Լրահոս
Օրվա լրահոսը

Միավորագիր

Մարտ 02,2002 00:00

Միավորագիր «Նոր ուղու» այսօրվա անելիքը, որը կմիավորի մեզ ու կդառնա ելք՝ վիճակից։ Պաշտպանված քաղաքացի, զարգացող հասարակություն, հարեւան ժողովուրդների հետ լիարժեք համակեցություն։ Մեր ներկան դարձել է անապագա։ Մարդիկ չեն հավատում Հայաստանում նկատելի դրական փոփոխություններին. նրանք կա՛մ արտագաղթում են Հայաստանից, կա՛մ միայն դժգոհում են։ Այո՛, Հայաստանում համապարփակ ճգնաժամ է, իսկ ճգնաժամերն են, որ ստիպում են խելամիտ գործել։ Այսօր քաղաքական ուժերի առաջնահերթ խնդիրը պետական կարգի կատարելագործումը չէ, այլ Հայաստանի կառավարման բնույթը փոխելը։ Օգնենք ժողովրդին՝ վերականգնելու կորսված ինքնիշխանությունը։ Անհրաժեշտ է նախ եւ առաջ Հայաստանի ժողովրդին վերադարձնել Սահմանադրությամբ իրեն պատկանող իշխանությունը. տեղական ինքնակառավարման մարմինների, Ազգային ժողովի ու ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններում ժողովուրդը պետք է իրականացնի իր իշխանությունը, ազատ ընտրի իր թաղապետին ու ավագանուն, պատգամավորին ու նախագահին, որ իշխանությունը բոլոր մակարդակներում լինի օրինական։ Ոչինչ չի ստացվի, եթե չվերականգնենք ընտրական համակարգը ու առաջիկա ընտրություններում չգործարկենք այն: Ժողովրդի վստահության քվեն ստացած օրինական իշխանությունը որպեսզի կարողանա ապահովել հայաստանցու պաշտպանվածությունը եւ հասարակական առաջադիմությունը, պետք է. – Նորմալ հարաբերություններ հաստատի հարեւանների հետ Հարեւան ժողովուրդների՝ ադրբեջանցիների, թուրքերի, վրացիների, իրանցիների հետ մեր հարաբերման կերպը պետք է փոխվի՝ թաքնված կամ բացահայտ հակամարտությունից արագ անցում պետք է կատարվի համապարփակ համագործակցության։ Բանուկ պիտի դառնան միջպետական բոլոր ճանապարհները եւ գործարկվեն բոլոր կոմունիկացիաները։ Տարածաշրջանում տնտեսական, քաղաքական, մարդկային լիարժեք հարաբերությունների հաստատման ճանապարհով միայն կունենանք կայուն՝ երաշխավորված ու երկարատեւ խաղաղություն, ապառազմականացվող հանրապետություն եւ կենդանացող տնտեսություն։ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ նոր համակեցության շրջանակներում է հնարավոր գտնել Ղարաբաղի խնդրի՝ կողմերին ընդունելի լուծումը, որի դեպքում որեւէ կողմ իրեն պարտված չի զգա: Սրա նախապայմանը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է: -Ապահովի դատաիրավական մարմինների արդար գործունեությունը Պետք է ձեւավորվի դատական այնպիսի համակարգ, որը կպաշտպանի մարդուն պետական մարմնի ու պաշտոնատար անձի կամայականությունից, մարդու իրավունքների եւ ազատությունների նկատմամբ այլոց ոտնձգություններից այնպես, որ յուրաքանչյուր գործով իրականացվի արդարադատություն՝ ղեկավարվելով անձի իրավունքի գերակայության սկզբունքով։ Սրա նախապայմանը իշխանության օրինականությունն է, քանի որ դատարաններն անկախ ու անկողմնակալ գործելու իրենց ուժն ստանում են օրինական ընտրված օրենսդիր ու գործադիր իշխանությունից։ Մեր առաջարկների իրագործումը բոլորի՝ հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների, քաղաքացիների այլ միավորումների եւ անհատների համագործակցության լայն դաշտ է ենթադրում, որին մենք, իհարկե, պատրաստ ենք։ Այս խնդիրների լուծման արդյունքում Հայաստանում ապրող մարդը կունենա գործելու ազատություն, իր ընտրած աշխատանքով, իր եւ իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակ ապահովելու իրական հնարավորություն։ Քանզի առանց պաշտպանվածության չկա բարոյականություն, առանց ժողովրդի ինքնիշխանության չկա հասարակական զարգացում: Հարեւան ժողովուրդների հետ համակեցության մակարդակը հասարակության հասունության վկայականն է ու մեր զարգացման գրավականը։ Բարեկա՛մ, 2002-2003թ.թ. Դուք թաղապետ, ավագանի, Ազգային ժողովի պատգամավոր ու ՀՀ նախագահ եք ընտրելու։ Ճիշտ ընտրելու համար այսօր կատարեք վիճակից՝ ելքի Ձեր ընտրությունը։ Եղեք «Նոր ուղու» ծրագրի պատվիրատուն։ Նոր ուղին դարձրեք Ձեր քաղաքական-հասարակական պատվերը կատարող կազմակերպությունը, որ միասին ապահովենք հասարակական առաջընթացը, որ ապրենք ժամանակակից մարդու՝ հայաստանցու լիարժեք կյանքով։ Ապագա ունենալու համար ապրել է պետք։ ԱՇՈՏ ԲԼԵՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել