Լրահոս
Օրվա լրահոսը

Ասք կնիքի եւ բանկային հաշվի մասին

Հուլիս 25,2001 00:00

ԸՆԴՄԻՇՏ ԱԺՄ-Ի ՀԱՄԱԳՈՒՄԱՐ Ասք կնիքի եւ բանկային հաշվի մասին ԱԺՄ-ն սպառնում է վերածվել անընդմեջ համագումարներ գումարող կուսակցության։ Այժմ էլ վարչությունը ցանկանում է համագումար անցկացնել սեպտեմբերին։ Այստեղ քննարկվելու են այն կանոնադրական փոփոխությունները, որոնց միջոցով կուսակցության մեջ կհաստատվի, այսպես ասած, խորհրդարանական կառավարում։ Եվ դեռ հայտնի չէ՝ արդյոք այդ «խորհրդարանի»՝ տվյալ պարագայում ԱԺՄ վարչության խոսնակը կդառնա՞ Վազգեն Մանուկյանը։ Իսկ մինչ այդ՝ ԱԺՄ-ում տեղի են ունեցել ոչ պակաս ուշագրավ իրադարձություններ։ Համագումարի նախապատրաստման նպատակով տարածքային կազմակերպության ժողովներ գումարելու համար ԱԺՄ վարչությունը ցանկացել է օգտագործել կուսակցության բանկային հաշվեհամարին մնացած 700 հազար դրամը։ Սակայն վարչության անդամ Ալեքսանդր Բուտաեւը եւ, ըստ էության, Վազգեն Մանուկյանը խոչընդոտել են այդ փորձերին։ Իսկ վարչությունն էլ իր լիակատար տնօրինությանն է վերցրել ԱԺՄ-ի կնիքը, առանց որի ԱԺՄ նախագահի գործունեությունն է անհնար։ Այս ամենը հերքելու կամ հաստատելու մեր խնդրանքին ի պատասխան ԱԺՄ վարչության անդամ Սեյրան Ավագյանն ասաց. «Կնիքը տնօրինելու վերաբերյալ կա վարչության որոշումը։ Ավանդույթի համաձայն, կնիքը միշտ տնօրինել է վարչության քարտուղարը, եւ այսօր էլ շարունակվում է նույնը։ Կուսակցության դրամական միջոցները տնօրինելու առնչությամբ փոքր խնդիրներ են առաջացել։ Բայց, կարծում եմ, դրանք մանր հարցեր են եւ պիտի լուծվեն նեղ շրջանակում՝ նպատակահարմար չեմ գտնում հասարակությանը ներքաշել այս ներկուսակցական խնդիրների մեջ։ Միայն ասեմ, որ մեր կանոնադրության համաձայն, ԱԺՄ-ի ֆինանսական միջոցները տնօրինվում են վարչության որոշումներով»։ ԱԺՄ վարչության մեկ այլ անդամի որակման համաձայն՝ Ալեքսանդր Բուտաեւը կուսակցության մեջ Վազգեն Մանուկյանի պաշտպանության ճակատ է ձեւավորում։ Այս առնչությամբ մեր հարցին ի պատասխան պրն Ավագյանն ասաց. «Ինձ թվում է, բարձրացված աժիոտաժը եւ ԱԺՄ-ում առկա իրական վիճակն իրար ինչ-որ համապատասխան չեն։ Շատ պարզ է՝ կանոնադրական բարեփոխումների վերաբերյալ մոտեցումները կարող են լինել տարբեր։ Բայց հիստերիան ինչի՞ համար է։ Այդ հիստերիան առաջին հերթին վերաբերում է ԱԺՄ անդամների մի շատ փոքր խմբի, որոնք տեսակետների տարբերության շատ բնականոն այս իրավիճակում իրենց բավական դիսկոմֆորտի մեջ են զգում եւ հարցադրումներին ոչ համարժեք աղմուկ բարձրացնում»։ Այսօր ԱԺՄ վարչությունն ասուլիսով հանդես կգա, իսկ շաբաթվա ընթացքում սպասվում է ԱԺՄ խորհրդի նիստը, որում, ըստ լուրերի, առավել մեծ թիվ են կազմում Վազգեն Մանուկյանի կողմնակիցները։ Ենթադրվում է, որ նրանք էլ հանդես կգան հայտարարությամբ։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031