Լրահոս
Օրվա լրահոսը

Տաշած քանդակը գետնին չմնա՞…

Օգոստոս 31,2001 00:00

Տաշած քանդակը գետնին չմնա՞… Սեպտեմբերի 4-ին «Հաղթանակ» զբոսայգում կբացվի Քանդակի միջազգային սիմպոզիումը՝ նվիրված… դե, բնականաբար, քրիստոնեության ընդունման 1700-ամյակին։ Սիմպոզիումի բացումն ավետելու նպատակով երեկ ասուլիս էր հրավիրել կազմակերպիչը՝ «Կենաց ծառ» հիմնադրամի նախագահ, սիմպոզիումի գեղարվեստական ղեկավար Սարո Սարուխանյանը։ 1 ժամից ավելի տեւած ասուլիսից եթե հանենք այն հատվածները, որտեղ պրն Սարուխանյանը հիացական եւ երախտիքի խոսքեր էր հղում քրիստոնեության ընդունման 1700- ամյակի տոնակատարությունների պետական հանձնաժողովի փոխնախագահ Խոսրով Հարությունյանին, պատմում, թե վերջինս որքա՜ն ջանքեր ու քրտինք է թափել սիմպոզիումն իրականություն դարձնելու համար, կմնա համառոտ ինֆորմացիա այն մասին, որ Քանդակի միջազգային սիմպոզիումին մասնակցելու է 19 քանդակագործ՝ որոնցից 12-ը՝ Հայաստանից, 6-ը՝ արտերկրից, 1-ը՝ Արցախից։ Էլ ավելի լայնածավալ էր տեղեկությունն այն մասին, թե որքա՜ն թանկ հաճույք է նման սիմպոզիում կազմակերպելը, ի՞նչ արժեն քարի խմ-ը, հանքերից քաղաք հասցնելու, անգամ վերամբարձ կռունկով քար թափելու ծախսերը, որքա՞ն կծախսվի 45 օր (այդքան է նախատեսված սիմպոզիումի աշխատանքներն ավարտին հասցնելու համար) արտասահմանցի քանդակագործներին հյուրանոցներում պահելու, սնելու եւ, ի վերջո, բոլոր մասնակիցներին հոնորար տալու համար։ Ի դեպ, որքան էլ զարմանալի, բայց եւ շատ ուրախալի էր, սա այն եզակի դեպքերից էր, երբ արտասահմանցուն եւ տեղացուն տալիս են նույն չափի (մոտավորապես 700 դոլարի կարգի) հոնորար։ Փոխարենը սխալ նախահաշվի պատճառով «Կենաց ծառը» ստիպված է եղել արդեն իսկ նախնական հրավեր ստացած անգլիացի քանդակագործ Պետեր Մարտինին չհրավիրել. «Մի արտասահմանցու փոխարեն կարող էին 3-4 տեղացի քանդակագործ մասնակցել»,- ֆինանսական պրոբլեմները նկատի ունենալով պարզաբանեց Ս. Սարուխանյանը։ Սակայն, ըստ նրա, հիշյալ անգլիացին վիրավորված չէ։ Շատ զարմանալի է, որ բոլոր կարգի պայմանավորվածությունները խստորեն հարգող ազգի ներկայացուցիչն այդպես հանգիստ է ընդունել այդ լուրը։ Տեսնես ինչո՞ւ։ Վերոնշյալ քանդակագործների աշխատանքներն, ավարտից հետո, ըստ նախնական պայմանավորվածության (ինչը, ելնելով փորձից, պետք չէ լուրջ ընդունել) կտեղադրվեն հանրապետության հրապարակից դեպի Վերնիսաժ ձգվող հատվածում։ 12 հայաստանցի քանդակագործների թեմատիկ աշխատանքները՝ էսքիզների հիման վրա, ընտրվել են վաստակաշատ քանդակագործներից կազմված հանձնախմբի կողմից։ Ընդ որում, 12-ից մեկը հանձնախմբի անդամ է եղել։ Մ. ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել