Լրահոս
Օրվա լրահոսը

Կասպարովի վստահ հաղթանակով

Մարտ 14,2002 00:00

Կասպարովի վստահ հաղթանակով Շախմատի՝ աշխարհում ամենահեղինակավոր մրցաշարը (20-րդ կարգ), որ 15 օր շարունակ ընթանում էր Իսպանիայի Լինարես քաղաքում, ավարտվեց աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովի համոզիչ հաղթանակով։ Վերջին՝ 14-րդ տուրում նա սեւերով հաղթեց Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովին եւ 12.0 հնարավորից վաստակելով 8.0 միավոր, անհասանելի դարձավ մոտակա մրցակցին՝ ՖԻԴԵ-ի վարկածով ներկայիս գործող չեմպիոն, ուկրաինացի 18-ամյա Ռուսլան Պոնոմարյովին։ Վերջինս, ի դեպ, եզրափակիչ տուրում սպիտակներով միավորը կիսեց հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ։ Խաղաղությամբ միմյանց հրաժեշտ տվեցին նաեւ Մայքլ Ադամսը (Անգլիա) եւ Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա)։ Այսպիսով, մրցաշարի ամփոփիչ աղյուսակն այսպիսի տեսք ունեցավ. 1. Գարրի Կասպարով (Ռուսաստան)՝ 8.0, 2. Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա)՝ 6,5, 3-5. Մայքլ Ադամս (Անգլիա), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) եւ Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)՝ 6.0-ական, 6. Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա)՝ 5.0, 7. Ալեքսեյ Շիրով (Իսպանիա)՝ 4,5 միավոր։ Միաժամանակ Ֆրանսիայի Կանն քաղաքում եզրագիծը հատեց մեկ այլ ներկայացուցչական (18-րդ կարգ) մրցաշար, որում հաղթող դարձան Վեսելին Տոպալովը (Բուլղարիա) եւ Բորիս Գելֆանդը (Իսրայել)։ Ի դեպ, նրանք ոչ միայն վաստակեցին 6.0-ական միավոր, այլեւ առաջին տեղը բաժանեցին բացարձակ հավասար լրացուցիչ ցուցանիշներով, մի բան, որ շախմատում խիստ հազվադեպ է պատահում։ Աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովը, որ մինչեւ վերջին տուրերը միանձնյա առաջատարն էր, վերջնամասում զիջեց դիրքերը եւ 4,5 միավորով բաժանեց 3-7-րդ տեղերը։ Մրցաշարային աղյուսակում գրոսմայստերները վերջնականապես դասավորվեցին հետեւյալ հաջորդականությամբ. 1-2. Բորիս Գելֆանդ (Իսրայել) եւ Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 6.0-ական, 3-7. Անատոլի Կարպով (Ռուսաստան), Եվգենի Բարեեւ (Ռուսաստան), Պետեր Լեկո (Հունգարիա), Էթյեն Բաքրո (Ֆրանսիա), Լորան Ֆրեսսինե (Ֆրանսիա)՝ 4,5-ական, 8-9. Ժոել Լոթյե (Ֆրանսիա) եւ Իգոր Նատաֆ (Ֆրանսիա)՝ 4.0-ական, 10. Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան)՝ 2,5։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել