Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՔ ՏԱՐԻ ԱՌԱՋ ՈՒ ՀԵՏՈ

Փետրվար 09,2002 00:00

ԵՐԵՔ ՏԱՐԻ ԱՌԱՋ ՈՒ ՀԵՏՈ Այսօր լրանում է ՆԳՆ նախկին փոխնախարար, ՆԳ զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանի սպանության երրորդ տարին: Սպանություն, որ իշխող վարչակազմի թեթեւ ձեռքով, թեեւ անհաջող կերպով, բայց հանրությանը ներկայացվեց իբրեւ ինքնասպանություն: Ցավոք, սա 98-ից հետո պետական բարձրաստիճան պաշտոնյաների քաղաքական սպանությունների ու «ինքնասպանությունների» սկիզբն էր միայն: Հետոն, բնականաբար, լինելու էր «27»-ը, որովհետեւ վարչախմբին հաջողվել էր կուլ տալ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի ու ՊՆ փոխնախարար Վահրամ Խոռխոռունու խորհրդավոր սպանությունները: Ասել, թե իր ճակատագիրը Ղարաբաղյան պատերազմի, նորանկախ Հայաստանի պետականաշինության հետ կապած ու 6 զավակների հայր գեներալի սպանության գործն անհուսալիորեն փակված է՝ ճիշտ չի լինի: Պարզապես, ինչպես վերջերս մեր ընթերցողներից մեկը նկատեց, վերոհիշյալ բոլոր սպանությունները իրապես կբացահայտվեն միայն մեր պետության դեմ իրագործված գլխավոր ոճիրի՝ «27»-ի ամբողջական բացահայտման դեպքում: Եվ դա ճշմարիտ է՝ հաշվի առնելով, որ «27»-ն ու նախորդ սպանությունները իշխող ռեժիմի ծնունդն են: Ասել է թե, Արծրուն Մարգարյանի սպանության բացահայտումը /դա ամենեւին էլ կապ չունի այն խեղկատակության հետ, որ տարիներ առաջ հանրությանը մատուցվեց՝ իբրեւ գեներալի գործով դատավարություն, եւ որից ծնունդ առավ վարձկան վկաների ինստիտուտը/ դեռ առջեւում է՝ կենսականորեն շաղկապված լինելով մեր երկրում համակարգային փոփոխությունների, իշխող վարչակազմի հեռացման ու ղարաբաղյան կլանի չեզոքացման հետ: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել