Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեւոր շարժիչ ուժ՝ համայնքային մակարդակով

Մարտ 08,2002 00:00

Հոգեւոր շարժիչ ուժ՝ համայնքային մակարդակով Խախտելով հայկական ավանդույթը, դեռ քառասուն օրը չբոլորած (ծննդյան 15-րդ օրում) «Համայնք եւ իրավունք» հասարակական կազմակերպությունը երեկ իր ողջ պերճանքով եւ թշվառությամբ ներկայացավ ազգիս «ոտնահարված» լրատվամիջոցներին հասարակության անունից հայտարարելու, որ մեզ սիրում է եւ պատրաստ է հանուն այդ սիրո Հունան Ավետիսյան դառնալ։ Բայց նախ՝ Օձի տարում, Կարիճի համաստեղության տակ ծնված Սամվել Մկրտչյանը՝ կազմակերպության նախագահը, ներկայացնելով իրենց ստեղծման նպատակը, ազդարարեց, որ «բոլոր իրավապաշտպանները միայն աղմկահարույց գործերով են զբաղվում, մենք աշխատելու ենք տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտպանել հասարակ քաղաքացիների, թոշակառուների շահերը»։ Սրանից անմիջապես հետո Սամվել Մկրտչյանը տեղական ինքնակառավարման մակարդակում վերլուծեց «Հայկական ժամանակ» թերթի խմբագրի դեմ հարուցված քրեական գործը՝ հանգելով հետեւյալ եզրակացությանը. «Ում պարզ չի, որ Հայկական ավիացիայի վարչությունում գումար է շորթվում. նրանց նկատմամբ պետք է քրեական գործ հարուցվի»։ «Ոտնահարված-պաշտպանվածներս» պատիվ ունեցանք նաեւ ծանոթանալու «նորաստեղծ» իրավապաշտպանների հայտարարությանը, որտեղ «հայ ժողովրդի ազգային միասնությունը, պետության հզորության հիմնաքարը հանդիսացող տեղական ինքնակառավարման մարմիների սոցիալական եւ իրավական համայնքների կայացումը, մատաղ սերնդի հայեցի ավանդական դաստիարակության ապահովումը, երիտասարդության շրջանում բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացումը եւ ռազմահայրենասիրական ոգու բարձրացումը», վերջիններիս հայտնաբերմամբ գտնվում է «ազգային, հոգեւոր-մշակութային, կրթական, գիտական եւ պատմական արժեքների, Հայ առաքելական եկեղեցու դերի բարձրացման եւ այլ հայապահպան ծրագրերի մշակման ու իրականացման» սուրբ ծիրում։ Հասարակական կազմակերպությունը հավանաբար շատ լուրջ եւ երկար մտածել ու գտել է, որ «Հայրենի պետության հզորացմանն ուղղված համալիր ծրագրերի իրականացման ճանապարհին անհրաժեշտ է համախմբել հայրենիքի ապագայով տոգորված առողջ եւ պետական մտածողությամբ ուժերին, այն դարձնելով հայրենի պետության եւ նրա հիմնաքարը հանդիսացող համայնքի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը նպաստող ծրագրերի մշակմանը եւ դրանց իրականացմանն ուղղված գործոն»։ Կազմակերպությունում կենտրոնացած հայկական միտքը փայլատակել է՝ վերոնշյալ նպատակի համար «անհրաժեշտ» գտնելով՝ «առավել վճռական քայլերով պայքարել սոցիալական ծայրահեղ շերտավորվածության դեմ, արմատապես վերագնահատելով հայրենիքի հանդեպ անձի պարտավորվածության չափանիշները, բարձրացնել հայ ազգի ներքին կազմակերպվածությունը։ …Ազգային ծրագրերի իրականացման ճանապարհով ժողովրդի մեջ վերստին արթնացնել հույսն ու հավատը ապագայի հանդեպ, ինչպես նաեւ հայրենի երկրում ապրելու եւ իր իրավունքների համար պայքարելու ձգտումը»։ Այսօրինակ փայլատակումն ավարտվում է կոչով. «ՀՀ բոլոր առողջ ուժերին՝ ցուցաբերել անսահման նվիրում վերջին տասնամյակում հայ ազգի ձեռքբերումներին՝ անկախության հռչակմանը, ազգային բանակի ստեղծմանը, պատմական հայկական տարածքների ազատագրմանը»։ «Համայնք եւ իրավունք» կազմակերպությունն այս ամենից հետո «խոսքի եւ գործի միասնության կարգախոսով» սպառնում է «լուրջ պայքար ծավալել բոլոր այն չինովնիկների եւ պաշտոնյաների դեմ, որոնց խոսքի եւ գործի անհամապատասխանությունը տանում է պետական իշխանության վարկաբեկմանը, համատարած անգործության եւ հիասթափության առաջացմանը, աղետալի չափերի հասնող արտագաղթի շարունակմանը»։ Այնուհետեւ հավաստում են, որ «մեր ազատատենչ նախնիների կամքով հայոց պետություն հռչակած եւ դարեր ի վեր ժառանգաբար փոխանցած Հայաստան կոչվող երկրի համար 21-րդ դարը հայրենի պետության հզորացման եւ ծաղկման հարյուրամյակ դարձնելու ձգտումը պետք է լինի հայ ժողովրդի հոգեւոր շարժիչ ուժը»։ Վերջում մեր կողմից ավելացնենք, «Պայքա՛ր, պայքա՛ր մինչեւ վերջ»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031