Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկատների մասին տարածված պատկերացումները սովորաբար կապված են սարսափելի երևույթների հետ՝ թշվառություն, բռնություն, միայնություն, լքվածություն…սակայն իրականությունն այլ է. բուլղարացի գրող Էմանուիլ Վիդինսկի

Հոկտեմբեր 05,2026 11:50 Share
Աջակցեք aravot.am-ին

ԵՄ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի՝ ± 16 խորագրով նախագծի շրջանակներում ԷՋ հրատարակչությունը հրատարակել է բուլղարացի գրող Էմանուիլ Վիդինսկիի «Նորեկների տունը» պատանեկան վեպը։

Գրքում 13-ամյա բուլղարացի պատանին հայտնվում է գերմանական մանկատանը, որտեղ գոյատևելու համար պետք է յուրացնի տեղի չգրված օրենքները, վաստակի մյուսների հարգանքն ու գտնի իր տեղը։ Վիդինսկին վարպետորեն միահյուսում է հումորը, պատանեկան արկածը, մելոմանիան ու նոստալգիան՝ ստեղծելով հասունացման ինքնակենսագրական տպավորիչ վեպ, որը մեզ տանում է ոչ միայն հետ՝ դեպի 90-ականներ, այլ առաջ՝ դեպի Տուն։

Aravot.am-ը ներկայացնում է մատենաշարում ընդգրկված «Նորեկների տունը» վեպի հեղինակ, Էմանուիլ Վիդինսկիի հետ հարցազրույցը, որը ներկա էր գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսին, որը կայացավ աշնանը՝ Գրքի Երևանյան փառատոնի շրջանակներում։

-«Նորեկների տունը» վեպը մեզ տեղափոխում է մանկատանը մեծացող երեխաների աշխարհ՝ մի «տուն», որը միաժամանակ բաժանման, կանոնների և անորոշության վայր է։ Ի՞նչը դարձավ այս պատմությունը գրելու մեկնակետը, և ի՞նչ էիք ցանկանում բացահայտել այդ երեխաների կյանքի միջոցով։

-Նման հաստատությունում ընթացող կյանքը հաճախ թաքնված է մնում հասարակության մյուս հատվածից։ Այդ պատճառով էլ մանկատների մասին տարածված պատկերացումները սովորաբար կապված են սարսափելի երևույթների հետ՝ թշվառություն, բռնություն, միայնություն, լքվածություն… սակայն իրականությունն այլ է։ Քանի որ ես ինքս մի քանի տարի անցկացրել եմ նման հաստատությունում՝ ընդ որում՝ դեռահասության ամենավճռորոշ շրջանում՝ 13-ից 16 տարեկանում, որոշեցի պատմել այնտեղ հանդիպածս հետաքրքիր մարդկանց մասին։ Ցանկանում էի ցույց տալ, որ չնայած մեր ծագման բազմազանությանը (հաստատությունում ապրում էին ոչ միայն գերմանացի, այլև չինացի, բոսնիացի, ռումինացի և այլ ազգության երեխաներ), դեռահասության այդ բուռն տարիներին երեխաների մեծ մասին հուզում են նույն հարցերը, նույնիսկ եթե մենք դրանց լուծումը տարբեր կերպ ենք գտնում։ Սա գիրք է մեծանալու, աշխարհն ընկալելու և միաժամանակ ինքդ քեզ բացահայտելու, ընկերության և սիրո առաջին զգացումների, սեռական հասունացման, ինչպես նաև այն մասին, թե ինչպես ենք սովորում կողմնորոշվել աշխարհում և գտնել մեր տեղը դրանում։

-Վեպի հերոս երեխաները աստիճանաբար ձևավորում են ընկերության, միայնության, պատկանելության զգացման և հաստատությունից դուրս գտնվող աշխարհի վերաբերյալ իրենց սեփական պատկերացումները։ Ինչպե՞ս մոտեցաք այն երեխաների տեսանկյունից գրելու խնդրին, որոնց համար «տուն» հասկացությունը արմատապես տարբերվում է ընթերցողների մեծ մասի պատկերացումներից։

-Ես գրում էի՝ հիմնվելով 13 տարեկան հասակում ունեցածս ապրումների վրա։ Երբ սկսեցի վերհիշել անցյալը, պատմություններն անընդհատ ավելանում էին։ Մի պահ ստիպված էի զսպել դրանք, որպեսզի գիրքը չծանրաբեռնվեր, իսկ վեպի կառուցվածքը չխաթարվեր։ Թեև պատմությունը կենտրոնացած է դեռահասների վրա, այս գրքի գլխավոր հերոսը, ըստ էության, հենց Տունն է։ Այն վայրը, որտեղ մենք հասունացանք, որտեղ լացեցինք ու ծիծաղեցինք, և որտեղ սովորեցինք ինքներս մեզ գտնելու ճանապարհը։

–Ի՞նչ է նշանակություն ունի ձեզ համար «Նորեկների տունը» վեպի հրատարակումը Հայաստանում, և արդյոք կարծում եք, որ հայկական համատեքստը կարող է յուրահատուկ հնչեղություն հաղորդել պատմությանը։

-Գրքի՝ հայերեն լույս տեսնելն ինձ համար անչափ հուզիչ է։ Պարզապես այն միտքը, որ Հայաստանում ինչ-որ մեկը կնստի իր տանը՝ շրջապատված իրեն հարազատ իրերով, իրեն հարազատ միջավայրում, և միևնույն ժամանակ կտեղափոխվի իմ երևակայության ու հիշողությունների աշխարհ՝ իմ այդ միկրոաշխարհը, որը, այնուամենայնիվ, լի է համամարդկային հարցադրումներով, ինձ անսահման ուրախությամբ է լցնում։

-Թեև վեպը կենտրոնացած է երեխաների և նրանց ապրումների վրա, այն նաև անդրադառնում է հիշողության, կորստի, ինքնության և այն հարցերին, թե ինչպես են հաստատությունները ձևավորում մարդու կյանքը։ Արդյոք փոխվե՞լ է այդ թեմաների վերաբերյալ ձեր ընկալումը գիրքը գրելուց ի վեր։

-Բուն գրելու գործընթացը փոխեց ինձ։ Ես գիտակցեցի, թե որքան է իմ այսօրվա ես-ը ձևավորվել հենց այն ժամանակ՝ այդ «Տան» պատերի ներսում։ Օրինակ՝ ես երբեք խնդիր չեմ ունեցել «տարբերությունների» հետ՝ անկախ դրա բնույթից՝ լինի դա էթնիկ, սեռական, էսթետիկ, թե այլ։ Ինձ համար «այլը»՝ նույնիսկ տարբեր լինելու դեպքում, սպառնալիք չէ, այլ այն աշխարհի գունեղ մի մասնիկը, որում մենք միասին ենք ապրում։ Հենց կյանքիս այդ շրջանն ինձ սովորեցրեց դա, թեև լիարժեք գիտակցեցի միայն վեպը գրելիս։

Հասկացա նաև, որ հիշողությունը մկան է, որը պետք է մարզել։ Եթե լարեք այն և աշխատեք դրա վրա, կբացահայտեք հիշողությունների մի ամբողջ օվկիանոս, որի գոյության մասին նույնիսկ չէիք էլ կռահում։ Մեկ հիշողությունը պարզապես արթնացնում է մյուսը, և այդ թելը կարող է անչափ երկար ձգվել։ Իհարկե, ոչ բոլորն են ցանկանում հիշել։ Բայց եթե ցանկանում ենք, պարզապես պետք է փորձենք։ Հիշողությունը շատ թանկ բան է։ Մի օր այն կհեռանա այս աշխարհից մեզ հետ միասին՝ մեր բոլոր հիշողությունները՝ լինեն դրանք բացահայտ թե թաքնված, յուրաքանչյուր փոքրիկ պահ՝ աննշանից մինչև էականը։ Եվ այդ կորստի միտքն ինձ սարսափեցնում է։ Ահա թե ինչու ցանկացա այս էջերում ամփոփել կոնկրետ մի վայրի և կոնկրետ մի ժամանակահատվածի հետ կապված իմ սեփական հուշերը՝ մի ամբողջ դարաշրջան, որը թվում է մտերիմ, սակայն իրականում անսահման հեռու է մնացել՝ թե՛ մթնոլորտի, թե՛ մտածելակերպի և թե՛ նյութական կեցության առումով… այսօր ամեն ինչ այլ է։

-«Նորեկների տունը» վերնագիրն իր մեջ որոշակի հեգնանք է պարունակում. «տուն» կոչվող վայրն իրականում հաստատություն է, և երեխաները պետք է սովորեն ապրել այնտեղ ու միմյանց հետ։ Ինչպե՞ս ընտրեցիք այս վերնագիրը, և ի՞նչ իմաստ ունի «տուն» բառը վեպի աշխարհում։

-Մի կողմից՝ դա պարզապես բառացի օգտագործվող եզրույթ է՝ ուղղիչ հաստատություն, մանկատուն և այլն, թե՛ գերմաներենում, թե՛ բուլղարերենում։ Միևնույն ժամանակ, այդ վայրը մեզանից շատերի համար իսկապես «Տուն» դարձավ։ Մենք սիրեցինք այն, կարոտեցինք և հիշում ենք։ Մենք մեծ ընտանիքի պես էինք, որտեղ ոչ ամեն ինչ էր կատարյալ՝ ինչպես ցանկացած ընտանիքում, հատկապես՝ այդքան մեծաքանակ։

Ուստի, այն տուն է բառի երկու իմաստով էլ՝ որպես հաստատություն, ֆիզիկական շինություն և որպես վայր, որտեղ մեզ ընդունված ու ներառված էինք զգում։ Ինչ վերաբերում է «նորեկներին», ապա մենք բոլորս կյանքում նորեկներ էինք՝ ամեն ինչ սովորելու գործընթացում։ Մենք միասին անցանք բացահայտումների և հասունացման այդ ճանապարհը։ Եվ դա մեզ համար միաժամանակ դժվար էլ էր, հեշտ էլ։ Բայց, անշուշտ, անմոռանալի էր։

Զրուցեց Սամվել Դանիելյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել