդացել, որտեղ Մամիկոնյանները Ճենաց աշխարհից են։ Հետո ասեմ, որ, ասենք, Բաղդադ ես գնացել, խուրմա ես կերել եւ այդ ընթացքում նամազ ես լսել՝ ուրեմն մահմեդական ես։ Կարող եմ նաեւ շարունակել եւ ասել. քանի որ Մոնղոլիան Չինաստանին սահմանակից է, ուրեմն մոնղոլ էլ ես։ Այնտեղ ուղտ կա՝ ուրեմն ուղտ էլ ես, եւ ինչպես ուղտի թուքը մարդկանց մաշկի վրա վերք ու բորբոքում է առաջացնում, այնպես էլ քո խոսքերից շատերը դիվոտում են։ Եվ երբ այդպես հիմնավորեմ եւ ասեմ՝ հո չե՞ն արդարանալու, թե իրենք մահմեդական չինացի, մոնղոլ եւ ուղտ չեն։ Ես գիտեմ, թե իմ մասին այդ ծրագրավորված բամբասանքները որտեղից են գալիս։ Մասնավորապես կա մեկը, որն անվտանգության մարմիններում աշխատելու փորձ ունի, իսկ նրանց խնդիրը նման լուրեր տարածելն ու դրանցից նման եզրակացություններ անելն է։ Ի՞նչ ասեմ. երբ հատկապես այդ մարդը դեմքի լուրջ արտահայտությամբ նման փաստերից եզրակացություններ է անում՝ նրա դեմքին նայելով ես այնպիսի տպավորություն եմ ստանում, որ Աստվածաշունչը դժվար թե, բայց հաստատ Ղուրանի կեսը կարդացել է»։ Փորձելով Ստեփան Զաքարյանի պատասխաններն ուղղորդել դեպի լուրջ ոճ՝ հիշեցրինք, որ նրա ՀՀՇ-ական եւ աղանդավոր լինելը հիմնավորում են նույն փաստարկներով, որոնք ժամանակին շրջանառության մեջ մտցրեց ՀՀՇ-ի պաշտոնաթերթը եւ Մաշտոցի ՀՀՇ կառույցը՝ ռադիոգործակալության ղեկավարի պաշտոնից իրեն հեռացնելու համար։ Ստեփան Զաքարյանն այսպես արձագանքեց այդ հիշեցմանը. «Նախ, ես զարմանում եմ՝ 1996-ին նույն ոճով, նույն մեղադրանքներով հանդես էր գալիս «Հայքը»։ Եթե ես հիմա իշխանամետ թերթերի հրապարակումները համեմատեմ ՀՀՇ-ի պաշտոնաթերթի հոդվածների հետ՝ ակնհայտ կդառնա, որ տեղ-տեղ նույնիսկ տողերը կրկնվում են։ Եվ ես կասկածում եմ, որ հեղինակները նույնն են։ Հատկապես գիտեմ լրագրողներ, որոնք «Հայքում» են աշխատել՝ հիմա էլ, ասենք, «Հայոց աշխարհում» են աշխատում։ Անուններ չեմ ցանկանում տալ։ Անհեթեթության է հասնում, երբ հիմնավորելու համար ՀՀՇ-ական լինելս՝ ասում են՝ գիտե՞ք, 1996-ին ռադիոն է ղեկավարել եւ այլն։ Նախ, ի տարբերություն մյուսների՝ ես այդ համակարգում աշխատել եմ 15 տարի եւ անցել եմ բոլոր աստիճաններով՝ կրտսեր խմբագիր, խմբագիր, ավագ խմբագիր, բաժնի վարիչ, գլխավոր խմբագիր, գործակալության տնօրեն եւ այլն։ Այսինքն, ինձ ուղղակի չեն բերել եւ ղեկավար կարգել այնտեղ։ Փաստարկներից մյուսն էլ այն է, որ Երեւանի քաղաքապետարանում եմ աշխատել Վանո Սիրադեղյանի օրոք։ Մինչ այդ մեկ տարի գործազուրկ էի՝ հարցն այդ չէ։ Վանո Սիրադեղյանի օրոք այնքա՜ն մարդ է աշխատել։ Օրինակ, Դավիթ Հարությունյանը նրա գլխավոր խորհրդականն էր եւ իմ վարչության գործունեությունը համակարգողը։ Այսինքն, ստացվում է, որ արդարադատության նախարարն այժմ առավել ՀՀՇ-ական եւ վանոյակա՞ն է։ Բայց, ի վերջո, դառնանք պետության այսօրվա ղեկավարությանը։ Նայում ես ու մտածում՝ նախկին նախագահի ամենավստահելի մարդը տեսնես ո՞վ էր, այդ ո՞ւմ վստահեցին միացյալ ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարությունը։ Չեմ կարծում, որ նախկին նախագահը նման պաշտոնը կտար իր համար անվստահելի մեկին։ Նույն մարդն այսօր էլ այսօրվա նախագահի ամենավստահելին է։ Եվ ես զարմանում եմ՝ այսօր գերագույն իշխանություն ունեցող մարդկանց, ովքեր ՀՀՇ վարչության անդամ կամ ուղղակի ՀՀՇ շարքային անդամ են եղել՝ նրանց հետ համագործակցողները ՀՀՇ այլեւս չեն համարում։ Ինձ թվում է, առաջին հերթին՝ այդ մարդկանց հետ համագործակցողներին պիտի կասկածենք ՀՀՇ-ական լինելու մեջ եւ ոչ թե այդ մարդկանց ընդդիմադիրներին»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031