Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՐՊԵՍ ՀԱՅ ԵՎ ԱՐՎԱՄՈԼ»

Մարտ 01,2002 00:00

«ՈՐՊԵՍ ՀԱՅ ԵՎ ԱՐՎԱՄՈԼ» Ֆրանսիայի հայ արվամոլների եւ լեսբուհիների ընկերակցությունը (AGLA) փետրվարի 23-ին բաց նամակով դիմել է Եվրախորհրդում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանին։ Այդ ընկերակցության նախագահ Միշա Մերուժյանի նամակում խորը մտահոգություն է հայտնվում այն իրողությամբ, որ 2001-ին Հայաստանում 7 արվամոլ է սպանվել (այս տեղեկությունն AGLA-ն քաղել է «Արմինֆոյին» Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանի հարցազրույցից եւ հավելյալ հաստատում ստացել «Երեւանի մամուլի ակումբի» ներկայացուցչի միջոցով)։ «Որպես հայ եւ արվամոլ, մենք անհանգստացած եւ մտահոգված ենք այս սարսափելի հանցագործություններով։ Եվ ուզում ենք ստանալ Ձեր հաստատումը, թե քննությունը լավ է ընթանում՝ այդ հանցագործությունները չեն մնա անպատիժ, եւ կբացահայտվեն դրանց իրական պատճառները,- գրում է ֆրանսահայ արվամոլների եւ լեսբուհիների նախագահը։- Այս առումով պիտի՞ հիշենք, որ 2001 թվականից Հայաստանը Եվրախորհրդի անդամ է»։ Միշա Մերուժյանը նաեւ բողոքում է, որ այդպես էլ չի փոփոխվում Հայաստանի Քրեական օրենսգրքի 116 հոդվածը (արվամոլություն՝ պատժվում է մինչեւ 5 տարի ժամանակով ազատազրկմամբ), որը նույնպես Եվրախորհրդի պահանջն է. «Մինչդեռ մենք ցավով նկատում ենք, որ այդ հոդվածը չի վերացվում՝ չնայած մեկ տարի առաջ Հայաստանի կառավարության տված խոստումներին։ Եվ անցած տարվա ողբերգական իրադարձություններն ապացուցում են, թե որքան արագ է հարկավոր շտկել իրավիճակը»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել