Լրահոս
Օրվա լրահոսը

Անցած

Հուլիս 28,2001 00:00

«ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ» ԱՐԴԵՆ ԻՍԿԱՊԵՍ ՉԿԱ Անցած մեկ տարվա ընթացքում այնքան կեղծ մահախոսականներ կարդացվեցին «Միասնության» առնչությամբ, որ այժմ, երբ արդեն փաստացի արձանագրվում է այդ դաշինքի՝ որպես Հանրապետական եւ Ժողովրդական կուսակցությունների միավորման չգոյությունը, ոչ ոք այլեւս հարկ եղած ուշադրությունը չի դարձնում կատարվածին։ Երեկ «Միասնության» նիստ հրավիրվեց, որտեղ 30 հոգի «կողմ» քվեարկեցին ՀԺԿ քարտուղար Վարդան Մկրտչյանին խմբակցության քարտուղարի պարտականություններից ազատելու որոշմանը։ Սա առաջին քայլն էր՝ հաջորդելու են Արամայիս Բարսեղյանին եւ Գրիգոր Հարությունյանին հանձնաժողովների փոխնախագահների պաշտոններից հեռացնելու փորձերը։ (Ինչքան էլ այս իշխանությունները քննադատում են ՀՀՇ-ին՝ մասնավորապես կադրային քաղաքականության մեջ կրկնում են այդ կուսակցության բոլո՛ր մոտեցումները եւ անգամ սխալները։ Անհանդուրժողականության այս դրսեւորումն ինձ հիշեցրեց, օրինակ, որ հենց ՀՀՇ-ի եւ Էդվարդ Եգորյանի միջեւ սեւ կատու անցավ՝ նրան անմիջապես հեռացրին ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնից)։ «Միասնության» նոր քարտուղար ընտրվեց ՀԺԿ-ից դուրս եկած Գագիկ Ոսկանյանը։ Ի դեպ, նա շարունակում է իր նախկին կուսակցության դիրքորոշումներին հավատարիմ քվեարկել՝ երեկ դեմ էր ե՛ւ ԲԷՑ-երի, ե՛ւ «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններին։ Իսկ խմբակցության նիստը խիստ բուռն ընթացք ունեցավ։ Անգամ կրկնակի փակ դռների ետեւից լրագրողներին հասնում էին գոռգոռոցների ձայները։ Ինչ-որ պահի դուրս եկան զայրացած ՀԺԿ-ականները, որոնք ի նշան բողոքի լքել էին նիստը, երբ որոշվել էր քվեարկության դնել խմբակցության քարտուղարի ազատման հարցը։ Վարդան Մկրտչյանն այսպես մեկնաբանեց կատարվածը. «Նախկին ՀԺԿ-ականները, որոնք ինչ-որ անորոշ թեւ են կազմում «Միասնություն» խմբակցությունում, իրենց քանակով ավելի շատ են, քան ՀԺԿ-ում մնացածները։ Եվ այդ «անորոշ թեւը» հավակնում է խմբակցության քարտուղարի պաշտոնին։ Քաղաքական դաշտից հարցերը տեղափոխվեցին անձնական հարաբերությունների ոլորտ։ Մենք սա համարում ենք անօրինականություն։ Ինչպես ապօրինի, ուժային մեթոդներով անցկացրին ԲԷՑ-երի օրենքում փոփոխությունները, այնպես էլ ինձ ազատեցին քարտուղարի պարտականություններից»։ Գալուստ Սահակյանն այսպես բացատրեց, թե ինչու իրենք դիմեցին այդ քայլին. «Խնդիր էր առաջացել, որ խմբակցությունը պետք է միանշանակ կարգավորի իր գործունեությունը կարծիքների, դիրքորոշումների առումով։ Եվ ՀԺԿ-ից դուրս եկած պատգամավորներն առաջարկեցին փոխել Վարդան Մկրտչյանին։ Քննարկումների ընթացքում 3 տեսակետ ձեւավորվեց։ Ես առաջարկում էի, որ ՀԺԿ-ին մաս կազմող պատգամավորներն, ինչպես նախկինում, իրենք որոշեն այդ խնդիրը։ Բայց առաջարկներ եղան, որ ողջ խմբակցությունը լուծի այդ խնդիրը։ Առաջարկ եղավ նաեւ, որ դաշինքի քաղխորհուրդը մասնակցի այս գործընթացին։ Այստեղ նաեւ արծարծվեց, որ ՀԺԿ-ի ղեկավարը վերջին հարցազրույցում արդեն իսկ փաստացի արձանագրում է ընդդիմադիր լինելը։ Հանրապետականներն ընդդիմադիր չեն կարող լինել, քանի որ ստանձնել են պարտավորություն՝ կատարել «Միասնություն» դաշինքի ծրագրերը։ Վտանգվում է նաեւ դաշինքի գոյությունը, քանի որ հանրապետականները գաղափարախոսությամբ պետականամետ են եւ որպես իշխանությանը մաս կազմող կուսակցություն, բնականաբար, դիմություն են»։ Կարելի՞ է գնահատել, որ «Միասնության» մեջ արդեն իսկ արմատապես վերանայվում է խորհրդարանական ընտրություններից հետո հաստատված ստատուս-քվոն, քանի որ անկուսակցականներին է տրվում ոչ միայն խմբակցության քարտուղարի պաշտոնը, այլեւ ՀԺԿ-ն ներկայացնող ԱԺ ղեկավարներն են մնում իրենց պաշտոնին։ «Առավոտի» այս հարցադրմանն ի պատասխան պրն Սահակյանն ասաց. «Հանրապետականներն այսօր խնդիր չունեն ԱԺ նախագահ կամ նախագահի տեղակալ փոխելու։ Դա պայմանավորված է մեր հետագա համագործակցությամբ։ Ստատուս-քվոյի պահպանման հարցը դաշինքի քաղաքական խորհրդի քննարկման խնդիր է։ Թեեւ չեմ կարծում, որ դաշինքի քաղխորհուրդը վերստին կվերագտնի իր աշխատանքային կարգը»։ Այսինքն, արձանագրե՞նք, որ «Միասնությունն» այլեւս գոյություն չունի որպես ՀՀԿ-ի եւ ՀԺԿ-ի միավորում՝ մեր այս հարցին «Միասնության» ղեկավարն այսպես պատասխանեց. «Այդքան մեծ լիազորություններ չունեմ պատասխանելու այդ հարցին, քանի որ այն դեռեւս չի քննարկվել։ Հարցն այսօր այս է՝ զգալի է դառնում, որ խմբակցությունը որոշակի խնդիրներ է ստեղծում ԱԺ-ի համընթաց գործունեության համար։ Եվ մենք ցանկանում ենք աշնանը հանդես գալ միակուռ, միահավաք»։ Հայտնի է, որ այդ «միակուռը» ՀՀԿ-ն է, գումարած նախկին ՀԺԿ-ական անկուսակցականները եւ անհատ պատգամավորների տարբեր անուններով խմբերը։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել