Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիսի

Օգոստոս 16,2001 00:00

ԵՍ ԽՈԶ ՉԵՄ։ ԽՈԶԸ ԵՍ ՉԵՄ Հուլիսի 17-ին «Կասկադ» համալիրում կայացավ Արման Էլբերտի «Գրիգոր Լուսավորիչ» ռոք-օպերայի պրեմիերան։ Հանդիսականների կողմից բավական լավ ընդունված այդ ստեղծագործության ծնունդը, սակայն, պարզվում է այնքան էլ լուսավոր չի եղել… Երիտասարդ կոմպոզիտոր Դավիթ Դավթյանը պնդում է, որ ռոք-օպերայում օգտագործվել է իր գրած երաժշտությունը, ավելի ճիշտ՝ «Դիմակներ» երգը, որը ռոք-օպերայում վերանվանվել է «Գրիգոր Լուսավորչի արիա» (բնականաբար, փոխվել են երգի խոսքերն ամբողջությամբ) եւ հանդիսավորությամբ հնչել է «Կասկադում»։ Ի դեպ, «Դիմակներ» երգն արդեն իսկ տեղադրված է եղել Սյուզի եւ Լիլի քույրերի՝ 2000թ. թողարկված համանուն CD-ում։ Նրանք նախատեսել են այս տարի թողարկել երկրորդ CD-ն, որում պիտի տեղադրվեր «Դիմակների» ռեմիքս տարբերակը, բայց քանի որ Ա. Էլբերտը հասցրել է գրանցել ռոք-օպերան եւ դրա նկատմամբ ունի հեղինակային իրավունքներ, հետեւաբար, աղջիկների մտադրությունն այլեւս անիրականանալի է։ Դ. Դավթյանի խոսքերով, օպերայի բեմադրությունից մոտ 20 օր առաջ Արմանը զանգահարել է, թե՝ «Դավիթ, քեզ համար սյուրպրիզ ունեմ. քո գործերից հատվածներ եմ օգտագործել իմ ռոք-օպերայի մեջ»։ Որին ի պատասխան, Դավիթը թե՝ այդպիսի բան ոչ ոք իրավունք չունի անելու։ Բայց Արմանն, ըստ Դավիթի, իր իրավունքներն այլ կերպ է հասկացել. «Էդ երգը ես պիտի երգեի մի ժամանակ, չստացվեց, հիմա դրել եմ օպերայիս մեջ»։ Բնականաբար, կոմպոզիտորին այս բացատրությունը վրդովել է ու նա պարզաբանել է, որ երգելը լրիվ ուրիշ կատեգորիա է, երգը սեփականաշնորհելն ու օպերայի մեջ տեղադրելը՝ լրիվ այլ բան։ Այս խոսակցությունից հետո Արմանը խոստանում է հանել երգը։ Սակայն պրեմիերայից 2 օր առաջ Դավիթն ու Սյուզին պատահաբար անցնելով «Կասկադի» մոտով (որտեղ այդ պահին ընթանում է ռոք-օպերայի փորձը), լսում են «Դիմակների» հնչյունները։ Սկսվում է հերթական պարզաբանումը։ Արմանը խնդրում է՝ «էս մի անգամ երգեմ, հետո կհանեմ, թե չէ պրեմիերան «պրավալի» կգնա»։ Դավիթը չի համաձայնում՝ մենք քեզ զգուշացրել ենք, մեր պրոբլեմը չի, թող «պրավալ» լինի։ Ըստ կոմպոզիտորի, Արմանն այս անգամ էլ է ասում, թե՝ երգը կհանի, բայց մի որոշ ժամանակ անց «նրա տակտիկան փոխվեց, ու ինքը սկսեց ուրիշ ձեւով խոսել, ասաց թե՝ ինչքան ուզեմ կկատարեմ, երբ որ Դավիթն այդ երգը գրում էր, ես նրա կողքը նստած էի, ուրեմն՝ ես էլ այդ երգի վրա իրավունքներ ունեմ»։ Այժմ Դ. Դավթյանը պատրաստվում է դիմել դատարան՝ սեփական հեղինակային իրավունքները պաշտպանելու ցանկությամբ. «Խորհրդակցում ենք իրավաբանի հետ։ Ի դեպ, Արմանն իրավաբանի մոտ ասաց, թե ինքը համահեղինակն է երգի։ Եվ եթե սկզբում ասում էր, թե՝ որքան տուգանք պետք է, կվճարեմ ու երգը կհանեմ օպերայի միջից, ապա հիմա միանշանակ պնդում է, իբր՝ համահեղինակ է»։ Այս ամենի մասին Արման Էլբերտի կարծիքը մի փոքր այլ էր, թեեւ պատմությանը նոր շտրիխներ չավելացրեց. «Նախ եւ առաջ ես իր երգը չեմ վերցրել։ Մենք իրար հետ ստեղծագործել ենք։ 95թ. ստեղծել է էդ գործը, որ պիտի լիներ իմ ալբոմում։ Բայց դե՝ գիտեք, էլի, ֆինանսական պրոբլեմներ եղան, ալբոմ չպատրաստեցի…»։ Այս խոսքերի վրա ընդմիջելով Արմանին, խնդրեցինք ճշտել՝ ի՞նչ է նշանակում «իրար հետ ստեղծագործել ենք», ո՞վ է գրել երգը։ Արմանի պատասխանը բավականին «լղոզված» էր՝ «դե նստել ենք իրար հետ գործի վրա աշխատել ենք, հիմա ի՞նչ կարեւոր է՝ ով ինչքանով է աշխատել։ Էդ արդեն մենք երկուսով գիտենք, թե ով՝ ինչքան լումա ունի գործի վրա»։ Այսքանից հետո նա պնդում էր. «Դավիթն իրավունք չուներ իմ համար գրած երգը տար ուրիշին»։ Երբ հարցրինք՝ իսկ ռոք-օպերան ներկայացվում է որպես Դ. Դավթյանի հետ համահեղինակած գո՞րծ, թե՞ ոչ, Արմանը պատասխանեց. «Ոնց թե, ես ամեն տեղ էլ նշել եմ, ռադիոյով էլ եմ ասել, որ էդ հատվածն իրենն է։ Հեռուստատեսությամբ էլ, որ ցույց տան, պիտի նշեմ, որ Դավիթ Դավթյանի օգնությամբ է, իր գրած հատվածն է։ Ես հո էդքան խոզ չե՞մ։ Խոզի տպավորություն չեմ թողնում, չէ՞։ Եվ վերջապես, դա մեր միջի պրոբլեմն է, ինչո՞ւ է ինքը տարածում մեր պրոբլեմները։ Էդ 2 րոպե 30 վրկ-անոց երգի պատճառով իմ 1 ժամ 30 րոպեանոց ծրագիրն ուզում են փչացնեն…»։ Ինչ խոսք, այս խճճված պատմության վերջակետը դնելու իրավունքը դատարանինն է։ Սակայն դեպքը միակը չէ ո՛չ երաժշտական աշխարհում, ո՛չ արվեստի, ո՛չ գիտության բնագավառներում։ Եվ հեղինակային «սուրբ» իրավունքը պաշտպանելու խնդիրը միշտ էլ համարվել է դժվարագույններից մեկը։ Դրա համար նախ կատարյալ օրենքներ են պետք, ապա այդ օրենքներն աշխատեցնելու կատարյալ մեխանիզմներ եւ, ամենագլխավորը՝ բարոյական բարձր չափանիշներ։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031