Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱԽՏՈՒՄՆԵՐՆ ԱՆՏԵՍՎԵՑԻՆ

Մարտ 02,2002 00:00

ԽԱԽՏՈՒՄՆԵՐՆ ԱՆՏԵՍՎԵՑԻՆ «Դատական չորս նիստերի ժամանակ ինձ ուղղակի ապշեցրին Երեւանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության առաջատար մասնագետ Գեւորգ Մհերյանի (պատասխանողի ներկայացուցիչ)՝ օրենքները յուրովի մեկնաբանելու «արտակարգ կարողությունները»։ Փաստերը, որոնք կհետաքրքրեն ոչ միայն իրավաբանությամբ եւ օրենսդրությամբ զբաղվողներին, մեջբերված են քաղաքապետարանի իրավաբանական վարչության կողմից իմ հայցադիմումին տրված գրավոր պատասխանից եւ այդ պատասխանի վերաբերյալ իմ գրավոր առարկություններից եւ հիմնավորումներից։ Իրավաբանական վարչության երեք էջանոց պատասխանում առկա 30-ից ավելի ուղղագրական եւ կետադրական սխալների մի մասը մեջբերումներում մնում են անփոփոխ։ Այսպես, ուրեմն՝ պատասխանող կողմը, վկայակոչելով ՀՀ նախագահի 06.05. 1997թ. «Երեւան քաղաքում պետական կառավարման մասին» ՆՀ-727 հրամանագրի 1.7. կետը, ինչը վկայակոչված է նաեւ իմ հայցադիմումի մեջ, կրկին փաստում է, որ «Երեւանի քաղաքապետի ներկայացմամբ Երեւանի քաղաքապետարանի կառուցվածքը եւ աշխատողների թվաքանակը հաստատում է ՀՀ վարչապետը», բայց անմիջապես հաջորդ տողում, գուցե մոռանալով վերոշարադրյալը կամ իմ հայցադիմումի փաստերը հերքելու բուռն ցանկությունից դրդված, կատարում է իրեն ձեռնտու մի շարք սխալ հետեւություն-մեկնաբանություններ։ Առաջին (մեջբերում եմ). «Ասվածից (այսինքն՝ ՀՀ նախագահի 1.7. կետից- Հ.Ս.) հետեւում է, որ Երեւանի քաղաքապետը իրավասու է իր նախաձեռնությամբ փոփոխություն կատարել քաղաքապետարանի կառուցվածքում եւ աշխատողների թվաքանակում եւ այդ փոփոխության վերաբերյալ ընդունած որոշումը (շեշտում եմ՝ ընդունած որոշումը- Հ. Ս.) ներկայացնել ՀՀ վարչապետի հաստատմանը»։ Իրավաբանական վարչությունը շփոթում է «առաջարկություն ներկայացնել» եւ «որոշում ընդունել» հասկացությունները՝ ՀՀ վարչապետին օրենքով տրված իրավունքը վերագրելով քաղաքապետին։ Եթե անգամ քաղաքապետը իրավասու լիներ քաղաքապետարանի կառուցվածքում եւ աշխատողների թվաքանակում փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշում ընդունել եւ ներկայացնել ՀՀ վարչապետի հաստատմանը, ապա փաստ է, որ քաղաքապետի 05.10.2001թ. հ. 1209 որոշումը հաստատված չի ՀՀ վարչապետի կողմից, ինչը հասկանալի պատճառներով չտեսնելու է տալիս պատասխանողը։ Երկրորդ (մեջբերում եմ). «Հետեւաբար Երեւանի քաղաքապետի 05.10.2001թ. «Երեւանի քաղաքապետարանի աշխատողների թվի կամ հաստիքների կրճատման կապակցությամբ առաջիկա ազատման մասին նախազգուշացնելու մասին» թիվ 1209 որոշման կայացման համար ամենեվին էլ անհրաժեշտ չէ որպիսզի լիներ ՀՀ վարչապետի համապատասխան որոշում»։ Եթե առաջին դեպքում քաղաքապետը փոփոխությունների վերաբերյալ ընդունած որոշումը գոնե պետք է ներկայացներ ՀՀ վարչապետի հաստատմանը, ապա այս դեպքում, ըստ պատասխանողի մեկնաբանության, ամենեւին էլ անհրաժեշտ չի, որ թիվ 1209 որոշման համար լիներ ՀՀ վարչապետի որոշումը, այսինքն՝ պատասխանող կողմն ինքն է սահմանում ՀՀ վարչապետի որոշումը անհրաժե՞շտ է, թե՞ անհրաժեշտ չի։ Ինքն իրեն հակասելով եւ ինքն իրեն հերքելով, առանց հիմքը (ամիս, օր, գրավոր կամ բանավոր) փաստելու՝ պատասխանողը նշում է միայն, որ ՀՀ վարչապետի հանձնարարական, այնուամենայնիվ, եղել է եւ «այդ հանձնարարականը Երեւանի քաղաքապետարանի մասով արտահայտվել է ՀՀ վարչապետի 01.12.2001թ. թիվ 836 որոշման մեջ, ըստ որի հաստատվել է Երեւանի քաղաքապետարանի նոր կառուցվածք եւ աշխատողների թվաքանակը՝ նախկին 252 աշխատողների փոխարեն սահմանելով 198 աշխատող»։ Պատասխանողի ներկայացուցիչ Գ. Մհերյանը, ցավոք, չի կռահել, որ ՀՀ վարչապետի վերոհիշյալ որոշումը ստանալու օրը պարզապես պիտի հեռագրեր ՀՀ վարչապետին, թե դեկտեմբերի 1-ի այդ որոշումը ստանալուց շուրջ 2 ամիս առաջ՝ հոկտեմբերի 5-ին, ինքը գիտեր, թե ինչ որոշում է կայացվելու, ինչ հանձնարարականներ են տրվելու այդ որոշման 4-րդ կետով, ուստի քաղաքապետարանում սկսվել ու ավարտվում են կրճատումների գործընթացը։ Նրան, իհարկե, խորհուրդ կտային չնշել, որ քաղաքապետարանի 252 աշխատողները 2 ամիս առաջ ոչ թե նախազգուշացվել, այլ զգուշացվել են ցուցակային ստորագրահավաքով, որ նրանց բոլորին աշխատանք է առաջարկվել ոչ թե ազատելու մասին նախազգուշացնելու հետ միաժամանակ, ինչը անհնար էր, այլ աշխատանքից ազատելու հետ միաժամանակ, որ հաշվի չեն առնվել ազատվող աշխատողների՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված երաշխիքները, աշխատանքում մնալու նախապատվության իրավունքը, որ արհմիության կոմիտեն բազմաթիվ աշխատողների համար աշխատանքից ազատելու մասին որոշում չի կայացրել, որ… ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐՈՅԱՆ Արդեն գրել ենք, որ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության տեսչական բաժնի պետի պաշտոնում վերականգնվելու եւ հարկադիր պարապուրդի վճարման պահանջի մասին Հ. Սարոյանի հայցադիմումը ընդդեմ քաղաքապետի՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը մերժեց։ Հ. Սարոյանը դիմելու է վերաքննիչ դատարան՝ վիճարկելու այս վճիռը։ Հարկ ենք համարում հավելել, որ թե դատարանում, թե լրագրողների հետ զրույցում պրն Սարոյանը տեղեկացրել է, որ իրեն աշխատանքից ազատելու իրական պատճառը հաստիքի կրճատումը չէ։ Նրա ղեկավարած տեսչական բաժինը, որ ի պաշտոնե ուսումնասիրություններ է անցկացրել դպրոցներում, բազմաթիվ խախտումներ է արձանագրել, սակայն դրանց հիման վրա գրված զեկուցագրերին ինչ-ինչ պատճառներով վարչության ղեկավարությունը ընթացք չի տվել։ Մասնավորապես մեր ձեռքի տակ է թիվ 51 դպրոցին առնչվող զեկուցագիրը, որտեղ, խախտումները նշելուց զատ, առաջարկվում է նաեւ տնօրենին կարգապահական տույժի ենթարկել եւ դպրոցում ստուգումներ անցկացնել։ Այս եւ ըստ Հ. Սարոյանի շատ այլ նման զեկուցագրեր անարձագանք փոշոտվել են վարչության դարակներում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել