Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ ԴԱՏԱՎՃՌԻ…

Փետրվար 27,2002 00:00

ԱՌԱՆՑ ԴԱՏԱՎՃՌԻ… Մահապատիժ բոլորիս նկատմամբ Երեկ Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում ժամը 11-ին նշանակվել էր ռազմական ոստիկանության աշխատակիցների՝ Արշակ Մանուկյանի, Հայկ Մկրտչյանի, Արտակ Նիկողոսյանի եւ Միշա Մեջլումյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Այն սկսվեց ժամը 12։45-ին։ Ամբաստանյալ Արտակ Նիկողոսյանի պաշտպանը նախապես հայտնեց, որ հայտարարություն ունի անելու։ Սակայն դատավոր Մարտին Կարապետյանը կանխեց նրան՝ ասելով, որ փաստաթուղթ ունի հրապարակելու։ Հրապարակվեց ԱՆ քրեակատարողական վարչության կողմից 2002թ. փետրվարի 12-ի գրությունը, ըստ որի «Արշակ Մանուկյանը ներկայումս կարող է մասնակցել դատական նիստին»։ Հաջորդ փաստաթուղթը միջնորդություն էր, որ արվել էր Միշա Հարությունյանի շահերի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի կողմից։ Նշեմ, որ 5-րդ դատական նիստն է, որին չի մասնակցել վերջինս, եւ ինչպես մեղադրող Գագիկ Ավետիսյանն ասաց. «Անձնապես չեմ ճանաչում Հ. Ալումյանին, չեմ էլ տեսել, թե նա երբեւէ եկել է դատարան»։ «Հեռակա» ներկայացուցիչը, որը ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ է, ասել է թե՝ իրավապաշտպան, առաջարկում էր, որ նիստը այսու անցկացվի դռնփակ։ Քանի որ «մի խումբ անձինք» (սպանված զինվորների մայրերը) խանգարում են դատը։ Իրավապաշտպան-ներկայացուցիչը հայտնում էր, որ ծեծել են (նախորդ դատական նիստի ժամանակ) Էդիկ Հարությունյանին՝ նրան հասցնելով մարմնական վնասվածքներ։ Միայն նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել դատական նիստերի դահլիճից դուրս, իսկ նշված «փետրվարի 18» օրն ընդհանրապես դատական նիստը չի կայացել։ Միջնորդվում էր նիստը հրավիրել թիվ 1 մեկուսարանում։ Վերոնշյալ միջնորդությանը կցվել էր հետաքննիչ Սարդարյանի որոշումը դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու մասին։ «Մի խումբ անձինք» արտահայտությունը լսելու ժամանակ դահլիճը, ուր հիմնականում «Զինվոր եւ իրավունք» կազմակերպության անդամներն էին, արձագանքեց։ Դատավորը «մի հատ վեր կաց»-ով դիմեց Ծիրանաձորում 1998-ին սպանված զինվոր Արթուր Հարությունյանի սեւազգեստ մորը՝ տիկին Էլյային։ Վերջինս չենթարկվեց դատավորի այսօրինակ կոչին, ինչի կապակցությամբ ընդմիջում հայտարարվեց։ «Իմ տղայի նման որդի կորցնողը ոտքի չի կանգնի»՝ չէր հանգստանում նա։ Ընդմիջման ժամանակ համալրում տեղի ունեցավ։ Ոստիկաններով։ Հիմա էլ մայրերը հարցնում էին. «Յուրաքանչյուր զոհվածի մորը քանի՞ միլիցիա է հասնում»։ Ինչեւէ, ինչպես նույն նախագահողը կասեր, ժամը 15։45-ին շարունակվեց «չակերտավոր նիստը»։ Դատավարության մասնակիցները դեմ արտահայտվեցին դատավարության կողմ դեռ չճանաչված Հայկ Ալումյանի միջնորդությանը, իսկ մեղադրող Գ. Ավետիսյանն ասաց, որ «Առանց Ալումյանի ներկայության նպատակահարմար չէ քննարկել սույն միջնորդությունը»։ Ի դեպ, լուսանկարում պատկերված եւ դահլիճ կոչվածի վարագույրի ետեւից ծիկրակող Խաչատուր Աբովյանն ավելի է ներկա եղել սույն «դատավարությանը», քան… նախագահին առընթեր… իրավապաշտպանը։ Պաշտպան Սոս Գրիգորյանը դիմեց դատարանին, թե արդյո՞ք իրենց գործողությունները ապարդյուն չեն անցնի, քանի որ տուժողները դատարան չեն գալիս։ Նա հարցրեց, թե արդյո՞ք դատարանը միջոցներ ձեռք է առել այդ կապակցությամբ։ Նախագահողը հայտնեց, որ տուժողներին պատշաճ ծանուցումներ է ուղարկվել եւ քանի որ երկու տուժողներ դատապարտյալներ են, նրանց համար էլ «էտապի որոշումներ» է կայացվել։ Նախագահողը տեղեկացրեց նաեւ, որ տուժող Կարեն Անտոնյանի ծանուցագիրն էլ հետ է եկել, քանի որ հայտնվել էր, որ նա «նշված հասցեում չի բնակվում»։ Մի հասցե, որը «գործել» է նախաքննության փուլում… Դժվար վիճակում էր հայտնվել դատավորը։ Նա խոստովանեց, որ շարունակական միջնորդությունները թույլ չեն տալիս առաջ ընթանալ։ Դատավորն այնքան «անկեղծացավ», որ խոստովանեց, որ չգիտի, թե ովքեր են դատարանի առաջ կանգնած։ Հիշեցնեմ, որ նա ճշտել է ընդամենը 4 ամբաստանյալներից 1-ի՝ Արշակ Մանուկյանի ինքնությունը… Պաշտպանները (բացառությամբ Հրաչիկ Իսաջանյանի) միացան Լիպարիտ Սիմոնյանի հաջորդ միջնորդությանը. «Դադարեցնել դատաքննությունը եւ համաձայն ՀՀ քրդատօրի 291 հոդվածի՝ հնարավորություն տալ կողմերին դատաքննության նախապատրաստական փուլում միջնորդություններ ներկայացնելու»։ Ուշագրավ էր պաշտպան Սոս Գրիգորյանի՝ իր գործընկերոջը միանալու փաստարկը։ Նա հայտնեց, որ մեղսագրված արարքը կատարվել է Ղարաբաղում, որտեղ 10-ամյակի կապակցությամբ համաներում է կիրառվել։ Եվ իր պաշտպանյալը՝ Միշա Մեջլումյանը, ընկնում է, փաստորեն, այդ համաներման տակ… Երբ դատարանը մերժեց այս միջնորդությունը եւս, հետեւեց դատավորին բացարկ հայտնելու միջնորդությունը։ Այն արեց ամբաստանյալ Արտակ Նիկողոսյանի պաշտպանը։ «Այստեղ կարող է լինել 2 կարծիք. կամ դուք պատշաճ դատավոր չեք, չեք տիրապետում ՀՀ քրդատօրին, կամ էլ ուղղակիորեն շահագրգռված եք սույն գործի ելքով»։ Պաշտպանը մեղադրում էր դատավորին, որ նա գործը վարույթ ընդունելով՝ այդ մասին տեղյակ չի պահել դատավարության կողմերին, եւ իրենք զրկված են եղել քրդատօրի 291 հոդվածի կարգով միջնորդություններ անելու հնարավորությունից։ Բացարկին դեմ արտահայտվեց միայն մեղադրողը։ Պաշտպաններն ու ամբաստանյալները կողմ էին։ Բացարկը մերժվեց։ Երբ մութ դահլիճում լույս քաշվեց, դահլիճը զգացնել տվեց անպատրաստ լինելու մասին։ Սկսեց աղմուկը։ Մեղադրող Գ. Ավետիսյանը միջնորդեց նիստն անցկացնել թիվ 1 մեկուսարանում։ Միջնորդությունը բավարարվեց։ Տարօրինակ էր, որ Հայկ Ալումյանի նույնաբովանդակ միջնորդությունը չէր բավարարվել, պատճառաբանությամբ, թե տուժողներն ու ներկայացուցիչները բացակա են, սակայն այս դեպքում տուժողների մասին մոռացվեց։ Դատարանն առաջվա նման ցուրտ է, իսկ ժամը 16-ին այնքան մութ էր, որ չէինք տեսնում, թե ով է եւ ինչ է խոսում։ Ինչպես ամբաստանյալ Ա. Մանուկյանն ասաց, առանց դատավճռի մահապատիժ էր իրականացվում։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել