Լրահոս
Օրվա լրահոսը

Մեդալի երկու կողմը

Մարտ 08,2002 00:00

Մեդալի երկու կողմը Մեզանում հաճախ վճիռներ, որոշումներ են կայացնում (ԱրմենՏելի, ջրի խնդիրներում, սեփականաշնորհման հարցերում)՝ հետո միայն մտածում։ Ճիշտ հայտնի մուլտի հերոս Վին պինգվինիկի նման, որ անում էր՝ ինչ կամենար, հետո միայն հարցնում ծնողներին։ Այդուհանդերձ, շրջահայաց լուծման համար կա տարբերակ, երբ ՀԿ-ները անուղղակի մասնակցում են ՀՀ օրենքների ստեղծմանը՝ դրանց նախագծերը քննարկելիս։ Ու այլ հարց է, թե ի՞նչ չափով են ընդունվում կամ չեն ընդունվում նրանց առաջարկները։ «Սպառողների միությունն» օրերս քննարկեց «Աղետի գոտու որոշ կատեգորիայի բնակիչներին արտոնություններ տրամադրելու մասին», «Առեւտրի իրականացման վայրի մասին», «Վճարովի ճանապարհներ» ՀՀ օրենքների նախագծերը։ Հիշյալ 3 օրենքների խոցելի ու թերի կողմերը ներկայացրեց միության նախագահ Արմեն Պողոսյանը։ Իրավացիորեն նկատեց, որ եթե տուժած մարդկանց մասին է խոսքը, ապա օրենքը սոցիալական ուղղվածություն պետք է ունենար (նախատեսեր հարկային արտոնություններ կամ հավելավճարներ՝ նպաստների դեպքում)։ Մինչդեռ այստեղ շեշտը դրված է ինքնակամ, ապօրինի շինարարությունն օրինականացնելու վրա։ Անօրինականը երբեք չի կարող օրինական դառնալ։ Անօրինական կառույցների մեխանիզմը մեզանում քաջ հայտնի է (կառուցումը սկսում են շաբաթ օրը կամ ուրբաթ երեկոյան, հետագայում օրինականացնելու հույսով)։ Այս օրենքը կնպաստի մի կողմից քաղաքի այլանդակմանը, մյուս կողմից չինովնիկների փող դիզելուն։ Առաջին անգամը չէ, որ մեզանում օրենքը հարմարեցվում է մարդկանց։ Երկրորդ օրենքը խոցելի է նրանով, որ այն չի ենթադրում դրույթ, որով արգելվեր կրթօջախների, բուժհիմնարկների, հանգստի գոտիների շուրջ առեւտրի օբյեկտների (կրպակաշար, բաց առեւտուր, տոնավաճառ, շուկա) գտնվելը։ «Վճարովի ավտոմոբիլային ճանապարհներ» ՀՀ օրենքի ընդունումը Սպառողների միությունը գտնում է վաղաժամ, քանզի օրենքը ենթադրում է, որ մարդը կամ կազմակերպությունը կարող է դառնալ ճանապարհ տնօրինող (իրավունք է տրվում ճանապարհի վրա բարեկարգումներ անել) եւ դրա համար վարձ գանձել։ Չի բացառվում, որ կատարվեն ճանապարհի կոսմետիկ բարեկարգում եւ գործող պետական ճանապարհը գերծանրաբեռնվածության հետեւանքով հայտնվի առավել վատթար վիճակում։ Չնայած վերջինիս համար մեքենաների տեխնիկական զննության ժամանակ գանձվում է գումար, որը նպատակին չի ծառայում (այլապես այսքան անմխիթար չէին լինի մեր ավտոճանապարհներն ու չէին հիշվի միայն ընտրությունների ժամանակ)։ ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել