Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով է նա»

Մարտ 08,2002 00:00

«Ով է նա» Երգիչ Արթուր Գալստյանը առաջին անգամ պրոֆեսիոնալ բեմ բարձրացել է 1992-ի մայիսին, Մարզահամերգային համալիրում։ Առաջին ձայնագրված երգը եղել է դիսկո ոճում՝ «Ով է նա»-ն։ Մինչ օրս թողարկել է երկու ձայներիզ։ Հեղինակ է 9 տեսահոլովակի։ Հիմնականում աշխատում է ժամանակակից էստրադային ոճերում, փորձելով երգերում մտցնել հայկական ազգային երաժշտության տարրեր։ Առաջին կարգի շախմատիստ է, հոբբին կրակայրիչներ հավաքելն է։ Սիրում է ընթերցել հայ ժողովրդի պատմությանը վերաբերող գրականություն։ Շատ է ցանկանում, որ նկարահանվեն հայկական պատմական կինոնկարներ։ – Ավարտել ես ճարտարագիտական համալսարանը։ Ե՞րբ եւ ինչպե՞ս ընտրեցիր բեմն ու երգը։ – Դեռեւս դպրոցական տարիներից զբաղվում էի երաժշտությամբ։ Գրում էի երգեր եւ իմ ընկերների հետ հիմնադրած խմբով ելույթներ էի ունենում։ Դա՝ 1984-85թթ., իսկ մինչ այդ սովորել եմ դաշնամուրի ստուդիայում, հաճախել եմ նաեւ կիթառի եւ փողային գործիքների դասընթացների։ Դպրոցն ավարտելուց հետո շատ էի ուզում ընդունվել Կոնսերվատորիա, բայց նախնական պարտադիր կրթություն չունենալու պատճառով, բավականին բարձր գնահատականներով ընդունվեցի Ճարտարագիտական համալսարան, բայց, միեւնույն է, երաժշտությունն ինձ հանգիստ չէր թողնում։ 91-ին պատահականորեն հեռուստատեսային հայտարարությունից տեղեկանալով, որ նորաբաց «Արձագանք» ստուդիան հրավիրում է երիտասարդ շնորհալիների, ես իմ հեղինակային 3-4 երգերով ներկայացա ստուդիա եւ ընդունվեցի աշխատանքի, 1991-99թթ. աշխատեցի «Արձագանք» ստուդիայում, այնուհետեւ նախընտրեցի անհատական գործունեությունը։ – Երգերիդ թե՛ տեքստերի, թե՛ երաժշտության հեղինակը հիմնականում ինքդ ես։ Գո երգացանկում կա՞ն այնպիսի երգեր, որոնց հեղինակը դու չես։ – Դեռեւս դպրոցական տարիքում ես շատ էի սիրում Վիսոցկայա, Բոգոլյուբով հեղինակների «Սահմանապահի երգ» անվանումը կրող ստեղծագործությունը, որը ես հետագայում նորովի գործիքավորելով, ինքս էլ երգեցի։ Բացի դա, իմ երգացանկում կա եւս մի երգ՝ «Աշնան մեղեդի»-ն, որի խոսքերի հեղինակը Վ. Տերյանն է, իսկ երաժշտությունն իմն է։ – Գիտեմ, որ գրում ես նաեւ երգեր ուրիշների համար։ – Հիմնականում երգեր եմ գրել Արփինե Բեկջանյանի համար։ Վերջերս մի գեղեցիկ երգ էլ նվիրեցի Լիլիթ Կարապետյանին։ Ունեմ բազմաթիվ երգեր, որոնք կատարում են նորահայտ երգիչները եւ հուրախություն ինձ, իմ երգերով մասնակցում եւ հաղթում են տարբեր մրցույթ-փառատոներում։ Բացի դա, վերջին երկու տարում հեռարձակվող «Արձագանք շոու- 2001 եւ 2002»-ում հնչող երգերի մեծամասնության տեքստերի հայերեն տարբերակների հեղինակը կրկին ես եմ։ Գրում եմ նաեւ մանկական երգեր, որոնք, ի դեպ, շուտով կթողարկվեն «Արձագանք» ստուդիայում։ – Վերջերս զբաղվում ես նաեւ պրոդյուսերական գործունեությամբ։ – Ուզում եմ ստեղծել այնպիսի շոու, որը նոր շունչ կտա հայկական էստրադային եւ կհետաքրքրի ոչ միայն հայերին, այլ նաեւ օտար ազգերին եւ կունենա դաստիարակչական նշանակություն։ Նպատակը երգ-երաժշտության միջոցով մեր երիտասարդ սերնդին մոտեցնել հայկական երաժշտության ակունքներին։ Ըստ իս, երգերի թե՛ տեքստերը եւ թե՛ երաժշտությունը, անկախ երաժշտական ոճից, պետք է հայկական շունչ եւ ոգի պարունակեն։ Հիմա ես ավելի շատ զբաղվում եմ երիտասարդ երգիչներով եւ նպատակ ունեմ դուրս գալ ռուսական շուկա, քանզի, ցավոք, մեզանում չի գործում շոու-բիզնես հասկացությունը։ Նշեմ, որ շուտով կգործի մեր կենտրոնը, որտեղ կլինեն ձայնագրման ստուդիա եւ պրոդյուսերներ, որոնք կաշխատեն նորահայտ երգիչների հետ։ Ի դեպ, մեզ մոտ կգործեն տարբեր ճյուղեր եւ չի լինի տարիքային սահմանափակում։ – Խոսենք նաեւ առաջիկա ծրագրերիդ մասին՝ նոր ձայներիզ, մենահամերգ, հյուրախաղեր։ – Մինչ տարեվերջ կթողարկվի իմ երրորդ ձայներիզը, որտեղ տեղ կգտնեն թե՛ ժողովրդական հայտնի երգեր՝ նոր գործիքավորումներով եւ թե՛ բոլորովին նոր երգեր՝ գրված ժողովրդական երգերի մոտիվներով։ Կլինեն նաեւ երգեր զինվորական եւ սիրային թեմաներով։ Ի դեպ, նոր երգերից մեկի հիման վրա մտադիր եմ նաեւ տեսահոլովակ նկարահանել։ Առաջիկայում՝ մայիսից-սեպտեմբեր, պատրաստվում եմ մենահամերգների։ Ունեմ նաեւ արտերկրյա մի շարք հյուրախաղային հրավերներ։ ԳԱՅԱՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031